EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԿՐԹԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ

2020թ․-ի հուլիս և օգոստոս ամիսներին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է թվով 9 վեբինար, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում էին 15-20 տրանս սեքս աշխատող անձիք։ Վեբինարները կրում էին կրթատեղեկատվական բնույթ, որոնք իրականացվում էին համապատասխան մասնագետների կողմից։ Առաջին վեբինարն անցկացրեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արթուր Մարգարյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես պետք է աշխատել ոստիկանության հետ և ինչպես պաշտպանել իրենց իրավունքները ոստիկանական բաժանմունքներում։ Դասընթացի ընթացքում խոսվեց իրավունքների մասին՝ սեքս աշխատողների շրջանում բարձրացնելով իրազեկվածության մակարդակը։

Հաջորդ վեբինարների ընթացքում խոսել ենք այնպիսի թեմաներից, ինչպիսիք են սեքս աշխատողների իրավունքների պաշտպանությունը, նրանց առողջության իրավունքը և ակտիվ ներգրավվածությունը ջատագովություն իրականացնելու գործընթացներում։ Վեբինարներն անցկացրել են Նորա Պետրոսյանը և Լիլիթ Մարտիրոսյանը՝ մասնակիցների հետ քննարկելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են սեքս աշխատողների նկատմամբ խտրականության նվազեցումը, անվտանգությունը և ապահովությունը համավարակի ընթացքում և դրանից հետո, սեքս աշխատողների նկատմամբ բռնության կանխարգելումը, փոխօգնության խմբեր ստեղծելու կարևորությունը և նրանց շրջանում խնդիրների վերհանումն ու լուծումը։

Վեբինարներն արդյունավետ էին մասնակիցների համար, քանի որ համավարակի շրջանում էլ ավելի են սրվել սեքս աշխատողների խնդիրները և նվազել դրանց լուծման հնարավորությունները։ Չնայած նրան, որ համավարակի ընթացքում աշխատանքները մեծամասամբ իրականացվում են օնլայն հարթակների միջոցով,  սակայն դա չի խանգարում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ իրականացնել միջոցառումներ, որոնք կբարձրացնեն սեքս աշխատողների իրազեկվածությունը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցին՝ այս դժվար ժամանակաշրջանում մեր կողքին գտնվելու համար, վեբինարներն անցկացրած մասնագետներին՝ որակյալ և անհրաժեշտ տեղեկատվությամբ համայնքի հետ կիսվելու, ինչպես նաև վեբինարների բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, կրթվելու ու զարգանալու մոտիվացիայի և համայնքում առաջամարտիկներ դառնալու համար։

Սեպտեմբերի 23, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին