EN
>

«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՔՀԿ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ իրականացնում էր միջոցառումների շարք «Հավասարության և բազմազանության փառատոն» խորագրի ներքո։ Փառատոնի շրջանակներում դեկտմեբերի 5-ին՝ մարդու իրավունքների օրվան ընդառաջ, ԻԿՀԿ-ն կազմակերպեց «Գենդերային հավասարության և բազմազանության մարտահրավերները հետհեղափոխական Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող տեղական և միջազգային կազմակերպություններ, բազմազանության ու հավասարության ոլորտներում աշախատող այլ ՀԿ-ներ, տրանսգենդեր և ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներ և համախոհներ։
Քննարկումը սկսվեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի բացման խոսքով։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր իրավապաշտպաններին և ակտիվիստներին հավասարության և բազմազանության խթանման դժվարին գործը հպարտորեն իրենց ուսերի վրա կրելու և համաժողովին մասնակցելու համար։
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն  իրականացնող կառույցների ներկայացուցիչները։
Հայաստանում Արգենտինայի փոխդեսպան Միգել Չիլինգարյանը մասնավորապես նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ հանդիպումները և իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ, նա իր խոսքում կարևորեց ԻԿՀԿ թիմի կատարած դժվարին աշխատանքը և իր երախտագիտությունը հայտնեց մարդու իրավունքների ոլորտում կատարված ներդրման համար։
Ողջույնի խոսքից հետո հրավիրված խոսնակներն անդրադարձան օրակարգով նախապես ընտրված թեմաներին։
Առաջինը ելույթ ունեցան «Փինք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Ավետիսյանը և փաստաբան Հասմիկ Պետրոսյանը: Նրանք ներկայացնում էին «Ատելության խոսքը և կեղծ լուրերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով զեկույցը։ Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում համաժողովի մասնակիցների միջև։ 
Այնուհետև ներկայացվեց «Տարբեր խմբերի կանանց վերարտադրողական առողջության և իրավունքների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով զեկույց, որը պատրաստել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ աշխատակից Անուշ Պողոսյանը։
ԻԿՀԿ իրավաբան, փաստաբան Արթուր Մարգարյանը ներկայացրեց ԻԿՀԿ ռազմավարական դատավարությունների մանրամասները, մասնավորապես  տրանսգենդեր տղամարդն ընդդեմ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնի, տրանսգենդեր կանայք ընդդեմ սպորտային ակումբի, Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ելույթից հետո հնչած սպառնալիքների կապակցությամբ հոգեբանական բռնության փաստով իրավապահ մարմինների անգործության դեմ և այլն։ Մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերը, իսկ ԻԿՀԿ փաստաբանը տվեց դրանց բավարարող պատասխանները։
Հաջորդիվ ելույթ ունեցավ «Պատվի պարը» սոցիալ-մշակութային, երիտասարդական ՀԿ գեղարվեստական տնօրեն Արթուր Անդրեասյանը, ով ներկայացրեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը և մշակութային միջոցառումների կազմակերպումը հանուն հավասարության և բազմազանության» թեմայով զեկույցը։
Մշակութային թեմայով ևս մեկ զեկույց ներկայացրեց «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ նախագահ Արտակ Առաքելյանը, ով խոսեց «Բազմազանություն» ՀԿ-ի ստեղծման, գործունեության, մշակույթի, հակամշակույթի, ենթամշակույթի վերաբերյալ, և թե ինչպես է հիմնամշակույթը հետապնդում նախանշյալներին։
«Քուիր լաբ» ՀԿ ներկայացուցիչ Արման Արշակ-Շահբազյանը պատմեց «Քուիր լաբ»-ի ստեղծման և բազմազանության ընդունման ոլորտում ծավալած մշակութային գործունեության մասին։ Առանձին հարթակ էր տրամադրված մշակութային կազմակերպությունների ստեղծարար աշխատանքի ներկայացման համար, որտեղ  «Քուիր լաբ» ՀԿ-ն ներկայացնում էր իրենց հեղինակային պոստերները։
Քննարկման ընթացքում խոսեցին նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը և «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի նախագահ Հովհաննես Մադոյանը, վերջիններս բարձր գնահատեցին նման հանդիպումների կարևորությունը, արտահայտեցին իրենց երախտիքի խոսքը հրավերքի համար, խոսեցին հետհեղափոխական Հայաստնում մարդու իրավունքների իրավիճակի մասին։ Ինչպես նաև խոսք տարամադրվեց «Ֆեմ գրադարանի» հիմնադիր Աննա Նիկողոսյանին, ով պատմեց, թե ինչպես է հիմնվել «ֆեմ գրադարանը», ինչ գործունեություն է այն ծավալում, և թե ինչ խոչնդոտների են նրանք բախվում ամեն օր պայքարելով գենդերային հավասարության և համընդհանուր մարդու իրավունքների համար։
Վերոնշյալ թեմաներին հաջորդեցին մի քանի զեկույց ԻԿՀԿ աշխատակիցների կողմից, որոնցից առաջինը ներկայացրեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ ծրագրերի ղեկավար Ա․ Գևորգյանը։ Վերջինս ներկայացրեց «Տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները» թեմայով զեկույցը, որտեղ ներկայացված էր, թե ինչպիսի խնդիրների են բախվում տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները։
Ինչպես նաև, ԻԿՀԿ հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ Էմիլ Ավետիսյանը ներկայացրեց «Տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության խոսքի, վտանգավոր խոսքի և վիրավորանքի մշտադիտարկում» զեկույցը, որը նույնպես ուղեկցվեց բուռն քննարկումներով, հարց ու պատասախանով։ 
Համաժողովի ավարտին ԻԿՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից բազմազանության և գենդերային հավասարության ոլորտներում իրականցրած ծրագրերը, իրականացման ընթացքում հանդիպած խոչընդոտները, գրանցած հաջողություներրը։ Այնուհետև Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այս դժվարին գործում ներդրվող ջանքերը և ներուժը երբեք չեն պակասի, բոլորին մաղթեց աշխատանքային բարձր տրամադրություն ու սիրով հրավիրեց հաջորդող միջոցառումներին։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սիրով նվերներ հանձնեց համաժողովի մասնակիցներին գեդներային հավասարության և բազմազանության ոլորտում իրենց կատարած դժվարին աշխատանքների համար։  
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է քաղհասարակության ներկայացուցիչների համագործակցության և նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումը և շնորհակալություն է հայտնում բոլոր դիվանագագիտական առաքելություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներին, մասնակիցներին, խոսնակներին, տրանսգենդեր ու ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր հատկացրեցին իրենց ժամանակն ու ներկա գտնվեցին համաժողովին։ 
Դեկտեմբերի 18, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին