EN
>

Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց․ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի շահառուն կմնա ազատության մեջ

2021թ-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ էր դիմել Գ․Թ․-ն և հայտնել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ-ի սեպտեմբերի 17-ին, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, վարել է ավտոմեքենա։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 243․1-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գ․Թ․-ն «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին խնդրել էր ստանձնել իր շահերի պաշտպանությունը։ Կազմակերպությունը անմիջապես ձեռնամուխ եղավ Գ․Թ-ի իրավունքների պաշտպանությանը և գործով որպես պաշտպան ներգրավվեց կազմակերպության փաստաբան Ա․Մարգարյանը։

Կազմակերպության հետևողական և պաշտպանի աշխատանքների շնորհիվ Գ․Թ․-ի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10․03․2022թ․-ին կայացված դատավճռով նշանակվեց մեղմ պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով՝ Դատարանը որոշեց Գ․Թ․-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

Դատախազը, չհամաձայնելով դատավճռի հետ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը բեկանել։

Պետք է նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 23․09․2022թ-ի որոշմամբ՝ ամբողջությամբ մերժեց դատախազի բողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 10-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Արդյունքում Գ․Թ․-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, վերջինս կմնա ազատության մեջ։

Հոկտեմբեր 07, 2022 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին