Երևանի Անգլիական այգում 4 անծանոթ երիտասարդ տղաներ փորձեցին հարձակվել 11 հոգուց բաղկացած ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների խմբի վրա:

2019 թ. հունիսի 20-ին 21:00-21:30-ի սահմաններում Երևանի Անգլիական այգում 4 անծանոթ երիտասարդ տղաներ փորձեցին հարձակվել 11 հոգուց բաղկացած ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների խմբի վրա:
Ակտիվիստներից մեկը՝ Մ.Ս.-ն, նկատելով, որ երիտասարդներից մեկը մոտենում է իրենց, ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, հանում է պայուսակից էլեկտրաշոկը, պարզում դեպի վերև և ձայն արձակում: Այնուհետև խումբն ագրեսիվորեն զրույցի է բռնվում ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մինչ այդ երիտասրադներից մեկը ցանկանում է առանձնազրույց ունենալ ակտիվիստներից մեկ ուրիշի հետ: Երկու խմբերի միջև հնարավոր բախումը կանխելու նպատակով, Լիլիթ Մարտիրոսյանն անմիջապես ահազանգում է ոստիկանություն, և հաշված րոպեների ընթացքում ոստիկանական խումբը ժամանում է դեպքի վայր: Ոստիկանական խմբի ժամանումից հետո, ոստիկանների հորդորով, ԼԳԲՏ անձանց մեծամասնությունը լքում է այգու տարածքը: Ակտիվիստներից երկուսը՝ Մ.Ս.-ն և Լիլիթ Մարտիրոսյանը, ոստիկանների ուղեկցությամբ մոտենում են տղաների խմբին և փորձում են պարզաբանել իրավիճակը: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը որոշում է երիտասարդներին տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրավական աջակցություն է ցուցաբերել ԼԳԲՏ ակտիվիստներին: Մ.Ս.-ն և Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում: ԼԳԲՏ ակտիվիստները նշում են, որ տղաների կողմից ենթարկվել են ծաղրանքի՝ իրենց գենդերային ինքնության, ինքնաարտահայտման և ենթադրյալ սեռական կողմնորոշվածության պատճառով: Դեպքի առիթով ընթանում է հետաքննություն:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը իրականացնել թափանցիկ, արդար և անկողմնակալ քննություն:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աչալրջորեն կհետևի ոստիկանության աշխատանքին և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի գործի զարգացման վերաբերյալ։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին