EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

ք. Երևան                                                                                                                                                                            Սեպտեմբեր 21, 2018 
Այսօր սեպտեմբերի 21-ն է, որը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Անկախության օր: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո Հայաստանը հռչակվեց անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս։ Այնուհանդերձ մինչ այժմ արդեն իսկ 27 տարի անկախ համարվող հայ հասարակության մեջ ավանդական պատկերացումներն ու հստակ գենդերային դերերը հույժ կարևորվում են: Սակայն, ցանկացած «դերային» պիտակավորում արդեն իսկ սահմանափակում է անձի ազատությունը։
Ցավոք, տրանսգենդեր անձանց կյանքը դեռ կախված է հասարակության այդ պատկերացումներից։ ՀՀ-ում տրանսգենդեր անձիք զրկված են անձնական կյանքի իրավունքից, ենթարկվում են բռնության, ճնշումների, հասարակական պարսավանքի, ընտանիքների կողմից մերժման, խտրականության և խարանի՝ քարկոծվելով իրենց ազատ կամքի դրսևորման համար, երբ բացահայտվում է նրանց՝ հասարակության կարծրատիպային պատկերացումներից դուրս գենդերային ինքնությունն ու ինքնաարտահայտումը։ Տրանսգենդեր անձանց հանդեպ հայ հասարակությունը դրսևորում է ոչ միայն ատելության խոսք, այլ նաև դա հաճախ վերածվում է ատելության հիմքով հանցագործությունների։ 2017թ.-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունըգրանցել է տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների 100 դեպք, իսկ 2018թ.-ին՝ 123։ Վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ տարեցտարի արձանագրվում է բռնության և ատելության հիմքով հանցագործությունների թվի աճ տրանսգենդեր անձանց հանդեպ։ Ցավոք դա միակ խնդիրը չէ, որին բախվում են տրանսգենդեր անձիք։ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում նաև նրանց առողջապահական հարցերը. չկան սեռափոխության եւ հորմոնոթերապիայի բժշկական կարգավորումներ եւ համապատասխան մասնագետներ, անվանափոխության գործընթացը պահանջում է հոգեբանական եզրակացություն, իսկ գենդերի իրավական ճանաչման գործընթացները նվաստացուցիչ են եւ պահանջում են տրանսգենդեր անձանց պարտադիր ստերիլիզացում։
 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիշեցնում է, որ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ըստ ՀՀ Սահմանադրության հանդիսանում են գերագույն արժեք։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հորդորում է ՀՀ իշխանություններին ապահովել ՀՀ տրանսգենդեր քաղաքացիների հավասարությունը՝ հակախտրականության, սեռափոխության, հորմոնոթերապիայի, անվանափոխության և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ ընդգրկուն օրենսդրության ընդունման միջոցով:
  
     «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության
Սեպտեմբեր 21, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին