EN

Մտահոգություն «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների կապակցությամբ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների կապակցությամբ, ըստ որի, այսուհետ բոլոր հասարակական կազմակերպությունները հաշվետվություն են ներկայացնելու իրենց՝ թե՛ հանրային, թե՛ մասնավոր կազմակերպություններից ստացած միջոցների առթիվ:

Մասնավորապես մտահոգիչ է, որ Հայաստանում ձևավորված ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժող մթնոլորտում իրականացված ծրագրերի, դոնոր կազմակերպությունների և այլ տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել ատելության մթնոլորտի տարածմանը և հանդիսանալ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, նրանց շահառուների և կամավորների նկատմամբ հետապնդումների նոր ալիքի պատճառ: Ավելորդ չէ նշել, որ անցած տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի՝ ՀՀ ԱԺ ելույթից հետո կազմակերպության նախագահի և ԼԳԲՏ անձանց նկատմամբ հրապարակայնորեն հնչեցին սպառնալիքի բազմաթիվ կոչեր, տեղի ունեցան ցույցեր և ատելություն սերմանող բազմաթիվ ելույթներ: Չնայած նրան, որ մեր կազմակերպությունն իր ծրագրերի և ստացած միջոցների մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում իր պաշտոնական կայքում, սակայն, այնպիսի հասարակական հարթակում, ինչպիսին է ՀՀ ՊԵԿ կայքը, հաշվետվություն ներկայացնելը կարող է մտահոգիչ լինել կազմակերպության անդամների և շահառուների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Ավելին, վերջերս մեր կազմակերպությունը նախապես ծրագրված իր միջոցառումը ստիպված եղավ հետաձգել և տեղափոխել այլ վայր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք անձինք տեղեկացել էին միջոցառման մասին և հրապարակավ սպառնալիքներ էին հնչեցնում կազմակերպության հասցեին, զուգահեռ նաև նշելով, թե մեր կազմակերպությունը փնտրում է ինչ-ինչ քաղաքական շահեր և ֆինանսավորվելով եվրոպական կամ այլ միջազգային կազմակերպություններից՝ հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ:

Այնինչ, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպություն է և նրա նպատակները չեն հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:

Կազմակերպության հիմնական առաքելությունը ԼԳԲՏ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է և նրանց՝ որպես հասարակության լիարժեք անդամների, ինտեգրումը հասարակությանը:

Ավելորդ չէ նշել, որ 2020թ. հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովն ընդունեց զեկույց, որտեղ ներկայացված են 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մոնիտորինգի ենթակա երկրներում կատարված մոնիտորինգային առաքելության արդյունքները, որի 3.2. կետում Վեհաժողովը մտահոգություն է հայտնում արդարադատության ոլորտում եղած մարտահրավերների վերաբերյալ՝ մասնավորապես անկախության, անկողմնակալության, ԼԳԲՏ անձանց և այլ փոքրամասնությունների հանդեպ հայ հասարակության շրջանում շարունակվող անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի հետ կապված:

Նման պայմաններում օրենքում ընդունված փոփոխությունները վտանգելու են ժողովրդավար հասարակությունում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անձանց իրավունքները և երաշխիք չկա, որ հաջողվելու է կանխել ատելության և սպառնալիքի դրսևորումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորում է՝

  • Նախաձեռնել արդեն իսկ ընդունված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի վերոգրյալ դրույթների փոփոխություն՝ հաշվի առնել սույն հայտարարության մեջ նշված մտահոգությունները:
  • Կազմակերպել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում, ինչը հնարավորություն կտա խուսափել անցանկալի հետևանքներից:

  • Ապահովել խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ ճնշումների բացառումը, իսկ այնուամենայնիվ օրենքի կիրառման դեպքում հասարակության տարբեր շերտերի կողմից ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ օրենքի կիրարկումից բխող հաշվետվությունների ներկայացման դեպքում ատելության, սպառնալիքների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրականացումը:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին