EN
>

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել է միջոցառումների շարք, որոնք տեղի են ունեցել կազմակերպության Տրանս ԼԳԲԻՔ+ ապահով տարածքում։ Միջոցառումներն իրականացվել են Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց կրթական և իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև բարեկեցության և բարօրության, ներհամայնքային հարաբերությունների խթանման ու բարելավման համար։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է կարիքների գնահատում, որը շարունակական բնույթ է կրում նաև այս ամիս։ Կարիքների գնահատման նպատակն է բարելավել կազմակերպության աշխատանքները՝ դրանք դարձնելով առավել նպատակային՝ արդյունավետ քայլեր ձեռնարկելով համայքի կարիքների բավարարման և նրանց կրթական մակարդակի զարգացման համար։ Դեկտեմբերի չորսին կազմակերպությունն իրականացրել է ֆոկուս խմբային հանդիպում կարիքների գնահատման համար, որին մասնակցել են ութ Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։ Հանդիպումը տևել է մեկ ժամ, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, կարիքներն ու խնդիրները։

Այնուհետև, դեկտեմբերի ութին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ իրականացվել է ֆիլմի դիտում-քննարկում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 12 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք, որոնք ֆիլմից հետո ակտիվ քննարկում են ծավալել թեմայի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ համայնքի պատասխանատու Արտակ Ադամը մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքների ու ազատությունների էությունը, մանրամասնել է, թե ինչ իրավունքներ ունեն մարդիկ, ապա ներկայացրել, թե որն է իրավախախտումը, և որ դեպքերում կարող են սահմանափակվել մարդու իրավունքները։

Դեկտեմբերի տասնհինգին կազմակերպությունն իրականացրել է «Կանխելով արմատացած բռնությունը» թեմայի շուրջ համայնքային միջոցառումը Zoom օնլայն հարթակի միջոցով, որին մասնակցել են տասնչորս Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։ Կազմակերպության համայնքի պատասխանատուն ներկայացրել է,  թե ինչ է բռնությունը, բռնության տեսակները, դրսևորումները, ապա խոսել է բռնության դեպքերի կանխարգելումից և ներկայացրել այն տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումներով. մասնակիցներն առաջարկել են հաճախ անդրադառնալ բռնության կանխարգելման թեմային և հարակից այլ հարցերին։

Համայնքային վերջին հանդիպումն իրականացել է դեկտեմբերի 24-ին՝ «Աշխատանք և զբաղվածություն» թեմայի վերաբերյալ, որին մասնակցել են տասնհինգ Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։ Հանդիպումը վարել է «Իրավունքի կողմ» ՀԿ փաստաբան Ա․ Մարգարյանը՝ հարց ու պատասխան ձևաչափով։ Հանդիպման ընթացքում հնչեցվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրերը, աշխատանքային պարտադիր արձակուրդը, գիշերային և արտաժամյա աշխատանքի համար հավելավճարները, գործատուի և աշխատողի պարտականություններն ու իրավունքները։ Հանդիպման ավարտին Ա․ Մարգարյանը պատասխանել է բոլոր մասնակիցների հարցերին՝ նրանց լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելով։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2020 թ.-ի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում խթանել է Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը մարդու իրավունքների պաշտպանության, համայնքային առողջության և ապահովության և տրանս ակտիվիզմի վերաբերյալ, նպաստել նրանց բարօրությանը՝ տրամադրելով իրավաբանական, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն և մարդասիրական աջակցություն։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության տրանս ապահով տարածքը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։00-ից մինչև 17։00-ն։

Դեկտեմբերի 25.2020 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին