EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԿԱՉ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2020 թվականի դեկտեմբերի 10-ին «Մարդու իրավունքների կակաչ 2020» մրցանակը շնորհվեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը մրցանակը հանձնեց կառավարության կողմից կազմակերպված առցանց արարողության ժամանակ։ Միևնույն ժամանակ, Երևանում Նիդերլանդների դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշելու և Լիլիթին շնորհավորելու կապակցությամբ, որի ընթացքում ԱԳ նախարարի անունից Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շերմերսը մրցանակը հանձնեց Լիլիթին։

Լիլիթ Մարտիրոսյանը՝ ՀԿ աշխատակազմի, խորհրդի անդամների և  ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում, ցանկություն հայտնեց մրցանակը տրամադրել տրանս ԼԳԲԻՔ համայնքային ապահով տարածքի ստեղծմանը, որտեղ համայնքի անդամները հնարավորություն կունենան մոբիլիզացվելու, կրթություն ստանալու, որտեղ իրենց կզգան ապահով ու ներդաշնակ։ Լ. Մարտիրոսյանի խոսքերով. «Երբ դու ակտիվիստ ես, պետք է կյանքդ ներդնես քո գործի մեջ՝ փոխելու ուրիշների կյանքը դեպի լավը, պետք է ապրեցնես՝ հույս տալով դիմակայելու աշխարհի ցանկացած մարտահրավերների: Յուրաքանչյուր անհատի համար պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները, որպեսզի նա իրեն երջանիկ և պաշտպանված զգա»:

Մեր աշխատանքների ծավալը տարեցտարի ավելացնելով՝ ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի աջակցենք տրանս ԼԳԲԻՔ անձանց իրավունքների լիարժեք կիրարկմանը, ապահովենք նրանց բարեկեցիկ ապագան, խթանենք ներառական մթնոլորտը, ՀՀ-ն դարձնենք ժողովրդավար և մարդու իրավունքները պաշտպանող երկիր:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների կառավարությանը վստահության և ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև բարձր է գնահատում Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան գործունեությունը և մեր համագործակցությունը դեսպանատան անձնակազմի հետ։

Տրանս ԼԳԲԻՔ անձանց համար նախատեսված ապահով տարածքի պաշտոնական բացումը կկայանա 2022 թվականին։

Դեկտեմբերի 08, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին