EN
>

ԹԱՐՄԱՑՈՒՄ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԻ ԵՐԱԲԵՐՅԱԼ

2019թ․ հոկտեմբերի 10-ին Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում Նարեկ Մալյանի՝ «ՁԻԱՀ-ով հիվանդ Կուբայի քաղաքացիների» հրապարակման վերաբերյալ, որը ուղարկվել էր ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն։

Երևան քաղաքի վարչությունը հաղորդումը հասցեագրել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ գործը երկար ժամանակ ոչ մի ընթացք չէր ստանում, այնուհետև 2020թ. փետրվարի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժնից ստացվել է գրություն, ըստ որի հաղորդումը կցվել էր նախկինում մեկ այլ կազմակերպության կողմից նույնաբովանդակ ինչ-որ այլ հայտարարության հետ կապված նյութերին։

Այսպիսով 2020թ․ փետրվարի 17-ին Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն որոշեց բողոքարկել ոստիկանության կենտրոնական բաժնի անգործությունը ՀՀ գլխավոր դատախազություն, վերջինս բավարարել է բողոքը և հանձնարարել է ոստիկանության կենտրոնական բաժնին նախապատրաստել նյութեր և լուծել գործի ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Ըստ այդմ, ոստիկանության կենտրոնական բաժինը պետք է որոշում կայացնի կամ քրեական գործ հարուցելու մասին, կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին։

Հիշեցնենք որ 2019թ․ հոկտեմբերի 14-ին, ժամը 15:57-ին Aysor.am կայքում հրապարակված՝ «Կուբայից ժամանած 14 տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիր են, պնդում է Մալյանը. Ի՞նչ է ասում Միգրացիոն ծառայությունը» հոդվածից տեղեկացել էինք, որ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը վստահեցնում է՝ Հայաստանում գտնվող տրանսգենդերների մասին իր ինֆորմացիան պաշտոնական է։

Մալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»։

Այս և այլ գործերի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մեր կայքի և ֆեյսբուքյան էջի թարմացումներին։

Մայիսի 24, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին