Հանրային հայտարարություն

Տրանսգենդեր անձանց տեսանելիության բարձրացման միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 31-ին։ Այս օրվա նպատակն է բարձրացնել տրանսգենդեր անձանց տեսանելիությունը և խոսել նրանց նկատմամբ տեղի ունեցող խտրականության մասին:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը իր գործունեության հինգ տարիների ընթացքում բազմիցս է բարձրացրել տրանսգենդեր անձանց տեսանելիությունը և կարիքները՝ նվազեցնելով խարանը և խտրականությունը տրանսգենդեր անձանց նկատմամբ:

Տրանս անձանց տեսանելիության օրվան ընդառաջ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպում է հանրային արշավ տրանսգենդեր անձանց տեսանելիությունը  բարձրացնելու համար:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում  տրանսգենդեր սեքս-աշխատողների հետ հարցազրույցների շարք, հասկանալու համար՝ ինչպես է ազդում  Կորոնավիրուսի համաճարակը նրանց կյանքի վրա․

  1. «Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, մինչև ամեն ինչ վերջանա։ Ծնողներիցս առանձին եմ ապրում ընտանիքիս կողմից չընդունված լինելու պատճառով և այժմ ես կանգնած եմ լուրջ խնդրի առաջ. ունեմ կուտակած պարտքեր, վարկ և մոտակա օրերին պետք է վճարեմ տան և կոմունալ վարձերը։ Ամեն օր տան տերը զանգում ու հիշեցնում է, որ չնայած նրան, որ աշխարհի վիճակը հիմա այնքան էլ լավ չէ, սակայն տան վարձը պետք է վճարել, ես էլ ստիպված ամեն օր խոստանում եմ, որ մի քանի օրից կվճարեմ, բայց չգիտեմ մինչև երբ․․․
    Եթե առաջ գոնե կարողանում էինք ապրել, հիմա մեկ ամիս է ինչ գոյատևում ենք, հաճախորդներ գրեթե չունենք, ընդունում ենք միայն ծայրահեղ դեպքերում, այն էլ հեռախոսով շատ երկար-բարակ զրուցելուց հետո, իսկ հաճախորդի գալուց հետո վախենում ենք անգամ, որ վարակվել ենք, բայց ուրիշ ապրելու հնարավորություն չունենք. թե՛ մենք, թե՛ հաճախորդները հավասարաչափ վախեցած ենք, և այդ պատճառով սեքս-աշխատանքով զբաղվող տրանս անձանց վիճակը հիմա ծայրահեղ ծանր է»,- տրանսգենդեր սեքս աշխատող՝ Ն․:
  1. «Ես վերադարձել  եմ ընտանիքիս մոտ, սակայն ամեն օր ստիպված եմ տանել հոգեբանական, ֆիզիկական և այլ տեսակի բռնություններ, որոնց այլևս անկարող եմ դիմանալ։ Մտածում եմ, եթե մի շաբաթ էլ այսպես շարունակվի՝ ուղղակի կփախչեմ տնից, ինչ լինում ա, թող լինի, ավելի լավ ա դուրսը քնեմ, քան թե էս ամեն ինչի միջով նորից անցնեմ»,- տրանսգենդեր կին՝ Ա․: 
  2. «Վերջերս եմ ծանր վիրահատություն տարել, դեռ չեմ կազդուրվել, ապրում եմ վարձով, միայնակ, արդեն յոթ տարի է ինչ բաժանվել եմ ընտանիքիցս և ապրում եմ քաղաքում, անցել եմ հորմոնաթերապիայի կուրսեր, որի գումարները աշխատել եմ սեքս աշխատանք կատարելով, այդ տարիներին բազմիցս եմ ենթարկվել դաժան բռնությունների, հալածանքների, սակայն սա իմ կյանքն է, ես ուզում եմ ապրել ինչպես բոլորը, շատ դժվար է այս պահին իմ կյանքը միայնակ, ոչ մի տեղ չեն ընդունում աշխատանքի, մի քանի անգամ փորձել եմ, սակայն ինձ ասել են դու այստեղ անելիքներ չունես,  այժմ ունեմ ընդամենը 10000 դրամ գումար, մնացած ամբողջ գումարս վճարել եմ վարձով բնակարանի մեկ ամսվա կացության համար, չգիտեմ որտեղից գումար պետք է գտնեմ, որ վճարեմ հաջորդ ամսվա վարձակալության գումարները, չգիտեմ ինչ պետք է գնեմ ուտելու համար, սակայն պետք է անկեղծանամ ու ասեմ, որ փողոցում եմ հայտնվելու, երբևէ ոչ մեկ չի առաջարկել ինձ օգնել, ինչ արել եմ՝ իմ սեփական ջանքերով եմ արել»,- տրանսգենդեր կին՝ Կ․: 
  3. «Իմ արտաքին տեսքի պատճառով ինձ բնակարան չէին տրամադրում, բոլորովին վերջերս եմ գտել բնակարան, այն էլ օրավարձով, եթե մեկ օր չվճարեմ վարձը, ինձ պարզապես կվռնդեն այս տնից, ամեն օրս անցկացնում եմ աղոթելով, որ աստված շուտ ազատի մեզ էս չարիքից, մի քանի օրից ստիպված եմ լինելու դրսում մուրացկանությամբ զբաղվել, որ ինձ սնունդ առնեմ, գոնե սովից չմեռնեմ»,— տրանսգենդեր կին՝ Լ․: 
  4. «Հաճախ փողոցում քայլելիս տեսնում եմ ընտանիքների, որոնք այնքան ջերմություն են տալիս միմյանց, հիշում եմ իմ մանկությունը, երբ մամաս ու պապաս ձեռքիցս բռնած զբոսնում էին այգիներով, ինչքան ուրախ հիշողություններ ունեմ, ցավոք այսօր չմնաց և ոչ մի բան այդ հիշողություններից, իրենք այլևս ինձ հետ չեն, ես միայնակ եմ հիմա ապրում՝ կտրված բոլորից և ամենքից, Երևան եմ տեղափոխվել շուրջ 5 տարի առաջ, ապրում եմ միայնակ, վարձով, սեքս աշխատանք եմ կատարում, որ ապրեմ, սովորում էի, սակայն թերի թողեցի՝ ինձ ծեծում, նվաստացնում էին, մի կերպ էի շարունակում, ինձ ստիպում էի ավարտեմ, վերցնեմ դիպլոմս ու կորեմ, բայց չկարողացա դիմանալ շարունակական բռնություններին, ծաղրանքներին ու հալածանքներին: Հիմա միակ ապրելուս միջոցը սեքս աշխատանք կատարելն է, ուզում եմ գումար աշխատել ու երկրից գնալ, ինձ այլևս այստեղ ոչ մի բան չի պահում, ես չունեմ պետություն, որն ինձ պաշտպանում է, օգնում է, ինձ ապահով չեմ զգում այստեղ, երազանքներիս մեջ կա ապրել հանգիստ, խաղաղ… դուրս եմ գալիս փողոց ինձ ծաղրում են, փողոցով քայլում եմ՝ ծաղրում են, հարևանները խտրականացնում են, այլևս անհնար է:
    Այս օրերին չգիտեմ ինչպես եմ շարունակելու ապրել այս տանը, աշխատանք չեմ կատարում, որ վարձակալության վճարը տամ, չկա և ոչ մեկը, ով կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից, չգիտեմ իմ վաղվա օրը»,- տրանսգենդեր սեքս աշխատող՝ Վ.:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև հիշեցնում է, որ տրանսգենդեր անձինք միշտ և բոլոր ժամանակներում գոյություն են ունեցել մեր հասարակության մեջ, իսկ ներկայիս ժամանակաշրջանի ոգուն համապատասխան՝ մեկ անգամ ևս կոչ է անում բոլոր համաքաղաքացիներին ցուցաբերել համերաշխություն և հարգանք սեռական և գենդերային փոքրամասնությունների նկատմամբ՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և իրավահավասարության հաստատմանը։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին