Տեղի ունեցավ «Տրանս ճամբար» 4-ը

2020թ․ մարտի 4-6-ը տեղի ունեցավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպվող 4-րդ «Տրանս ճամբարը», որը նախատեսված էր տրանս անձանց, նրանց ընտանիքի անդամների և տրանս անձանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների համար։

Դասընթացի նպատակն էր նպաստել տրանսգենդեր համայնքի կարողությունների զարգացմանը, քաղաքացիական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը, խթանել տրանս անձանց ընտանիքներում խարանի և խտրականության նվազեցումը:

Դասընթացի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, նա ողջունեց մասնակիցներին, իր երախտագիտությունը հայտնեց նրանց ներկա գտնվելու համար, հավատացրեց, որ դասընթացներից հետո մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, ակնկալիքներով և հեռանկարներով։ Լիլիթ Մարտիրոսյանն առանձնակի շեշտեց ճամբարին առաջին անգամ մասնակցող ծնողների կարևորությունը և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց երեխաներին աջակցելու համար, նա հույս հայտնեց, որ հաջորդ ճամբարին ավելի շատ ծնողներ ներկա կգտնվեն, ովքեր պատրաստ կլինեն պայքարելու Հայաստանում իրենց տրանս և ԼԳԲԻՔ երեխաների իրավունքների լիիրավ կիրարկման համար։

Ողջույնի խոսքից հետո մասնակիցները բուռն քննարկում ծավալեցին սեռականության փորձագետի հետ, ում օգնությամբ յուրացրին «Սեռականություն» թեման, ծանոթացան սեռականության հիմնական հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ կենսաբանական սեռը, սեռական վարքագիծը, գենդերը, սեռական կողմնորոշվածությունը, ծանոթացան սեռական կողմնորոշվածության և գենդերի տեսակներին, հիմնական թեմային զուգահեռ մասնակիցները սովորեցին ինչպես ձեռք բերել քննադատական մտածելակերպ, որպեսզի ցանկացած հարցին կարողանան տալ առավելագույնս ծանրակշիռ պատասխան, որը հիմնված կլինի սեփական, հանրային և միջազգային փորձի վրա։ Իսկ վերջում դասընթացավարը կազմակերպեց խաղ-վարժանք, որի ընթացքում մասնակիցները կարողացան բացահայտել իրենց ինքնության վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց երբևէ ուշադրություն չէին դարձրել, խաղը նպաստեց նաև մասնակիցների միջև սառույցի հալմանը և միջհամայնքային մերձեցմանը։

Օրվա ավարտին մասնակիցները դասընթացավարների և Լիլիթ Մարտիրոսյանի հետ ամփոփեցին և գնահատեցին ստացած գիտելիքները և իրենց առաջարկությունները ներկայացրին կրթական ընթացքն էլ ավելի նպաստավոր դարձնելու համար։

Երկրորդ աշխատանքային օրը սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ, մասնակիցներին հանձնարարված էր պատմել նախորդ օրվա թեմաներից ամենաազդեցիկ հատվածները, որը վերջիններս հաջողությամբ հաղթահարեցին։

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր մարդու իրավունքներին և քաղաքացիական ներգրավվածությանը։ Թեմայի շրջանակներում մասնակիցները զրուցեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, քննարկեցին ինչպես լինել ակտիվ և պատասխանատու քաղաքացի և նպաստել հավասար իրավունքների տարածմանը։ Թեման բուռն քննարկումների պատճառ դարձավ․ մասնակիցներին հուզող հարցերն արժանացան համապարփակ պատասխանի։

Օրվա երկրորդ կեսին մասնակիցները տեղեկացան, թե ինչպիսի անվճար կրթական հնարավորություններ կան ՀՀ-ում, ինչպես օգտվել այդ հնարավորություններից և ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրական ու մոտիվացիոն նամակ։ Մասնակիցները խաղացին դերային խաղ, որի ընթացքում նրանք ԻԿՀԿ թիմին ներկայացրին իրենց ինքնակենսագրականներն ու մոտիվացիոն նամակները և հարցազրույցի հրավիրվեցին մտացածին աշխատանքի ընդունվելու համար։ Յուրաքանչյուր մասնակցի հարցազրույցից հետո դասընթացավարները նշեցին, թե տվյալ մասնակիցը ինչ սխալներ է թույլ տվել ինքնակենսագրականը կազմելիս և հարցազրույցի ընթացքում, որպեսզի աշխատանքի ընդունվելիս նրանք խուսափեն այդ սխալները կրկնելուց։

Երկրորդ աշխատանքային օրը թերևս երեք աշխատանքային օրերից ամենաէմոցիոնալն էր. խոսում էին տրանս և ԼԳԲԻՔ անձանց ծնողները։ Այս քննարկման ընթացքում ծնողները պատմեցին իրենց տրանս և ԼԳԲԻՔ երեխաների պատմությունը, թե ինչպես են նրանք իմացել այդ մասին, ինչպես են արձագանքել և այժմ ինչպիսի հարաբերություններ ունեն իրենց երեխաների հետ։ Սա մի հարթակ էր, որի ընթացքում ծնողներն ու երեխաները կարողացան արտահայտել սրտում կարծրացած հարցերը, իրենց զգացմունքներն ու ապրումները, յուրաքանչյուր խոսքի ամփոփումից հետո ծնողները մեծ ոգևորությամբ գրկախառնվում էին իրենց երեխաների հետ և միմյանց գովասանքի խոսքեր ասում։

Երկրորդ օրը Լիլիթ Մարտիրոսյանը նախատեսել էր պանել-քննարկում, որի ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հորմոնաթերապիայի, սեռափոխության և սեքս աշխատանքի իրավական կարգավորումների վերաբերյալ։

Երրորդ օրը նույնպես սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ, այնուհետև նախատեսված էր «Տրանս ակտիվիզմի վիճակը Հայաստանում» թեմայով քննարկում, որը վարում էր տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց իր և ԻԿՀԿ թիմում աշխատող այլ ԼԳԲՏ ակտիվիստների անցած ուղղին, հետագա քայլերը և խրախուսեց նոր ակտիվիստների հավաքագրումն ու ներգրավումը կարողությունների զարգացման և իրավունքների պաշտպանության գործընթացում։

Դասընթացի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց դասընթացը ֆինանսավորող կազմակերպությանը, մասնակիցներին, դասընթացավարներին և ԻԿՀԿ ողջ անձնակազմին՝ մասնակիցներին հանձնելով վկայականներ։

«Ամեն ինչ կազմակերպված էր իդեալական, միայն կցանկանայի, որպեսզի նմանօրինակ հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կրեն» — ԼԳԲՏ ակտիվիստ։

«Թե դասընթացի թեմաները, թե դասընթացավարների հմտությունները գերազանց էին, չեմ կարող չնշել նաև հյուրանոցի բարձր սպասարկումը, պարզապես շնորհակալ եմ»։ —Տրասնգենդեր ակտիվիստ։

«Սա պարզապես անփոխարինելի հարթակ էր, որտեղ ես ճանաչեցի իմ երեխային նորովի, հասկացա նրա խնդիրները, որոնց գոյության մասին մինչ այս չէի էլ իմացել, հիմա գիտեմ, որ պայքարելու եմ իմ երեխայի և նրա նման բազմաթիվ այլ երեխաների իրավունքների համար մինչև վերջ» — Տրանսգենդեր երեխայի ծնող։

«Ես ցանկանում եմ, որպեսզի նման հավաքներն ավելի հաճախ կազմակերպվեն, քանի որ ինքս չլինելով ԼԳԲՏ համայնքի անդամ, հասկանում եմ, թե որքան կարևոր և ուսուցողական են այսպիսի հավաքները հենց համախոհների համար» — Տրանս համախոհ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնակիցներին և հույս հայտնում մոտ ապագայում տեսնել նրանց տրանս անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների առաջնագծում։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին