«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում կազմակերպեց 3-րդ տրանս ճամբարը

2019 թ-ի հունիսի 17-19-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում կազմակերպեց 3-րդ տրանս ճամբարը։ Տրանս ճամբարի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ներկայացրեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները։ Մասնակիցները ներկայացան և ծանոթացան միմյանց հետ։ Նրանք սահմանեցին եռօրյա ճամբարի կանոնները և կիսվեցին իրենց ակնկալիքներով և վախերով ճամբարի վերաբերյալ։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ճամբարին հրավիրել էր գենդերային հարցերով միջազգային փորձագետ-դասընթացավարի։ Առաջին օրվա ընթացքում միջազգային փորձագետը անցկացրեց «Սեռականություն և գենդեր» թեմայով դասընթացը մասնակիցների հետ միասին։ Մասնակիցները ծանոթացան սեռականության հիմնական հասկացողությունների հետ, ինչպիսիք են՝ կենսաբանական սեռը, սեռական վարքագիծը, գենդերը, սեռական կողմորոշվածությունը, սովորեցին սեռական կողմնորոշվածության և գենդերի տեսակները։ Օրը շարունակվեց մարդու սեռականության և գենդերային ինքնության գիտական տեսությունների ակտիվ քննարկումով, իսկ այնուհետև փորձագետը ծանոթացրեց առաջնորդին բնորոշ հատկանիշներին։ Մասնակիցները սովորեցին առաջնորդի հմտություններն ու յուրահատկությունները։ Մասնակիցներից մեկի խոսքերով․ «Դասընթացը շատ հետաքրքիր էր, ինֆորմացիայի այսքան մեծ ծավալ ստանալ այսքան կարճ ժամանակահատվածում և կորցնել ժամանակի զգացողությունը ուղղակի ֆանտաստիկ էր, անգամ դպրոցական դասընթացներն այսքան հագեցած չեն, հուսամ նմանատիպ դասնթացները շարունակական բնույթ կկրեն»։ Մասնակիցներից մեկ ուրիշն էլ հայտնեց իր երախտագիտությունը՝ ասելով․ «Այս էլ երրորդ անգամ է «Իրավունքի Կողմ» ՀԿ-ն անցկացնում է Տրանս ճամբար՝ բարձրացնելով տրանս անձանց հիմնահարցերն ու խնդիրները ՀՀ-ում, համախմբում ԼԳԲՏԻՔ անձանց և ակտիվիստներին մեկ տանիքի տակ՝ իր վրա վերցնելով այդ ծանր բեռն ու պատասխանատվությունը»։ Մեկ ուրիշ մասնակից իր հերթին ասաց․ «Մեծ աջակցություն է նաև ՀՀ-ում ապրող բոլոր սեքս աշխատողների համար, բացի նրանից, որ դասընթացի ժամանակ շատ բան սովորեցինք, նաև կարողացանք կտրվել մեր առօրյա հոգսերից և խնդիրներից»։ Ճամբարի երկրորդ օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց հորմոնաթերապիայի և սեռափոխության մասին։ Նա նշեց, որ ՀՀ-ում չկան վերապատրաստված և հորմոնաթերապիայով զբաղվող հմուտ էնդոկրինոլոգներ, ինչը շատ ցավալի է։ Տարիներ շարունակ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ը բարձրացնում է այդ խնդիրները և առաջարկում լուծման տարբերակներ, բայց, ցավոք, այն մնում է անպատասխան Առողջապահության նախարարության կողմից։ Ծրագրերի համակարգող Վրեժ Վարժապետյանը խոսեց կիբեռանվտանգության և սոցիալական ցանցերից օգտվելու ապահով եղանակների մասին, ինչը բավականին արդիական էր ճամբարի բոլոր մասնակիցների համար։ Ծանոթանալով սոցիալական ցանցերից օգտվելու անվտանգ եղանակներին՝ մասնակիցները Վրեժին ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Նրա օգնությամբ մասնակիցները ստուգեցին, թե որքանով են ապահով իրենց սոցիալական ցանցերի գաղտնաբառերը, իսկ ավարտից հետո ստացան խորհրդատվություն, թե ինչպես ստեղծեն առավել ապահով գաղտնաբառեր։ Հաջորդ թեման վերաբերում էր սեռական առողջության պահպանմանը, որը վարեց առողջապահական ծրագրերի ղեկավար Դոռան։ Քննարկվեցին ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները, ինչպես նաև ծանոթացան ՄԻԱՎ-ի հայտնաբերման մեթոդների և կանխարգելման միջոցների հետ։ Կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավարը նշեց, որ մասնակիցներին կտրամադրվեն ՍՃՓՎ-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ համապատասխան կրթատեղեկատվական նյութեր, հետագայում նաև մասնակիցներին կտրամադրվեն ուղեգրեր ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնում հետազոտություն անցնելու համար։ Ապա աշխատանքային օրը շարունակեց ծրագրերի և քաղաքականության ղեկավար Ա․ Գևորգյանը, ով վարում էր «պետական մարմինների հետ շփման առանձնահատկություններ» թեման։ Նա մասնակիցներին ծանոթացրեց Սահմանադրության, իրավապաշտպան կառույցների, Մարդու իրավունքների պաշտպանի և դատական համակարգի, մասնակիցներին սովորեցրեց՝ ինչպես և որ դեպքերում գրել դիմումներ, բողոքներ, իսկ թեմայի ավարտին հորդորեց լինել օրինապահ և հպարտ քաղաքացի։ Մասնակիցների թվում կային նաև սեքս-աշխատողներ, որոնցից մի քանիսը կիսվեցին իրենց խնդիրներով, պատմեցին իրենց կյանքից սոցիալական և հոգեբանական լուրջ հետք թողած դեպքերից։ Զրույցն ընթացավ բավականին հուզումնալից։ Լիլիթ Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես են սեքս աշխատողները ենթարկվում բռնության, խարանի և խտրականության։ Ճամբարի վերջին օրը լի էր ինտերակտիվ խաղերով և թիմային քննարկումներով։ Օրվա վերջում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ճամբարի մասնակիցներին հանձնեց վկայականներ՝ ճամբարին մասնակցելու կապակցությամբ։ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ տրանս ճամբարը կկրի շարունակական բնույթ, քանի որ այն օժանդակում է համայնքի անդամներին միմյանց ճանաչելուն, համախմբում ԼԳԲՏ անձանց և ակտիվիստներին և օգնում ավելի ամուր ԼԳԲՏ համայնք ունենալ ամբողջ կովկասյան տարածաշրջանում։ Տեղեկացնենք, որ ճամբարը կազմակերպվել էր «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին