EN
>

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 15:57-ին Aysor.am կայքում հրապարակված՝ «Կուբայից ժամանած 14 տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիր են, պնդում է Մալյանը. Ի՞նչ է ասում Միգրացիոն ծառայությունը» հոդվածից տեղեկանում ենք, որ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը վստահեցնում է՝ Հայաստանում գտնվող տրանսգենդերների մասին իր ինֆորմացիան պաշտոնական է։
Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»։
Պարոն Մալյանի սոցիալական կայքէջի ուսումնասիրության արդյունքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն եզրահանգեց, որ վերջինիս կողմից արված արտահայտությունները ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով պարունակում են հանցակազմ, մասնավորապես՝ 
պնդելով, որ ստացված տեղեկությունները պաշտոնական աղբյուրներից են, կարելի է եզրակացնել, որ եթե Կուբայից ժամանած թվով 14 տրանսգենդեր անձինք ՄԻԱՎ վարակակիրներ են, ապա նշյալ տեղեկատվությունը ձեռք է բերվել կա՛մ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց միջոցով, կա՛մ  ապօրինի այլ ճանապարհով:
ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝
առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝
մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Պարոն Մալյանը, առարկայացնելով ապաստան հայցող տրանսգենդեր անձանց, նրանց մասին խոսելիս օգտոգործել է «հատ» բառը, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել, որ պարոն Մալյանը նվաստացուցիչ մոտեցում ունի մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ՝ պայմանավորված նրանց սեռով, ազգային կամ էթնիկ ծագմամբ, ենթադրյալ գենդերային ինքնությամբ, ենթադրյալ ՄԻԱՎ կարգավիճակով, կամ ենթադրյալ սեքս աշխատող լինելուց կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
Նկատի ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝
  1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով: 
  2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
 Ընդունելով, ՀՀ  Սահամանդրության հոդված 3-ը՝
  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Փաստելով, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 
Ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված քրեական գործ հարուցելու առիթներից`
  1. հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, ներկայացնելով վերոնշյալ փաստերը, հանցագործության մասին հանրային հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել Նարեկ Մալյանի հրապարկումը՝ ենթադրյալ հանցակազմերի կապակցությամբ։
 Հաղորդման կրկնօրինակն «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ուղարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ վերահսկելու սույն հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու գործընթացի անաչառությունը, օրինականությունը, անկողմնակալությունը և բացառելու հնարավոր խտրականությունն ապաստան հայցող տրանսգենդեր անձնանց նկատմամբ։
Հոկտեմբերի 17, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին