EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ. ՀԱԿԱԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021թ.-ի հոկտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր դասընթաց՝ «Հաղորդակցման գործիքները. հակագենդերային հռետորաբանության դեմ պայքար» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից 18-30 տարեկան Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներ։

Դասընթացի նպատակն էր խթանել Տրանս ԼԳԲԻՔ երիտասարդ ակտիվիստների ներգրվածության մակարդակը հակագենդերային հռետորաբանության դեմ պայքարելու համար ադվոկացիոն ծրագրեր իրականացնելու գործում։

Հաղորդակցության և ջատագովության ոլորտի հրավիրյալ մասնագետները դասընթացի ընթացքում բանախոսությամբ հանդես եկան այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են.

  • Հաղորդակցության առանցքային տարրերը և հաղորդակցության դերը:
  • Հաղորդակցման գործընթացը և հաղորդակցության տեսակները:
  • Արդյունավետ հաղորդակցության սկզբունքները:
  • Հաղորդակցման խոչընդոտները:
  • Հարաբերությունների ստեղծում, վստահության ձևավորում, ազդեցություն:
  • Հաղորդակցման էթիկետ, դրական կերպարի ստեղծում:
  • Ջատագովություն (ադվոկացիա). ի՞նչ է ջատագովությունը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ադվոկացիա իրականացնելու համար. հիմնախնդրի բացահայտում, պլանավորում, մոբիլիզացում և գնահատում:
  • Խնդրի սահմանում և վերլուծություն:
  • Ռազմավարության, մարտավարության և գործիքների մշակում:
  • Համայնքային մոբիլիզացիա, ցանցերի ստեղծում և շահերի պաշտպանություն:
  • Ադվոկացիոն ծրագրի մշակում:
  • Լրատվամիջոցների և որոշումներ կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցման ծրագրի մշակում:

Դասընթացավարների կողմից թեմաների ամբողջական ներկայացումից հետո Տրանս ԼԳԲԻՔ երիտասարդ ակտիվիստները ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ կատարեցին գործնական աշխատանքներ, քննարկեցին իրավիճակներ (օրինակ՝ առցանց հարթակում և առօրյա կյանքում իրենց նկատմամբ կիրառվող ատելության խոսքն ինչպես հասարակության լայն շերտերի, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պաշտոնյաների կողմից), խոսեցին իրենց առջև ծառացած մարտահրավերներից, խտրականության դեպքերից ու դրանց նվազեցման համար համապատասխան լուծումներ առաջարկեցին:

Ի թիվս դասընթացի թեմաների, անդրադարձ կատարվեց նաև Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամների միջև հետագա համագործակցությանը, մշակվեց ճանապարհային քարտեզ, ըստ որի նախատեսվում է հակագենդերային հռետորաբանության և ատելության խոսքի նվազեցմանն ուղղված իրազեկման արշավներ և ակցիաներ կազմակերպել հասարակական վայրերում, կազմակերպություններում և կրթական հաստատություններում:

Մասնակիցներից Կուկա Կասյանի կարծիքով Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքների հետ կապված խնդիրները ավելի շատ արմատացած, կարծրատիպային և ավանդույթային, քան իրավական բնույթ ունեն, և դրանց դեմ պայքարելու համար պետք է հնարավորինս կարողանալ ազդել տրանսֆոբ մարդկանց մտածողության վրա, համայնքի անդամներին անհրաժեշտ է կրթվել և տրանսգենդեր անձանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տարածել քաղաքացիների շրջանում, ինչի համար նա այս տեսակ միջոցառումները բավականին կարևոր և արդյունավետ է համարում: Տրանսգենդեր ակտիվիստ Մոնիկա Սարկիսյանը նշեց, որ կարծիքների փոխանակման շնորհիվ հնարավոր եղավ հետագա գործողությունների իրատեսական պլան մշակել, իսկ Վիվիեն Բաբայանն ընդգծեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում է սոցիալական մեդիայում տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ և վստահ է, որ դասընթացավարների ու ակտիվիստների համատեղ ջանքերով վերջապես հնարավորություն կունենա ատելության խոսքը և համայնքի մասին սուտ տեղեկատվությունը նվազեցնելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ դասընթացն իրականացվել է «Հայաստանում հակագենդերային և հակատրանս հռետորաբանության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում՝ ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ:

Հոկտեմբերի  8, 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին