EN
>

Իրականացվեց «Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ» թեմայով դասընթացը տրանսգենդեր ակտիվիստների համար

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սույն թվականի օգոստոսի 1-ից 5-ն  իրականացրեց «Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ» թեմայով դասընթաց տրանսգենդեր ակտիվիստների համար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել տրանսգենդեր անձանց սոցիալական ներգրավվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ պայքարելով գենդերային նորմերի և կարծրատիպերի դեմ։

Հինգօրյա տևողությամբ արտագնա դասընթացի շրջանակներում ընտրված 18 տրանսգենդեր անձինք ձեռք բերեցին նոր գիտելիքներ հաղորդակցության, թվային ակտիվիզմի, մեդիագրագիտության, կիբերանվտանգության, մոբայլ ակտիվիզմի, տվյալների հետ աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Մասնակիցներն անհատապես աշխատեցին փորձագետների հետ՝ խորհրդատվություն ստանալով համայնքի նկատմամբ սոցիալական մեդիայում բռնություն հրահրող կոչերը և ատելության խոսքը նվազեցնելու վերաբերյալ, ներկաների հետ կիսվեցին իրենց նոր գաղափարներով և գործնական աշխատանքների ընթացքում մշակեցին տեղեկատվական նյութեր՝ տրանս անձանց դրական իմիջի և հանդուրժողականության մթնոլորտի խթանման համար:

Դասընթացը մեկնարկեց Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա հանդես եկավ բացման խոսքով` կարևորելով և ողջունելով վերջին տարիների ընթացքում տրանսգենդեր անձանց ներգրավվածությունը ակտիվիզմի մեջ, շնորհակալություն հայտնեց բոլոր այն ակտիվիստներին, որոնք առաջնագծում պայքարում են հանուն մարդու իրավունքների, ազատությունների և ընդհանուր արժեքների՝ ճանապարհ հարթելով ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց համար, որոնք շարունակում են ճնշված մնալ հայ հասարակության և ընտանիքի անդամների կողմից և հաճախ ստիպված են թաքցնել իրենց գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշվածությունը:

Դասընթացի առաջին օրը մասնակիցները սովորեցին ինչպես գրագետ կերպով ղեկավարել սոցիալական էջերը և օգտագործել սոցիալական մեդիան՝ հնարավորինս օգուտ քաղելով դրանից։ Խմբային քննարկումների և աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին տարբեր բովանդակությամբ նյութեր՝ իրենց սոցիալակ էջերում տարածելու համար։

Շարունակելով քննարկումները՝ երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ակտիվիզմի ընթացքում գրագետ խոսքի և էթիկայի կանոնների վերաբերյալ, տեղեկացան, թե ինչպես և ինչ թեմաներով է անհրաժեշտ խոսել լսարանի հետ՝ նվազեցնելու ատելության խոսքը սոցիալական մեդիայում։ Դասընթացավարի ուղղորդմամբ մասնակիցները կատարեցին սոցիալական հարթակների ուսումնասիրություն, այնուհետև ներկայացրին իրենց կատարած աշխատանքները։

Դասընթացի երրորդ օրը նվիրված էր կիբերանվտանգությանը և տվյալների պաշտպանությանը, ակտիվիստների ինքնախնամքին, ֆիզիկական և հոգեկան անվտանգությանը։ Տարբեր քննարկումների ընթացքում մանակիցները բարձրաձայնեցին անձնական տվյալների հրապարակման հետևանքների մասին և հատուկ քայլեր մշակեցին ակտիվիստական գործունեություն իրականացնելիս նմանատիպ դեպքերը կանխելու համար։

Չորրորդ օրվա ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ հիմնարար իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, տեղեկացան հաջողված հանրային արշավների մի շարք օրինակների մասին և սկսեցին աշխատել տրանս անձանց դրական իմիջի խթանման ուղղությամբ։

Դասընթացի հինգերորդ օրը մասնակիցները քննարկեցին, թե ինչպես ռազմավարական հաղորդակցության միջոցով համայնքից դուրս համախոհներ գտնել, ինչպես համագործակցել մեդիա նրկայացուցիչների հետ և բարձրացնել համայնքի տեսանելիությունը։

Դասընթացի ավարտին ակտիվիստները մշակեցին ռազմավարական հաղորդակցության պլան, որն էլ կօգտագործեն իրենց ակտիվիստական գործունեության ընթացքում։

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին իրենց ընձեռված հնարավորության համար և առաջարկեցին, որ նմանատիպ միջոցառումները հաճախակի կազմակերպվեն: Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար։ Նա հավելեց, որ Իրավունքի կողմ ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, ջանք ու եռանդ չի խանայելու ի շահ Տրանս անձանց ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի համայնքի անդամներն ապրեն անվտանգ և բարեկեցիկ կյանքով։  Լիլիթ Մարտիրոսյանը նաև խոստացավ, որ  գենդերային հավասարության վերաբերյալ ՀԿ գործունեությունը կկրի շարունակական բնույթ, որպեսզի հասարակության շրջանում փոխվեն Տրանս անձանց մասին կարծիքները և կարծրատիպային մոտեցումները։

Մասնակիցներից մի քանիսը կիսվել են դասընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով և զգացողություններով.

 «Այս սեմինարը տարբերվում էր մնացածից նրանով, որ թեմաները մեզ շատ հոգեհարազատ էին, բայց միաժամանակ տարբեր էին ու բազմազան։ Ամեն օր ստանում էի նոր գիտելիքներ, որոնք կօգնեն ինձ հետագայում նվազեցնել ատելությունը մեր նկատմամբ»։

«Կցանկանայի այսպիսի հանդիպումները շատ լինեին, միասին ավելի արդյունավետ լուծումներ ենք գտնում»:

 «Երկրորդ անգամ եմ մասնակցում ձեր կողմից կազմակերպած դասընթացին և երկրորդ անգամ եմ ուզում ասել, որ զարմացած եմ․ դուք ինձ նոր և տարբերվող գիտելիքներ եք տալիս»։

Նոյեմբեր 21, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին