EN
>

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԸ ԽՆԿԱՐԿԵԼ Է ԱԺ ԱՄԲԻՈՆԸ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

2020 թ. փետրվարի 25-ին՝ «Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» լսումների ժամանակ, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Վերջինս շեղվելով օրակարգից և հավելյալ աղմուկ ու կեղծ օրակարգ ստեղծելու նպատակով գրպանից հանեց խնկամանն ու խունկ վառեց՝ ասելով․ «Մոտավորապես մեկ տարի առաջ այս բարձրագույն ամբիոնից, որը իմ երկրի գերագույն ամբիոնն է, պատմություն էին կերտում, և որևէ մեկը, ով այստեղ նստած էր, չէր փորձում այդ պատմություն կերտողի ձեռքը բռնել և տրանսգենդեր հանդիսացող անձին ասել, որ պատմություն այստեղ չեն կերտում, այստեղ պատմություն կերտում են օրենքներով, որոնք լինում են միայն հայրենասիրական և ազգային ոգով ոգեշնչված։ Ուստի, քանի որ իմ երկրում ազգային ժողովի ամբիոնը այս պահին պղծված է, ես հիմա այստեղ խնկարկում եմ անում և Ազգային ժողովի ամբիոնը մաքրում եմ բոլոր պղծություններից, որը կատարել է այստեղ տրանսգենդեր կոչվող անձը․․․» , չնայած այդ պահին լսումները նախագահող Վ․ Վարդանյանի՝ խնկարկումը դադարեցնելու և հրդեհային անվտանգության կանոններին հետևելու հորդորին, Ս․ Աղեկյանը միևնույնն է շարունակեց վառել խունկը, որից հետո անվտանգության աշխատակիցները ստիպված եղան դադարեցնել նրա ելույթն ու դուրս հրավիրել դահլիճից։

Ինչպես կարող ենք ենթադրել, չնայած նրան, որ Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ելույթից անցել է մոտավորապես մեկ տարի, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում և քաղաքական կարիերան ավարտած դեմքերը շարունակում են Լիլիթ Մարտիրոսյանի անունը շահարկել կեղծ օրակարգեր և անիմաստ իրարանցում ստեղծելու նպատակով։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլի 5-ին ԱԺ-ում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո տարատեսակ կրոնական և ազգայնական խմբավորումներ և այդ խմբավորումների ներկայացուցիչներ բազմաթիվ սպառնալից ուղերձներ հնչեցրին Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին, կազմակերպեցին հավաքներ, քայլերթեր, փորձեցին խնկարեկել ԱԺ ամբիոնն ու նմանատիպ այլ վտանգավոր ակտիվություններ ցուցաբերեցին, ինչի պատճառով Լիլիթ Մարտիրոսյանը և իր ընտանիքն ու աշխատակազմը որոշ ժամանակով ստիպված եղան լքել երկիրն ու բազմիցս դիմել ոստիկանություն, սակայն այդ դիմումներից և ոչ մեկը մինչ օրս չի արժանացել արդարացի քննության և կամ պարզապես ընթացք չի ստացել։

Ամբողջական տեսնայութը հղմամբ։

նկարը՝ aysor.am

Փետրվարի 28, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին