EN

ԳՈՆՈՌԵԱ

Գոնոռեան ամենատարածված սեռավարակներից մեկն է, որի հարուցիչը գոնոկոկ բակտերիան է: Գլխավորապես բազմանալով լորձաթաղանթների վրա` գոնոկոկերն ախտահարում են մարդու միզասեռական համակարգը, ուղիղ աղիքը, արգանդի վզիկը, կոկորդը և աչքերը: Գոնոռեայով կարող են վարակվել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:

Փոխանցման ուղիները

Սեռավարակի տարածման դեպքերի մոտ 99%-ը կազմում է սեռական ճանապարհը, ընդ որում, հիմնականում փոխանցվում է հեշտոցային և հետանցքային սեռական չպաշտպանված հարաբերությունների դեպքում: Բերանային սեռական հարաբերությունը նույնպես կարող է վարակման պատճառ դառնալ: 

Կենցաղային իրերի, սպիտակեղենի, սրբիչի, հագուստի, սպասքի, զուգարանակոնքի և այլնի համատեղ օգտագործման դեպքում վարակը փոխանցումը քիչ հավանական է, որովհետև գոնոկոկերը մարդու օրգանիզմից դուրս երկար չեն գոյատևում: 

Արյան միջոցով վարակվելու հավանականությունը շատ աննշան է, քանի որ, ընկնելով արյան մեջ, գոնոկոկերը, որպես կանոն, անմիջապես մահանում են:

Ծննդաբերության ժամանակ գոնոռեան կարող է հիվանդ մորից փոխանցվել երեխային` ախտահարելով նորածնի աչքերը: Անհապաղ բուժում չստանալու դեպքում` գոնոռեան կարող է կուրության պատճառ դառնալ:

Ախտանշանները

Տղամարդկանց մոտ ախտանշանները ճանաչելը հեշտ է: Դրանք ի հայտ են գալիս վարակվելու պահից ամենաուշը 1 շաբաթ անց, իսկ երբեմն` հենց հաջորդ օրը: Վարակակրի մոտ առաջանում են տհաճ, ցավոտ զգացողություններ, միզածոր խողովակի և առնանդամի շրջանում սկսվում է քոր և այրոց, միզուկից տհաճ հոտով արտադրություն է նկատվում, այտուցվում, կարմրում է միզանցքը.

Կանանց մոտ ախտանշանները սովորաբար ավելի ուշ են ի հայտ գալիս կամ, առհասարակ, բացակայում են: Եթե անգամ նշաններն ակնհայտ են, դժվար է ճիշտ ախտորոշում կայացնելը. օրինակ, գոնոռեային բնորոշ դեղնասպիտակավուն հեշտոցային արտադրությունը հաճախ շփոթում են կանդիդոզի (կաթնասնկախտ), իսկ միզելիս նկատվող ցավերը` ցիստիտի հետ: Հետևաբար, ինքնուրույն ախտորոշում անելն ու ինքնաբուժությամբ զբաղվելն անթույլատրելի է: Դրանցով պետք է զբաղվեն միայն մասնագետները:

Բացի վերոնշյալներից` կանանց մոտ նկատվում են նաև այլ ախտանշաններ` ցավեր որովայնի ներքևի հատվածում, սեռական օրգանների քոր, հեշտոցային թարախանման արտադրություն, իսկ երբեմն` արյունոտ արտադրություն:

Աչքերի կամ կոկորդի ախտահարման դեպքում թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները`

ա) աչքերից եկող դեղնականաչավուն կամ դեղնասպիտակավուն թարախային արտադրություն, թարթիչների կպչունություն և այլն աչքերի գոնոռեայի դեպքում,

բ)լնդերի արյունահոսություն, բերանի տհաճ հոտ, բարձր թքարտադրություն, կոկորդային ցավեր, բերանի խոռոչի կարմրություն և այլն կոկորդի գոնոռեայի դեպքում:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին