EN

Տրանսֆոբ օրինագիծ Հունգարիայի խորհրդարանում

Չնայած նրան, որ աշխարհն այժմ գտնվում է ծանր իրավիճակում, և թվում է, թե բոլորը համախմբված պետք է մտածեին տվյալ իրավիճակի լուծման արդյունավետ եղանակների արագ վերհանման մասին, Հունգարիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ համավարակի առիթն օգտագործում են իրենց խտրական մոտեցումներին իրավական ուժ տալու համար։

Այսպիսով, օրեր առաջ Հունգարիայի կառավարության նիստի ժամանակ քննարկվել է մի օրինագիծ, որն արգելում է տրանսգենդեր անձանց հասնել անձնագրային սեռի իրավական փոփոխության՝ հենվելով անձի գենդերային ինքնության վրա։

Սույն օրինագիծն արժանացել է թե՛ տեղական, թե՛ միջազգային իրավապաշտպանների և ընդդիմադիրների կոշտ արձագանքին։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Հունգարիայի խորհրդարանին չընդունել օրենքը, և նշել է, որ տվյալ օրինագիծը հակասում է մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային օրենսդրությանը:

«Տրանսգենդեր անձինք իրավունք ունեն սեռի իրավական ճանաչման՝ հիմնվելով իրենց գենդերային ինքնորոշման վրա: Սա էական քայլ է կյանքի բոլոր ոլորտներում նրանց՝ մարդու իրավունքների կիրարկումն ապահովելու համար: Գենդերի օրինական ճանաչումը մարդու արժանապատվության հարցն է», – նշել է նա իր՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

Հունգարիայում իրավապաշտպանները նույնպես քննադատել են օրինագիծը. «Սարսափելի է, որ կորոնավիրուսի ճգնաժամի ստվերի ներքո կառավարությունը պլանավորում է արգելել գենդերի օրինական ճանաչումը», – Agence France-Presse-ին ասաց Հունգարիայի ԼԳԲՏ դաշինքի խորհրդի անդամ Թամուս Դոմբոսը:

«Նման միջոցը մարդկանց կստիպի ապրել այնպիսի փաստաթղթերով, որոնք չեն համապատասխանում իրենց ինքնությանն ու արտաքին տեսքին … Դա նրանց դարձնում է խոցելի աշխատանքի տեղավորման, տան վարձակալության, ապրանքների և ծառայությունների հասանելիության և պետաիրավական ծառայություններից օգտվելիս», – հավելեց նա:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է սույն օրինագիծը և կոչ է անում Հունգարիայի կառավարությանը դադարեցնել տրանս անձանց իրավունքների ոտնահարումը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում պատեհապաշտ վերաբերմունք ցուցաբերելով:

Նշենք նաև, որ ՔԿԱԳ մարմինը ներկա օրենսդրության պայմաններում հարկադրում է անձին դիմելու սեռափոխության վիրահատության, որի պարագայում միայն հնարավոր է համարում սեռի փոփոխության գրանցումը, ինչը չի բխում ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածից, ըստ որի մարդը բարձրագույն արժեք է։ 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին