Հարձակում տրանսգենդեր կնոջ վրա Տաշիր պիցցայում

2020թ. փետրվարի 4-ին, ժամը 18։00-ի սահմաններում, ք. Երևան Հյուսիային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կենտրոնում տեղի է ունեցել հարձակում 4 տրանսգենդեր անձանց վրա, որի հետևանքով տրանսգենդեր կին Ա․Ք․-ն ստացել է մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ քթի երկկողմանի կոտրվածք։

Այդ օրը տրանսգենդեր անձինք ժամանելով «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն միանգամից նկատել էին իրենց սպասարկող աշխատակցի ոչ բարեհամբույր, անգամ խտրական վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ: Աշխատակիցը նրանց սպասարկում էր ծաղրական տոնով՝ կենտրոնացնելով մյուս հաճախորդների ուշադրությունը տրանսգենդեր կանանց վրա։

Տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը խնդրել է հաստատության մենեջերին, որ վերջինս կարգի հրավիրի էթիկայի նորմերից զուրկ մատուցողին, սակայն, անգամ դրանից հետո մատուցողը շարունակել է հեգնել ու վատ սպասարկել տրանսգենդեր կանանց, Ա․Ք․-ն անձամբ զգուշացրել է իրենց սպասարկող մատուցողին, որ նա իրեն կարգի հրավիրի, սակայն տրանսգենդեր կինն այդ զգուշացումից հետո արժանացել է վիրավորական վերաբերմունքի և հայհոյանքների տարափի, որից հետո մատուցողը հենց սրահում՝ մնացած հաճախորդների ներկայությամբ, հարվածներ է հասցրել Ա․Ք․-ին՝ կոտրելով նրա քիթը։ Ինչից հետո սրահում գտնվող հաճախորդները խրախուսել են մատուցողի անօրինական գործողություններն ու նույնպես ցուցաբերել անհանդուրժող և խտրական վարքագիծ տրանսգենդեր կանանց նկատմամբ։ 

Լիլիթ Մարտիրոսյանի ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և որոշում կայացրել բերման ենթարկել տրանսգենդեր կանանց և «Տաշիր պիցցա»-ի աշխատակցին կենտրոնի ոստիկանության բաժանմունք, որտեղ տուժած տրանսգենդեր կանայք ցուցմունք են տվել, որի հիման վրա սկսվել է նախաքննություն։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ատելության և խտրականության հիմքով հանցագործությունները և խոստանում հետամուտ լինել դեպքերի հետագա զարգացմանը և գործերի արդար քննությանը։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև կոչ է անում «Տաշիր պիցցա» պիցաների ցանցին վերանայել իրենց աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը և հաճախորդների հանդեպ ունեցած վերաբերմունքը և խստորեն պատժել նմանօրինակ վարքագիծ ունեցող աշխատակիցներին։ 

Դեպքերի հետագա զարգացմանը ծանոթանալու համար շարունակեք հետևել մեզ սոցիալական ցանցերում և մեր պաշտոնական կայքում։ 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին