EN
>

Իրականացվեց «Գործողություն հանուն փոփոխության» թեմայով դասընթացը ԼԳԲՏԻՔ երիտասարդների համար

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 14-ից 19-ն ընկած ժամանակահատվածում  իրականացրեց «Գործողություն հանուն փոփոխության» թեմայով դասընթաց ՀՀ մարզաբնակ 20 Տրանս ԼԳԲԻՔ անձանց համար:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել ԼԳԲՏԻՔ երիտասարդների սոցիալական ներգրավվածության և քաղաքացիական մասնակցության մակարդակը իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, հաղորդակցման և ադվոկացիոն կարողությունների զարգացման և իրավահավասարության խթանման միջոցով, ինչպես նաև նվազեցնել ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը՝ բարձրացնելով նրանց տեսանելիությունը և բարի համբավը հասարակության շրջանում:

Հինգօրյա տևողությամբ արտագնա դասընթացի շրջանակներում ընտրված 20 Տրանս ԼԳԲԻՔ անձինք ձեռք բերեցին նոր գիտելիքներ սոցիալական ներառականության, սոցիալական իրավունքների, շահերի պաշտպանություն իրականացնելու մեխանիզմների, հաղորդակցման և առաջնորդության հմտությունների վերաբերյալ։

Դասընթացի բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակը, գործողությունները և հետագա քայլերը։ Լիլիթը խոսեց Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և Եվրոպայի խորհրդի մասին, ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել մարդու իրավունքների ոլորտում մեր համագործակցության ընթացքում։ Մասնակիցները հղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

Դասընթացավարը առաջին օրը վարեց «սոցիալական իրավունքներ և առաջնորդություն» թեմայով դասընթաց, որի ընթացքում խոսվեց իրավունքների պաշտպանության համար իրականացվող ջատագովության, դրա արդյունավետ իրականացման և արշավների կազմակերպման մեթոդների վերաբերյալ: Դասընթացավարը ներկայացրեց, թե ինչպես պետք է համայնքային նախաձեռնություններին, իրավապաշտպաններին, շահագրգիռ կողմերին և համախոհներին ներգրավել ԼԳԲՏԻՔ անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության համար իրականացվող ջատագովության գործընթացներում:

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրներին, մարդու իրավունքների հայաստանյան կոնտեքստին, հաղորդակցման հմտություններին  և քաղաքացիական ներգրավվածությանը։ Թեմայի շրջանակներում մասնակիցները զրուցեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, քննարկեցին ինչպես լինել ակտիվ և պատասխանատու քաղաքացի և նպաստել հավասար իրավունքների տարածմանը։ Բուռն քննարկումները ուղեկցվեցին դերային խաղերով և փորձի փոխանակմամբ։

Դասընթացի երրորդ օրը բոլոր մասնակիցներն իրազեկվեցին արդյունավետ հաղորդակցության, խտրականության, դրա անուղղակի և ուղղակի դրսևորումների, խտրականությունից պաշտպանվելու մեխանիզմների, հակախտրականության օրենսդրության անհրաժեշտության մասին, այնուհետև, վեր հանելով իրենց կյանքի ընթացքում խտրականության դեպքերը, դերային խաղերի միջոցով փորձեցին առավել քննադատորեն մոտենալ խտրականության դեպքերին և ռազմավարական հաղորդակցության միջոցով լուծումներ առաջարկել դրանց համար։

Հանդիպման չորորդ և հինգերորդ օրերին մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ՀՀ մարզերում բնակվող ԼԳԲՏԻՔ անձանց սոցիալական ներառականության խթանման համար, տեղեկացան փաստերի հավաքագրման և հետազոտությունների արդյունավետ օգտագործման մասին, հանդես եկան իրենց ծրագրային առաջարկներով և դասընթացավարների ուղղորդմամբ մշակեցին իրենց հետագա քայլերը ադվոկացիոն արշավներ իրականացնելու համար։ Ծրագրերը ներառում էին կրթության հասանելիությանը, առողջության պահպանմանը, ծառայությունների հասանելիության խթանմանն ուղղված գործողություններ:

Դասընթացի ավարտին «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը երիտասարդԼԳԲՏԻՔ անձանց իր երախտագիտության խոսքը հղեց, ապա հանձնեց վկայականները և խրախուսեց նրանց մասնակցությունը իրավունքների պաշտպանության, բարեկեցիկ ապագայի ձևավորման գործընթացներում։

Հոկտեմբեր 02, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին