EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի սեպտեմբերին ՀՀ Կոտայքի մարզում իրականացրեց «Գործողությունների միջոցով ներառական հասարակության կառուցում» երիտասարդական ակադեմիան՝ ներգրավվելով ՀՀ տարբեր մարզերում բնակվող ԼԳԲՏԻ երիտասարդների։ Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել երիտասարդ ԼԳԲՏԻ անձանց քաղաքացիական ակտիվիզմը և իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում՝ իրազեկվածության բարձրացման, արդյունավետ հաղորդակցման հմտությունների և ակտիվիստական կարողությունների զարգացման միջոցով։

Ակադեմիայի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց բոլոր մասնակիցներին ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հետաքրքրվածության համար, ապա հավելեց, որ ԼԳԲՏԻ համայնքի անդամները նմանատիպ հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործեն կրթվելու և համայնքի իրավունքների պաշտպանության ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Ակադեմիայի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան քննարկել  հետևյալ թեմաները.

  • Հաղորդակցության հիմնական տարրերը և ազդեցությունը, հաղորդակցության գործընթացն ու տեսակները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները:
  • Հաղորդակցման խոչընդոտները ԼԳԲՏԻ անձանց համար:
  • Վստահության ձևավորում և հարաբերությունների ստեղծում:
  • Առաջին տպավորության ստեղծում:
  • Խնդիրների քարտեզագրում և առաջնահերթությունների սահմանում:
  • Գործողությունների պլանի, ռազմավարության և հատուկ գործիքների մշակում:
  • Համայնքի մոբիլիզացիա և ակտիվիզմ, ցանցերի ստեղծում և համագործակցություն:
  • Իրավունքների պաշտպանությանն ուղղված ադվոկացիոն պլանի մշակում:
  • ԶԼՄ-ների, որոշումներ կայացնողների և քաղաքականություն մշակողների հետ աշխատանք:

 

Ակադեմիան իրականացվել է տեսական նյութերի և գործնական վարժությունների համադրմամբ՝ խաղերի ու մտավարժանքների միջոցով: ԼԳԲՏԻ երիտասարդները ներկայացրել են ադվոկացիոն գործընթացներում ունեցած իրենց փորձն ու գործունեությունը, հաջողված պատմությունները, մարտահրավերներն ու խնդիրները։

Մասնակիցները շատ մեծ հետաքրքրություն ու ակտիվություն են ցուցաբերել ակադեմիայի բոլոր օրերի ընթացքում:

Նշենք, որ ակադեմիային մասնակցելու հայտ էր ներկայացրել 46 մասնակից, որոնցից միայն 18-ին է տրվել մասնակցելու հնարավորություն։

Ակադեմիայի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է կազմակերպել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քննարկումներ և դասըթացներ` արդյունավետ համագործակցության արդյունքում լուծումներ գտնելու նպատակով:

Սույն ակադեմիան հնարավոր է դարձել Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ

Հոկտեմբեր 01, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին