EN

ՀԵՊԱՏԻՏ C

Հեպատիտը բազմապատճառ, տարածուն, քայքայիչ պրոցես է, որը բնորոշվում է լյարդի բորբոքմամբ, մեռուկներով և հյուսվածքների վրա կոշտ գոյացությունների ի հայտ գալով:

Հեպատիտի առաջացման հիմնական պատճառներն են`

  1. վիրուսային վարակը, որն առաջացնում է չորս տեսակի հեպատիտներ.
  • վիրուսային A հեպատիտ,
  • վիրուսային B հեպատիտ,
  • վիրուսային C հեպատիտ,
  • վիրուսային D հեպատիտ,
  1. ալկոհոլի չարաշահումը,
  2. դեղամիջոցների և թունավոր քիմիական նութերի ներգործությունը,
  3. նյութափոխանակության ժառանգական շեղումները:

Ներկայումս վիրուսային վարակը համարվում է հեպատիտների առաջացման հիմնական պատճառը: Քրոնիկական հեպատիտը զարգանում է նախկինում կրած B և C (հազվադեպ` A և D) տեսակի վիրուսային հեպատիտներից հետո:

C ՀԵՊԱՏԻՏԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Վարակի առաջացման պատճառը C տեսակի հեպատիտային վիրուսն է: Այն կարող է երկար ժամանակ թաքնված մնալ մարդու օրգանիզմում: C հեպատիտի ախտանշանները կարող են հանդես գալ վարակի ներթափանցումից 12-14 տարի հետո, որից հետո սկսվում է լյարդի ցիրոզ: Վարակի սուր տեսակը կարող է ունենալ ուժեղ կամ թույլ արտահայտված կլինիկական պատկեր` կախված վարակի փոխանցման ուղուց և օրգանիզմի առանձնահատկություններից: Բուժման բացակայության պայմաններում քրոնիկականի վերածվելու հաճախականությունը վարակակիրների մոտ բավականին բարձր է:

Փոխանցման ուղիները

C հեպատիտի վիրուսը հիմնականում փոխանցվում է արյան միջոցով: Առավել հաճախ վիրուսով վարակվում են արյան փոխներարկման ժամանակ, ինչպես նաև ներարկիչի բազմանգամյա օգտագործման դեպքում: Հաստատվել է, որ սենյակային ջերմաստիճանի դեպքում վիրուսը մինչև 4 օր կարող է գոյատևել արտաքին միջավայրում (օրինակ` արյան լերդացած կաթիլների մեջ):

Կարելի է նաև վարակվել չմանրէազերծված գործիքներով դակում և դաջվածք անելու դեպքում: Արտաքնապես միանգամայն առողջ թվացող մարդը կարող է լինել C հեպատիտի վիրուսակիր. այդ է պատճառը, որ վիրուսով հիմնականում վարակվում են չպաշտպանված պատահական սեռական հարաբերությունների ժամանակ:

C հեպատիտը հազվադեպ է վարակակիր մորից անցնում պտղին. վարակումը հնարավոր է ծննդաբերության ժամանակ: C տեսակի հեպատիտը չի կարող փոխանցվել օդակաթիլային ճանապարհով (խոսելիս, փռշտալիս, թքի միջոցով): Հարկ չկա վարակակրին մեկուսացնել ընտանիքից կամ շրջապատից, քանի որ C տեսակի հեպատիտը կարող է օրգանիզմ ներթափանցել միայն արյան (վնասվածքների, կտրվածքների դեպքում), և ոչ թե կենցաղային իրերի միջոցով: Այսպիսով, C հեպատիտով վարակվելու ռիսկային գոտում են հետևյալ անձինք.

  • ներերակային թմրամիջոցներ օգտագործողները,
  • նրանք, ովքեր հաճախ են կատարում արյան փոխներարկում,
  • լյադրի հիվանդություններ ունեցողները,
  • պատահական և չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցողները, ինչպես նաև վարակակիր զուգընկեր(ներ) ունեցողները,
  • բուժանձնակազմը,
  • վարակակիր մորից ծնված երեխաները:

Կանխարգելումը և բուժումը

Վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ բուժում ստանալու նպատակով։ Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է հակավիրուսային դեղամիջոցների համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված վարակի տեսակից::

Հարկ է նաև հետևել առողջ ապրելակերպի կանոններին, խուսափել անծանոթների հետ չպաշտպանված սեռական հարաբերություններից և ներերակային թմրամիջոցներ օգտագործելուց:

Խստիվ արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին