EN
>

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2022 թվականի հունիսի 16-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնաբերել էր, որ անհայտ անձինք մուտք էին գործել կազմակերպության rightsidengo.com պաշտոնական կայքէջ, որտեղից ապօրինաբար ներբեռնել էին կազմակերպությանը պատկանող լուսանկարները, կազմակերպության պաշտոնական լոգոտիպը և այն տեղադրել http://imsaytik.weebly.com/ ինտերնետային կայքում։ Նշված գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել «Իրավունքի կողմ» ԻՀԿ գործարար համբավին և խախտվել են վերջինիս հեղինակային իրավունքները, մասնավորապես կազմակերպության լոգոտիպը պատկանում է կազմակերպությանը և կանոնադրության մաս գրանցված է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում։

Կազմակերպության բողոքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելու և դրան տիրանալու համար, ընդհուպ ազատազրկում՝ մինչև երկու տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ, «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հայտարարում է, որ որևէ կապ չունի նշված՝ http://imsaytik.weebly.com ինտերնետային կայքի հետ, իսկ կազմակերպության լոգոտիպը, ինչպես նաև ցանկացած այլ հեղինակային իրավունքի օբյեկտ՝ ստեղծագործություն օգտագործելը առանց կազմակերպության թույլտվության՝ արգելվում է։

Հուլիս 26, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին