EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի օգոստոսին ՀՀ Լոռվա մարզում առաջին անգամ իրականացրեց «Փոփոխության ձայնը» երիտասարդական ակադեմիան՝ ներգրավվելով ՀՀ տարբեր մարզերում բնակվող Տրանս ԼԳԲԻՔ երիտասարդների։ Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց քաղաքացիական մասնակցությունն ու սոցիալական ներառումը Հայաստանում՝ իրազեկվածության բարձրացման և ակտիվիստական կարողությունների զարգացման միջոցով։

«Ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով հարյուր հիսունինը դիմորդներից ստիպված էինք ընտրել ընդամենը 20 դիմորդի: Հուսով եմ, որ ակադեմիան կկրի շարունակական բնույթ՝ ապահովելու համայնքի բոլոր անդամների ակտիվիստական կարողությունների ձևավորումը և խթանելու նրանց ներգրավվածությունը սոցիալական կյանքում։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյան

Ակադեմիայի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց բոլոր մասնակիցներին ընտրվելու կապակցությամբ, ապա հավելեց, որ ԼԳԲՏԻՔ համայնքի անդամների համար առաջին անգամ է նմանատիպ ձևաչափով դասընթաց անցկացվում Հայաստանում, որ այս հնարավորությունը պետք է օգտագործել կրթվելու, ավելի ուժեղ դառնալու, ՀՀ-ում ակտիվիստական գործունեություն ծավալելու համար առկա ռեսուրսները բացահատելու և համայնքի շահերի պաշտպանության մեջ ներգրավվելու համար։

Ընդհանուր առմամբ, ակադեմիայի ընթացքում նախատեսված էր 7 թեմատիկ ոլորտ.

  • Գաղափարների գեներացում
  • Քննադատական մտածողության ձևավորում
  • Մշակութային արժեքների ձեվավորում
  • Ջանքերի միավորում՝ հանուն բարեկեցիկ ապագայի
  • Մարդը՝ որպես բարձրագույն արժեք
  • Հանրային արշավներ գյուղական համայնքներում
  • Փոփոխություն կերտողները ՄԵՆՔ ենք

Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման, առաջնորդության և ակտիվիզմի, շահերի պաշտպանության և քարոզարշավներ վարելու հմտությունների, ծրագրային առաջարկներ գրելու և ներկայացնելու վերաբերյալ, ստանացան անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետների կողմից՝ մշակված ծրագրերը ֆինանսավորման ներկայացնելու վերաբերյալ, համայնքի այլ ներկայացուցիչների հետ փոխանակվեցին անհատական փորձով և նոր գաղափարներով։

«Ակադեմիան ինձ տվեց այնպիսի հնարավորություններ, որն ինձ չի հաջողվել ստանալ դպրոցում, համալսարանում, աշխատավայրում։ Սա ամբողջովին նոր ձևաչափ էր, հիմա ինձ ուժեղ ու վստահ եմ զգում իմ գիտելիքներով»։

Տրանսգենդեր կին, ակտիվիստ

Տարիներ շարունակ Տրանս ԼԳԲԻՔ անձինք, ենթարկվելով խտրական վերաբերմունքի, հնարավորություն չեն ունեցել այցելել կրթական կենտրոններ, ճանաչել ՀՀ մշակութային ժառանգությունը, բացահայտել իրենց կարողությունները և ունակությունները։ Այդ իսկ պատճառով կրթական տարրը զուգորդվում էր ճանաչողական այցերով. համայնքի ներկայացուցիչները այցելեցին Տավուշի և Լոռվա մարզերում գտնվող նորարարական և մշակութային կենտրոններ, ինչպիսիք են Հ. Թումանյանի տուն թանգարանը, Լոռվա բերդը։

«Ինձ համար միշտ երազանք  է եղել այցելել ՀՀ մշակույթային կենտրոններ և տեղում ծանոթանալ մեր մշակույթի հետ, սակայն չեմ կարողացել, մտածել եմ, որ ինձ կխտրականացնեն, թույլ չեն տա։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար»։

Նույնասեռական տղամարդ

Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց լինել «ՔՈԱՖ» ՍՄԱՐԹ կենտրոնում՝ բացահայտելու իրենց ինտելեկտուալ կարողություններն ու ընդլայնելու սովորելու շրջանակները, տարբեր սրահններում մասնակցելու քննարկումների և բանավեճերի։

«Այս նորարարական կենտրոնն ինձ նոր շունչ է տալիս, այստեղ ապագան ապահով և բարեկեցիկ եմ տեսնում բոլորիս համար»։

Տրանսգնդեր կին, ակտիվիստ

Ակադեմիայի փակմանը մասնակիցները ստացան վկայականներ՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ստացած փորձն ու գիտելիքներն ապագայում կիսել այն մասանկիցների հետ, որոնք չկարողացան մասնակցել։

Սույն ակադեմիան հնարավոր է դարձել իրականացնել Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ։

Օգոստոսի 24,2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին