Վարորդի նվաստացնող վերաբերմունքը տրանսգենդեր կնոջ նկատմամբ

2019թ.-ի հունիսի 22-ին ժամը 22:00-ից 22:30-ի սահմաններում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը «Յանդեքս տաքսի» բջջային հավելվածի միջոցով պատվիրում է մեքենա: Լիլիթ Մարտիրոսյանին է մոտենում վարորդ Սահակյան Հովհաննեսը 35XU780 պետհամարանիշով Opel Astra մակնիշի մեքենայով: Արշակունյաց փողոցից նրանք ուղևորվում են դեպի Հանրապետության հրապարակ: Երթի ընթացքում վարորդը ճանաչում է Լիլիթին և ծաղրելով հարցնում, թե ով պետք է ծառայի իր փոխարեն ՀՀ զինված ուժերում, ապա ավելացնում է մեքենայի արագությունը և սկսում հայհոյել Լիլիթին: Լիլիթի բղավոցից և պահանջից հետո, երթը չավարտած՝ Լիլիթը ստիպված է լինում իջնել մեքենայից: Մեքենան կանգնեցնելուց հետո Լիլիթն ահազանգում է «Յանդեքս տաքսի» ծառայություն՝ իր բողոքը ներկայացնելու համար: Տեղեկացնենք նաև, որ Լիլիթ Մարտիրոսյանը նույն օրը միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում «Յանդեքս տաքսի» ծառայությանը ներդնել ներքին քաղաքականություններ խարանն ու խտրականությունը բացառելու և սպառողների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար: Փաստ է այն, որ Լիլիթ Մարտիրոսյանի Ազգային ժողովի ելույթից հետո մի շարք տրանս անձինք բազմիցս ենթարկվել են խտրական վերաբերմունքի իրենց գենդերային ինքնության համար: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ Ոստիկանությանը ձեռնամուխ լինել ներկայացված հաղորդումների թափանցիկ և օրինաչափ ընթացքին:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին