EN

ՍԵՌԱԿԱՆ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ

Մարդու պապիլոմա վիրուսը սեռական օրգանների գորտնուկների (կոնդիլոմաների) և արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկն է:

Կոնդիլոմաներն ամենատարածված սեռավարակներից են: Մարդու օրգանիզմում կարող են բազմանալ ավելի քան 60 տեսակի պապիլոմա վիրուսներ, որոնք ունեն տարբեր կլինիկական դրսևորումներ, սակայն դրանք հիմնականում ախտահարում են միզասեռական օրգանները: Կանանց մոտ կարող է ախտահարվել արգանդի վզիկը:

Տարբերում են մի քանի տեսակի կոնդիլոմաներ`

  • սրածայր կոնդիլոմաներ,
  • տափակ կոնդիլոմաներ,
  • փոխակերպված (ներէպիթելային) կոնդիլոմաներ:

Սրածայր կոնդիլոմաները բարձրանում են մաշկից և լորձաթաղանթից վեր, ունեն սպիտակավուն կամ շագանակագույն փափուկ մակերես:

Տափակ կոնդիլոմաները ունեն տափակ կամ քիչ արտահայտված վահանակի ձև, և դրանց ախտորոշումը բավական դժվար է: Տափակ կոնդիլոմաներով վարակվածներն առանձին գանգատներ չեն ունենում, եթե օրգանիզմում առկա չէ մեկ այլ վարակ:

Փոխակերպված կոնդիլոմաները զարգանում են լորձաթաղանթի էպիթելային շերտից, դրա համար էլ կոչվում են ներէպիթելային: Հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Տեղակայվում են ամորձիների, հետանցքի և արգանդի վզիկի վրա:

Փոխանցման ուղիները

Մարդը կարող է գորտնուկներ ձեռք բերել դրանց հետ հպվելով: Այնուամենայնիվ, կոնդիլոմաների առաջացման հիմնական պատճառը վարակակրի հետ չպաշտպանված սեռական հարաբերություններն են:

Կանխարգելումը և բուժումը

Առաջին իսկ կասկածելի ախտանշանների դեպքում զուգընկերները պետք է դիմեն բժշկի: Բուժման ընթացքում պետք է դադարեցնել սեռական հարաբերությունները` վարակի հետագա ընթացքը կանխելու համար:

Չի կարելի սեղմել կամ տրորել գորտնուկները, քանի որ այս դեպքում ախտահարվում են մարմնի առողջ հատվածները ևս: Խստիվ արգելվում է զբաղվել ինքնաբուժմամբ:

Կոնդիլոմաների ժամանակ անհրաժեշտ է կիրառել դեղանյութեր, որոնք կանխում են բջիջների աճը: Բուժման ընթացքում կատարվում է բջջաբանական հետազոտություն: Ցանկալի արդյունք է տալիս նաև լազերային թերապիան:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին