EN

ՀԵՊԱՏԻՏ B

Հեպատիտը բազմապատճառ, տարածուն, քայքայիչ պրոցես է, որը բնորոշվում է լյարդի բորբոքմամբ, մեռուկներով և հյուսվածքների վրա կոշտ գոյացությունների ի հայտ գալով:Հեպատիտի առաջացման հիմնական պատճառներն են`

  1. վիրուսային վարակը, որն առաջացնում է չորս տեսակի հեպատիտներ.
  • վիրուսային A հեպատիտ,
  • վիրուսային B հեպատիտ,
  • վիրուսային C հեպատիտ,
  • վիրուսային D հեպատիտ,
  1. ալկոհոլի չարաշահումը,
  2. դեղամիջոցների և թունավոր քիմիական նութերի ներգործությունը,
  3. նյութափոխանակության ժառանգական շեղումները:

Ներկայումս վիրուսային վարակը համարվում է հեպատիտների առաջացման հիմնական պատճառը: Քրոնիկական հեպատիտը զարգանում է նախկինում կրած B և C (հազվադեպ` A և D) տեսակի վիրուսային հեպատիտներից հետո:

B ՀԵՊԱՏԻՏԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

B հեպատիտը լյարդի բորբոքային պրոցես է, որի պատճառը B տեսակի հեպատիտային վիրուսի ներթափանցումն է լյադի բջիջների մեջ: Թաքնված շրջանը կարող է տևել 45-160օր: Վարակը կարող է տևել 6 ամսից մի քանի տարի և, կախված մարդու ընդհանուր առողջական վիճակից և տարիքից, կարող է թեթև կամ ծանր ընթանալ: Այսպես, 95% մեծահասակների մոտ այն բավականին արագ է անցնում և միայն 5%-ի մոտ է քրոնիկական դառնում:

Բորբոքված բջիջները մահանում են, և նրանց տեղում առաջանում են կոշտ գոյացություններ: Առավել ծանր տեսակի B հեպատիտը կարող է առաջացնել լյարդի ցիրոզ:

Վարակի չափավոր ակտիվության դեպքում B հեպատիտը զարգանում է աստիճանաբար (մի քանի շաբաթից մի քանի ամիս), իսկ բարձր ակտիվության դեպքում սրացումները կարող են կրկնվել մի քանի անգամ:

Վարակի չափավոր ակտիվության դեպքում գերակայում են ցավային համախտանիշերը, իսկ բարձր ակտիվության դեպքում այս ամենին գումարվում են տենդը, դեղնախտը, հոդացավերը, այլ օրգանների ախտահարումը: Մարդն անընդհատ թուլություն, հոգնածություն է զգում, սկսում է արագ նիհարել:

Վարակակիրը հաճախ զգում է բութ ցավեր լյարդի շրջանում: Նկատվում են ձեռքի ափերի կարմրություն և մաշկի գույնի փոփոխություններ: Լյարդի չափսերը կարող են մեծանալ 5-7սմ:

Փոխանցման ուղիները

B հեպատիտը փոխանցվում է`

  1. վարակակրի հետ չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ,
  2. արյան և լորձաթաղանթի միջոցով վարակակրի հետ անմիջական շփման ժամանակ, ինչպես նաև ախտահարված գործիքներով դակում, դաջվածքներ, մատնահարդարում, ասեղնաբուժություն կատարելիս,
  3. ներերակային թմրամիջոցներ համատեղ օգտագործելիս, ինչպես նաև ներարկիչների բազմանգամյա օգտագործման դեպքում
  4. արյան փոխներարկման ժամանակ, չախտահարված ատամնաբուժական, գինեկոլո-գիական կամ այլ բժշկական գործիքների միջոցով,
  5. վարակակիր մորից պտղին անցնելով:

Կանխարգելումը և բուժումը

Մեր օրերում վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը վաղ տարիքից պատվաստում կատարելն է: 1984թ. սկսած հակահեպատիտային պատվաստումներ կատարվում են ավելի քան 100 երկրներում: Այս միջոցը թույլ է տալիս կանխարգելել վարակի հնարավոր կրկնությունները: Պատվաստումների արդյունավետության ցուցանիշը բավականին բարձ է: Վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ բուժում ստանալու նպատակով։ Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է հակավիրուսային դեղամիջոցների համակցված օգտագործումը: Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել բերանային, հեշտոցային և հետանցքային սեռական հարաբերությունների ժամանակ:

Հարկ է նաև հետևել անձնական հիգիենայի կանոններին` խուսափելով ածելիի, ատամի խոզանակի, սրբիչների, մատնահարդարմանև այլ պարագաների համատեղ օգտագործումից: Պետք է հիշել, որ B հեպատիտով հնարավոր չէ վարակվել ձեռքսեղմումներից, գրկախառնումներից: B տեսակի հեպատիտը չի կարող փոխանցվել օդակաթիլային ճանապարհով (խոսելիս, փռշտալիս, թքի միջոցով):

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին