EN
>

«ԼԳԲՏԻՔ ԱՆՁԻՔ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԿԼԻՄԱՅԻ» ԴԱՍԸՆԹԱՑ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն Արագ արձագանքման կանանց ֆոնդի ֆինանսական աջակցությամբ իրականացրեց «ԼԳԲՏԻՔ անձինք հանուն բարենպաստ կլիմայի» դասընթացը։

Դասընթացի նպատակն էր խթանել շրջակա միջավայրի պահպանությունը՝ բարձրացնելով ԼԳԲՏԻՔ անձանց իրազեկվածության մակարդակը բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման և բանական օգտագործման վերաբերյալ՝ խթանելով նրանց ակտիվիզմը բնապահպանության ոլորտում։

Դասընթացը վարեց Արտակ Ադամը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

  • էկոլոգիա և բնապահպանություն,
  • գլոբալ տաքացում և կլիմայի փոփոխություն,
  • աղտոտվածությունը և դրա հետևանքները,
  • աղբի տեսակավորում և թափոններ,
  • վեգանիզմ և բուսակերություն,
  • ԼԳԲՏԻՔ անձանց դերը բնապահպանության և գենդերային արդարության հաստատման գործում։

Դասընթացի բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց բոլոր մասնակիցներին ընտրվելու կապակցությամբ,  ապա նշեց, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործել կրթվելու, ավելի ուժեղ դառնալու, բնապահպանության և էկոլոգիայի մասին գիտելիքներ ստանալու, ՀՀ-ում ակտիվիստական գործունեություն ծավալելու համար, հավելեց, որ տարիների ընթացքում սեմինարները շատ կարևոր դեր են ունեցել հարյուրավոր Տրանս ԼԳԲԻՔ անձանց, սեքս աշխատողների, նրանց ծնողների և համակիրների կրթության հարցում, որոնք էլ իրենց ստացած գիտելիքները օգտագործել և օգտագործում են իրենց շրջապատում միջավայրն ավելի լավը դարձնելու համար։

Դասընթացի շրջանակներում 20 Տրանս ԼԳԲԻՔ անձինք ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերեցին գիտելիքներ աղբի տեսակավորման, վնասակար թափոնների ազդեցության և կառավարման, աղտոտվածության նվազեցման, վերամշակման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների, բնապահպանական էթիկայի, վեգանիզմի, էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ, ստացան ադվոկացիոն հմտություններ շրջակա միջավայրի պահպանության և գենդերային արդարության խթանման համար։

Մասնակիցները նշեցին, որ առաջին անգամ են մասնակցում կլիմայի և գենդերային արդարության վերաբերյալ դասընթացի, հետևաբար քննարկվող թեմաները հետաքրքիր էին բոլորի համար։ Շատերը գիտելիքներ չունեին բնապահպանության, գենդերային արդարության և վեգանիզմի վերաբերյալ, իսկ այն մասակիցները, ովքեր բնապահպանական գործունեության փորձ ունեին ողջունեցին Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը նման նախաձեռնության համար, ապա հույս հայտնեցին, որ բնապահպանության թեմայով սեմինարները, քննարկումները և համայնքային հանդիպումները կլինեն շարունակական՝ ներգրավելով համայնքի բազմաթիվ անդամների։

Դասընթացն ուղեկցվեց ինտենսիվ և բուռն քննարկումներով, կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր և ուսուցողական խաղեր բնապահպանության, էկոլոգիայի և այլ թեմաներով։ Մասնակիցներն իրենց հետաքրրող բոլոր հարցերը հղեցին դասընթացավար Արտակ Ադամին և ստացան բավարար պատասխաններ։

Դասընթացի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար, ապա հավելեց, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին և առաջատար Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, ջանք ու եռանդ չի խանայելու իրականացնել ծրագրեր ի շահ Տրանս ԼԳԲԻՔ անձանց, որպեսզի համայնքի անդամներն ապրեն անվտանգ և բարեկեցիկ կյանքով, ապա խոստացավ, որ բնապահպանության և գենդերային արդարության վերաբերյալ ՀԿ գործունեությունը կկրի շարունակական բնույթ, որպեսզի հասարակության շրջանում փոխվի Տրանս ԼԳԲԻՔ անձանց մասին կարծիքը և կարծրատիպային մոտեցումները։ 

Հիշեցնենք, որ սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև աղբահանություն, ծառատունկ, ինչպես նաև թափոնամանների տեղադրում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:         

Մարտի 21, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին