EN
>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմը», լինելով տարածաշրջանում տրանս անձանց և սեքս աշխատողների համար գործող իրավապաշտպան առաջին համայնքահեն և առաջատար հասարակական կազմակերպություններից, զբաղվում է սեքս աշխատող անձանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց կրթությամբ, սոցիալական բարեկեցության ապահովմամբ, մտավոր և ֆիզիկական անվտանգությամբ և պաշտպանությամբ, ինչպես նաև բարձրացնում է հանրային իրազեկվածության մակարդակը տրանս անձանց և սեքս աշխատողների վերաբերյալ՝ նվազեցնելով նրանց նկատմամբ խարանը և խտրականությունը։

Յուրաքանչյուր ամիս ԻԿ ԻՀԿ-ի ապահով տարածքում սեքս աշխատող անձանց համար իրականացվում է դասընթացների շարք՝ բարձրացնելով նրանց կրթության մակարդակը, աջակցելով նրանց կյանքի որակի բարելավմանը և բարեկեցությանը, ներգրավելով նրանց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 16-ին, որին մասնակցում էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման թեման էր «Սեքս աշխատող անձանց կարիքների գնահատումը և քարտեզագրումը», որն անցկացրեց կազմակերպության նախագահ Լ. Մարտիրոսյանը։ Սեքս աշխատող անձինք բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռությունը, հասարակության կողմից խտրականությունն ու ծաղրը, շարուակվող խարանը և խտրականությունը, որոնց բախվում են տարիներ շարունակ։ Լ. Մարտիրոսյանը սեքս աշխատող անձանց հետ կատարեց խնդիրների քարտեզագրում, որպեսզի հետագայում տարբեր ծրագրերի միջոցով աջակցություն տրամադրվի սեքս աշխատողներին։ Հանդիպման ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին հաջորդ հանդիպմանը խոսել իրավական բացերի մասին և անհատական հանդիպումներ ունենալ ՀԿ փաստաբանի հետ։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 5-ին: Քննարկման թեման էր՝ «Սեքս աշխատանքը և դրա իրավական կարգավորումները ՀՀ-ում», ինչպես որոշել էին նախորդ հանդիպմանը մասնակիցները։ Սեմինարն անցկացրեց «Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբան Ա. Մարգարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում սեքս աշխատանքի վերաբերյալ իրավական կարգավորումնեը և առկա բացերը, այնուհետև, լսելով սեքս աշխատող անձանց խնդիրները, տրամադրեց անհատական խորհրդատվություններ։ Փաստագրելով մի շարք խախտումներ՝ Ա. Մարգարյանը հորդորեց, որ մասնակիցները ոչ մի խտրականության դեպք չթողնեն անպատասխան և դրա մասին տեղեկացնեն կազմակերպությանը, ինչպես նաև հավելեց, որ ցանկացած պարագայում ՀԿ-ն նրանց համար կապահովի փաստաբանական ներկայացուցչություն ոստիկանությունում և դատարաններում։

Շարունակելով հանդիպումների շարքը՝ մարտի 7-ին տեղի ունեցավ «Մտավոր և ֆիզիկական անվտանգություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից տասներկու սեքս աշխատող անձինք։ Հանդիպումն անցկացրեց կազմակերպության հոգեբանը, ով լսեց սեքս աշխատողների կարիքները, տրամադրեց խմբային խորհդատվություններ։ Մասնակիցներից շատերը խոսեցին իրենց նկատմամբ շարունակվող բռնությունների, խարանի և խտրականության մասին, որոնք ավելի են խորացնում իրենց մտավոր խնդիրները։ Հանդիպման ավարտին մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին հաճախել անհատական հոգեբանական խորհրդատվությունների։

Ապրիլի 23-ին կազմակերպության համայնքային կենտրոնում կայացավ հաջորդ խմբային հանդիպումը։ Հանդիպման թեման «Սեքս աշխատող անձանց նկատմամբ խարանը և խտրականությունն» էր։ Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, մասնակիցները ներկայացրին բոլոր այն դեպքերը, որոնց բախվում են, կիսվեցին անհատական պատմություններով, թե ինչպես է օրեցօր աճում նրանց նկատմամբ խարանն ու խտրականությունը։ Ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար և ավելացրին, որ միասին պայքարելու են նվազեցնել խարանն ու խտրականությունը սեքս աշխատող անձանց նկատմամբ՝ ստեղծելով ապահով և ներդաշնակ միջավայր նրանց համար։     

Մայիսի 7-ին կայացավ հաջորդ խմբային հանդիպումը, որը նվիրված էր առողջության պահպանմանը, մասնավորապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և սեռավարակներին։ Հանդիպումը վարում էր Լ. Մարտիրոսյանը, ով մանրամասն ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՎ-ների փոխանցման ուղիների, դրանց կանխարգելման և բուժման մասին։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ՀԿ-ի ապագա ծրագրերը, որոնք ուղղված են լինելու սեքս աշխատողների առողջության պահպանմանը և սեռական առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Նշենք, որ հանդիպումների շարքն իրականացվում է «Կարմիր հովանոց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Հունիսի 14, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին