EN
>

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՌՕՐՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, առաջնորդվելով իր ռազմավարական նպատակներով, բացման օրվանից կարևորել է ԼԳԲՏԻՔ անձանց ծնողների հետ աշխատանքը, ուստի ամեն տարի կազմակերպում է եռօրյա արտագնա հանդիպումներ ԼԳԲՏԻՔ անձանց և նրանց ծնողների համար:

Սույն թվականի հունվար ամսին ևս կայացավ հանդիպում, ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների և ծնողներ խմբի հետ, որոնք ժամանաել էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։

Հանիպման թեմաներն էին.

  • Ընտանիքում ներդաշնակության ամրապնդում:
  • Ինչպե՞ս ճիշտ աշխատել ԼԳԲՏԻՔ անձանց ծնողների հետ:
  • Ինչպե՞ս ծնողները ճիշտ աշխատեն ԼԳԲՏԻՔ ընտանիքի անդամների հետ:
  • Մարդու իրավունքներ:
  • Անվտանգություն:
  • Ծնողների հետ պանելային քննարկումներ:

Հանդիպման բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնեց ծնողների խմբին, ԼԳԲՏԻՔ անձանց, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպանը, որը շատ կարևոր է համայնքի յուրաքանչյուր անդամի համար՝ կառուցելու ներդաշնակ ընտանիք։

Լիլիթ Մարտիրոսյանը կարևորեց նմանատիպ հանդիպումները, քանի որ նախորդ տարիների քրտնաջան աշխատանքները ԼԳԲՏԻՔ անձանց ծնողների հետ իրենց դրական ազդեցությունն են ունեցել համայնքի անդամների կյանքի վրա։

Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կատարեցին տարաբնույթ գործնական աշխատանքներ, որոնք ամբողջապես ուղղված էին ընտանիքներում ներդաշնակ և փոխհասկացված մթնոլորտ ստեղծելուն։ ԼԳԲՏԻՔ անձինք ձեռք բերեցին հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան իրենց ընտանիքներում լինել հասկացված և ընդունված: Մասնակիցները տեղեկացան, թե ինչպես ճիշտ աշխատեն այն ծնողների հետ, որոնք դեռ բավարար գիտելիքներ չունեն գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության վերաբերյալ, ինչպես ճիշտ աշխատեն ԼԳԲՏԻՔ ընտանիքի անդամների հետ։ Նրանք նաև վեր հանեցին մի շարք խնդիրներ, որոնց բախվում են թե՛ ծնողները, և թե՛ ԼԳԲՏԻՔ ընտանիքի անդամները: Բացի այդ, առաջարկվեց մշակել գրքույկ, որը հետագայում կօգնի այն ծնողներին, որոնք բավարար տեղեկատվություն չունեն իրենց ԼԳԲՏԻՔ ընտանիքի անդամների հետ աշխատելու համար։

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կազմակերպվեց «խոսում են ԼԳԲՏԻՔ անձանց ծնողները» պանելային քննարկումը, որի ընթացքում ծնողները խոսեցին իրենց անցած դժվարին ճանապարհի մասին, պատմեցին, թե ինչպես են ընդունել իրենց ԼԳԲՏԻՔ երեխաներին և ընտանիքի անդամներին։ Քննարկման վերջում հարցերի միջոցով մասնակիցները ստացան իրենց հուզող պատասխանները։

Առաջին օրը շատ հուզիչ էր, տպավորիչ և գիտելիքներով հագեցած։

Դասընթացի հաջորդ օրերի ընթացքում ծնողները և ԼԳԲՏԻՔ անձինք տեղեկացան ՀՀ դատական համակարգի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերի և նշանակության մասին։

Մասնակիցները դիտեցին տեղեկատվական հոլովակներ մարդու իրավունքների մասին, խոսեցին եվրոպական լավագույն փորձի մասին և քննարկեցին, թե ինչպես ստացած գիտելիքները կիրառեն տեղական մակարդակում։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և շնորհակալագրեր։

Մեջբերումներ մասնակիցներից.

«Շատ ստացված հանդիպում էր, տեղեկատվությամբ, փորձի փոխանակմամբ լեցուն, շնորհակալ եմ այս հանդիպման համար, կարողացա բարձրաձայնել այն բոլոր դժվարությունների մասին, որոնց ես բախվել եմ, սակայն հաղթահարել եմ ու կանգնած եմ իմ երեխայի կողքին այսօր»։

ԼԳԲՏԻՔ անձի ծնող

«Կցանկանայի շատ ծնողներ լինեին այստեղ, լսեին իրենց երեխաներին, թե ինչ դժվարությունների միջով են անցնում՝ վախենալով բարձրաձայնել ընտանիքում իրենց սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության մասին: Կարծում եմ, որ կգա այն ժամանակը, երբ բոլոր ծնողներն էլ կհասկանան իրենց երեխաներին, նրանց կընդունեն այնպիսին, ինչպիսին կան, ու դա բոլորս պետք է անենք՝ մեր ստացած կրթության միջոցով»։

ԼԳԲՏԻՔ անձի ծնող

«Ես հուզված եմ, դժվարությամբ եմ ասում այն, ինչ պետք է ասեմ, ես այնքան եմ տպավորված այս հանդիպումից, որ ուզում եմ Երևան հասնելուն պես մայրիկիս ամբողջը պատմել, թե ով եմ ես, ինչ եմ զգում, ասել, որ իրեն շատ եմ սիրում ու չեմ ուզում կորցնել»։

ԼԳԲՏԻՔ անձ

«Շնորհակալ եմ անչափ այս կարևոր հանդիպման համար, խնդրում եմ, որ նմանատիպ հանդիպումներ շատ կազմակերպեք, դա մեզ շատ է պետք, ու ո՞վ գիտի, գուցե մեկ օր էլ մայրիկս այստեղ նստած լինի»։

ԼԳԲՏԻՔ անձ

Դասընթացը հնարավոր է  դարձել «Աստրեան հանուն արդարության» լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Հունվարի 12, 2022 Armenia Yerevan

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին