EN
>

Թարմացում Վրեժ Վարժապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

2019 թ. փետրվարի 11-ի գիշերը, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակից Վրեժ Վարժապետյանը ֆիզիկական հարձակման է ենթարկվել անծանոթ երիտասարդ տղամարդու Երևանի Թումանյան և Կողբացի փողոցների հատման կետում: Դեպքից անմիջապես հետո, ստանալով լուրջ ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ՝ Վրեժը դիմել է բժշկի և իրավական մարմիններին: Հաղորդում տալով ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժին` տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ըստ ՀՀ քր օր.-ի 118-րդ հոդվածով: Սակայն այս դեպքի հանրայնացումից հետո Վրեժը  շարունակաբար ստանում է սպառնալիքներ և ատելության կոչեր, որի առթիվ ոստիկանությունում ներկայացվել է հաղորդում: Ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցելը՝ հայցը իրական սպառնալիքների բացակայության հիմքով, այնինչ դրանք առկա են Վրեժի և այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերում: Հարկ ենք համարում նաև նշել, որ Ոստիկանությունը իր մերժման որոշման մեջ նշել է, որ Վրեժ Վարժապետյանը «նույնասեռամոլ» է, ինչի հետ կապված «ֆեյսբուքյան օգտատերերը» արտահայտել են իրենց զայրույթը, այդ իսկ պատճառով նյութերում բացակայում են ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի  հանցակազմը:
Սպառնալիքների վերաբերյալ քրեական գործի մերժումը բողոքարկվել է Գլխավոր դատախազություն, իսկ ծեծի հետ կապված քրեական գործը գտնվում է վարույթում:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է նման  խտրական և նախապաշարմունքներով լի մոտեցումները իրավական մարմինների կողմից ԼԳԲՏ անձանց հանդեպ և կոչ է անում իրականացնել արդար և անկողմնակալ քննություն:

Ապրիլի 2, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին