EN

ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)՝ վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ՝ երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչն է ՄԻԱՎ-ը: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)՝ հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ վարակակիր՝ մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՁԻԱՀ-ով հիվանդ՝ մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

ՄԻԱՎ-Ի ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈւՂԻՆԵՐԸ

ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն արյան և սերմնահեղուկի մեջ: Վարակված մարդուց առողջ մարդուն ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել`

1. արյան միջոցով,
2. սեռական ճանապարհով,
3. ՄԻԱՎ վարակակիր մորից երեխային:

Հնարավոր է վարակվել՝ չախտազերծված ներարկիչների միջոցով, առանց պահպանակի ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ, վարակակրի արյան` մյուսի օրգանիզմ ներթափանցման ժամանակ (վերքերի, խոցերի, լորձաթաղանթների միջոցով), արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ, վարակակիր մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և մայրական կաթով կերակրելիս: Հնարավոր չէ վարակվել` ձեռքով բարևելիս, ընկերական համբյուրների միջոցով, ընդհանուր սպասքի և սննդամթերքի միջոցով, ընդհանուր զուգարանից և բաղնիքից օգտվելիս, կենցաղային իրերի միջոցով, տնային կենդանիներ և թռչուններ խնամելիս կամ մոծակի և այլ միջատների խայթումից, հասարակական վայրեր, մարզադահլիճ, լողավազան և այլուր հաճախելիս: Արյան ճանապարհով վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, օրինակ վարակված արյան և նրա բաղադրանյութերի ներարկման դեպքում: Արյան ճանապարհով վիրուսը կարող է փոխանցվել նաև վերքի միջոցով` ուղղակիորեն արյան մեջ, կտրվածքի կամ վնասված մաշկի միջով, ինչպես նաև չմանրէազերծված ներարկիչ օգտագործելու դեպքում, վիրաբուժական ներթափանցող միջամտությունների ժամանակ: Սեռական ճանապարհով վարակումը հնարավոր է բոլոր տեսակի ներթափանցող չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ: Սեռավարակների կամ խոցային ախտահարումների առկայությունը ժ մի քանի անգամ բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը:

ՄԻԱՎ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է արյան մեջ, օրգանիզմում սկսվում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով մարդը սկսում է պայքարել վիրուսի դեմ: Իսկ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման հիմնական մեթոդն արյան շիճուկում այդ հակամարմինների հայտնաբերումն է: Սակայն, բանն այն է, որ արյան հետազոտությամբ հայտնաբերվելու համար բավարար քանակով հակամարմիններ վարակվածների 90-95%-ի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3 ամիս, 5-9%-ի մոտ` 6 ամիս հետո և 0,5-1%-ի մոտ` մինչև մեկ տարի անց («պատուհանի շրջանում»): Հետևաբար կասկածելի սեռական հարաբերություն ունենալուց հետո նպատակահարմար է ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվել մոտ երեք ամիս անց, այնուհետև պարբերաբար` մինչև մեկ տարի: ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական: Դրական պատասխանը նշանակում է մարդու մոտ հայտանբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչը վկայում է վարակվածության մասին, սակայն պետք է անցնել կրկնակի հետազոտություն: Բացասական պատասխանը նշանակում է մարդու օրգանիզմում չեն հայտանբերվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, սակայն հնարավոր է մարդը վարակված է ՄԻԱՎ-ով և գտնվում է «պատուհանի շրջանում»: Սակայն, ինչպիսինն էլ լինի հետազոտության արդյունքը, միևնույն է` օրենսդրական դաշտն ապահովում է լիակատար գաղտնիություն:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր ոք, այդ թվում նաև ՄԻԱՎ-ով վարակված անձիք, իրավունք ունեն պահանջել բժշկական գաղտնիության ապահովում: Մյուս կողմից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները «պարտավոր են ապահովել մարդու` բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը:

ՄԻԱՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջից ՄԻԱՎ-ով չվարակվելու համար սեռական հարաբերությունների ժամանակ անհրաժեշտ է պահպանակ օգտագործել: ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կարել է նվազեցնել նաև մեկ մշտական հավատարիմ զուգընկեր ունենալով: Ներերակային դեղամիջոցներ օգտագործելու դեպքում պետք է օգտագործվեն միայն մաքուր և մեկանգամյա ներարկիչներ: Դաջվածքներ անելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն ախտահարված սարքավորումներ և մեկանգամյա օգտագործման ասեղներ: Հայաստանում նաև հասանելի է նախակոնտակտային պրոֆիլակտիկան (PrEP), որի մասին տեղեկություններ մանրամասն կարել է ստանալ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից:
Ներկայումս գոյություն ունի հակառետրովիրուսային բուժում, որը հակառետրովիրուսային դեղամիջոցների միջոցով կասեցնում, դանդաղեցնում է մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի զարգացումը, հնարավորություն է տալիս երկարացնել ՄԻԱՎ վարակակրի կյանքը, հետաձգել ՄԻԱՎ վարակի վերջին փուլի զարգացումը և բարելավել կյանքի որակը:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին