EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Այսօր՝ մայիսի 31-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Ֆրիդըմ Հաուս միջազգային կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին Ժողովրդավարության Հայկական Ֆորումը, որը այս տարի անցկացվում էր «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրի ներքո։ Այն նպատակ ուներ միավորելու քաղհասարակության, ՀՀ պետական մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիվանագիտական և փորձագիտական համայնքի շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու և քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առջև ծառացած հրատապ խնդիրները`անվտանգային ներկայիս մարտահրավերների առկայության պայմաններում։ Ֆորումին հրավիրված էր նաև «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ 
Ներկաներին բացման խոսքով ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Ֆրիդըմ Հաուսի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը։ Ֆորումի` «Անվտանգության բարդ միջավայրում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ֆրիդըմ Հաուսի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, ով, խոսելով Հայաստանում առկա տարբեր մարտահրավերների մասին, անդրադարձավ նաև «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավական զեկույցում փաստագրված տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնության դեպքերին։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն կարևորում է Ժողովրդավարության Հայկական Ֆորումի կազմակերպումը, որտեղ, ի թիվս այլ մարտահրավերների, բարձրաձայնվում են «Իրավունքի կողմ» ՀԿ-ի շահառուների հիմնախնդիրները և քննարկվում են հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների լուծման համար։ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց աջակցելը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման և իրավական հավասարության հաստատման անբաժանելի մասն է։ «Իրավունքի կողմ» ՀԿ- հետևողականորեն շարունակելու է փաստագրել բռնության և խտրականության դեպքերը և բարձրաձայնել դրանց մասին ներպետական և միջազգային հարթակներում, որպեսզի յուրաքանչյուր անհատ ստանա արժանապատիվ և հարգալից վերաբերմունք` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:

Մայիսի 31․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին