EN
>

Իրականացվեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակադեմիան ԼԳԲՏԻՔ առաջնորդների համար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով իրականացրեց ակադեմիա ԼԳԲՏԻՔ ակտիվիստների համար, որի նպատակն էր խթանել քաղհասարակության ջանքերը՝ բարձրացնելու Հայաստանում թերներկայացված համայնքների մասնակցությունը ԿԽԱ օրակարգի առաջ մղման և իրականացման մեջ։

7 օր տևողությամբ ակադեմիայի շրջանակներում 18 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք հնարավորություն ստացան նոր գիտելիքներ ձեռք բերել Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի, ԿԽԱ օրակարգին վերաբերող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի (1325, 1820, 2250, 2122…), ինչպես նաև կանանց և մարդու իրավունքներին վերաբերող այլ միջազգային բանաձևերի, հակամարտության վերափոխման, խաղաղաշինության ուղիների, ինչպես նաև գործիքների վերաբերյալ, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻՔ անձանց ներառվածությանը խաղաղ հասարակության ստեղծման ջանքերում և խաղաղաշինական գործընթացներում գենդերային ու սեռական փոքրամասնությունների ներառվածության վերաբերյալ ջատագովմանը։ Մասնակիցները սովորեցին իրենց գիտելիքներն ու ջատագովման գործիքները օգտագործել պետական և միջազգային հանրությանը ԼԳԲՏԻՔ համայնքի խնդիրներն ու մարտահարավերները ներկայացնելու համար, ինչպես նաև խթանել ԿԽԱ օրակարգում գենդերային և սեռական փոքրամասնությունների ներառվածությունը։

Ակադեմիայի առաջին օրը դասընթաց իրականացրեցին Ֆեմ Գրադարանի համահիմնադիր Արփի Բալյանը և Իրավունքի կողմ ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Լ. Մարտիրոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ակադեմիայի մասնակիցներին ներկայացրեց ընդհանուր ծրագիրը, ակադեմիայի նպատակը, հետագա գործողություններն ու անելիքները։ Նա խոսեց  ՀՀ զինված ուժերում ԳԲՏԻՔ անձանց խնդիրներից, առկա օրենսդրական բացերից և անելիքներից։

Գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները քարտեզագրեցին ՀՀ զինված ուժերում առկա խնդիրները և ներկայացրին, թե ինչ խնդիրների և վտանգների են բախվել պատերազմական օրերին։

Օրվա երկրորդ կեսին դասընթացը շարունակեց Արփի Բալյանը՝ խոսելով կոնֆլիկտի առաջացման փուլերից, մակարդակներից և տեսակներից, նկարագրեց, թե ինչ տեսակի խոչընդոտներ և մարտահրավերներ կան, երբ կանայք են ներգրավված խաղաղաշինական գործընթացներում։

Շարունակելով դասընթացը՝ Ա. Բալյանը մասնակիցներին ներկայացրեց 2017 թվականանին իրաանացված քվիր ֆեմինիստական հակամիլիտարիստական նախագիծը, որը կոչվում էր «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չես լսում», մասնակիցներին ներկայացումից կադրեր և մենախոսություններ ցուցադրեց, ինչը բազմաթիվ հարցեր առաջացրեց և քննարկումների տեղի տվեց։

Ակադեմիայի երկրորդ օրը որպես դասընթացավար հրավիրվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ համահիմնադիր Լիդա Մինասյանը, ով օրվա առաջին մասում խոսեց հետևյալ թեմաներից.

  • ՄԱԿ-ի դերը խաղաղաշինության գործում:
  • Ի՞նչ է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:
  • Ի՞նչ է ԿԽԱ օրակարգը:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1325 բանաձևի ընդունումը:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հարակից բանաձևերը:

Թեմաները ամբողջովին նոր էին և մասնակիցների մոտ բազմաթիվ հարցեր էին առաջացրել, քննարկումների միջոցով Լիդան տվեց սպառիչ պատասխաններ:

Շարունակելով դասընթացը՝ Լիդան խոսեց մարդկային անվտանգության, ԿԽԱ օրակարգի շրջանականերում շահերի պաշտպանության գործիքների և ԿԽԱ օրակարգի տեղայանցման ու իրականացման մասին։

Լ. Մարտիրոսյանն ամփոփեց դասընթացը՝ խոսելով ԼԳԲՏԻՔ անձանց կարիքները ԿԽԱ օրակարգում ներառելու ուղիների մասին։

Ակադեմիայի երրորդ օրը Լ. Մարտիրոսյանը կատարեց նախորդ երկու օրերի ամփոփում և գնահատում, այնուհետև, մասնակիցներին բաժանելով խմբերի, հանձնարարեց քարտեզագրել ՀՀ զինված ուժերում և զինկոմիսարիատներում առկա ԳԲՏԻՔ անձանց խնդիրները և մարտահրավերները։ Խմբային աշխատանքներից հետո մասնակիցները ներկայացրին կատարած աշխատանքները՝ դուրս հանելով բոլոր առկա խնդիրները և հանդես գալով լուծման տարբերակներով։ Քննարկվեց, թե հետագայում ինչ կոնկրետ քայլեր և աշխատանքներ են անհրաժեշտ ձեռնարկել՝ նվազեցնելու խարանը, խտրականությունը, բռնությունը և տարատեսակ խոշտանգումները զինված ուժերի, զինկոմիսարիատների աշխատակիցների կողմից։

Օրվա երկրորդ մասում մարդու «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնեանը մասնակիցների հետ ծանոթացումից հետո անդրադարձավ մի շարք թեմաների, ինչպիսիք են 1325 բանաձևը որպես գործիք, բանաձևի շուրջ Հայաստանում արված աշխատանքները և արդյունքները։ Դասընթացավարը խոսեց կանանց դերից, հայրիշխանությունից և ֆեմինիզմից, որը մասնակիցների մոտ առաջացրեց հարցերի տեղատարափ, քանի որ թեմաները շատ հետաքրքիր էին և նոր, դասընթացավարի տված գիտելիքներից հետո մասնակիցները նշեցին, որ մինչև այդ այլ գիտելիքներ և պատկերացումներ են ունեցել կանանց դերի և ֆեմինիզմի մասին։ Լարա Ահարոնեանը պատասխանեց մասնակիցների բոլոր հարցերին և խոստացավ, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն։

Ակադեմիայի չորրորդ օրը մասնակիցները շարունակեցին խմբային աշխատանքները՝ հավաքագրելով և ներկայացնելով բոլոր այն դեպքերը, որոնք վերաբերում էին համայնքի անդամների նկատմամբ խարանին և խտրականությանը։

Ակադեմիայի չորորդ օրվա հյուրն էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Ուժեղացնելով արևելյան հարևանության տոկունությունը; ծրագրի հայաստանյան բաղադրիչի համակարգող Քնարիկ Մկրտչյանը։ Ծանոթացումից հետո Քնարիկը պատմեց ծրագրի և գործողությունների մասին, պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին, այնուհետև խոսեց 1325 բանաձևից, ադվոկացիոն գործողություններից։

Քնարիկը մասնակիցների հետ կատարեց խմբային աշխատանքներ՝ վերանայելով ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրները և քննարկելով ազգային գործողությունների ծրագրի բացերը։ Քննարկումից հետո մասնակիցները հանդես եկան նոր առաջարկություններով և կիսվեցին իրենց փորձով։

Ակադեմիայի հինգերորդ և վեցերորդ օրը «Իրավունքի կողմ» ԻՀԿ-փաստաբաններ Սոնա Հարությունյանը և Արթուր Մարգարյանը խոսեցին օրենսդրական բացերից, ներկայացրին ատելության հիմքով պայմանավորված բռնություններից և ատելության խոսքից պաշտպանվելու եղանակները։ Փաստաբանները մասնակիցների հետ կատարեցին խնդիրների քարտեզագրում, այնուհետև առաջարկեցին հանդիպումները շարունակել կազմակերպության գրասենյակում։ Տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն և ընտրվեցին լավագույն 8 ակտիվիստները՝ ԿԽԱ օրակարգի դեսպանները, որոնք հետագայում հանդիպումներ են ունենալու ՀՀ պաշտպանության նախարարության և տարբեր մարզերի զինկոմիսարիատների ներկայացուցիչների հետ՝ ջատագովելով, որ ԼԳԲՏԻՔ հիմնախնդիրները ներառվեն ԿԽԱ օրակարգում։

Ակադեմիայի վերջին օրը Լիլիթ Մարտիրոսյանը ամփոփեց բոլոր օրերը, հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ ներգրավվածության համար, ապա հավելեց, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայի մի շարք օրենսդրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու համար՝ ի շահ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց։

Այս հոդվածը ստեղծվել է «Գենդերային և սեռական փոքրամասնությունների ներառումը Կանայք, խաղաղություն և անվտանգություն հայաստանյան օրակարգում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ)  կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

Դեկտեմբեր 22, 2022 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին