EN
>

«ՀԱՄԱՅՆՔ և ԱԿՏԻՎԻԶՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի հունիսի տասնութին կազմակերպեց «Համայնք և ակտիվիզմ» թեմայով մեկօրյա հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ-ում մարդու իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և տրանսգենդեր համայնքի ակտիվիստներ։

Հանդիպում-քննարկման նպատակն էր բարձրացնել տրանսգենդեր համայնքի իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում աշխատող հասարակական կազմակերպությունների վերաբերյալ և խթանել համայնքի ակտիվ ներգրավվածությունը հկ-ների աշխատանքներում` Հայաստանում ժողովրդավարության և հավասարության ամրապնդման համար:

Բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին հանդիպմանը ներգրավվելու, ակտիվիստական գործունեություն ծավալելու և իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

Տրանսգենդեր ակտիվիստները, որոնք մասնակցել էին նախորդ հանդիպումներին և դասընթացներին կիսվեցին իրենց ստացած գիտելիքներով, կատարած աշխատանքներով, ձեռքբերումներով։ Հաջորդեց պանելային քննարկումը, որտեղ խոսնակները տրանսգենդեր ակտիվիստներ էին, ովքեր տարիներ շարունակ պայքարում են հանուն հավասարության, անվտանգության և ժողովրդավարության։ Բարձրաձայնելով տրանսգենդեր անձանց խնդիրները՝ ակտիվիստները պատմեցին իրենց կյանքի դժվարությունների մասին, թե ինչպես են ենթարկվում խարանի և խտրականության՝ իրենց գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության հիմքով, կրթություն և աշխատանք չունենալու պատճառով:

Հանդիպմանը հարթակ տրամադրվեց ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր իրենց գործունեության վերաբերյալ տրամադրեցին տեղեկատվություն և ներկայացրեցին, թե ինչպես կարող են Տրանս անձինք ներգրավված լինել իրենց աշխատանքներում։ ՀԿ ներկայացուցիչներն էին «Փինք» իրավապաշտպան հկ-ի գործադիր տնօրեն Վաղինակ-Տեր Հովհաննիսյանը, տնօրեն՝ Լիլիթ Ավետիսյանը,  «Բազմազանության» ՀԿ նախագահ Արտակ Առաքելյանը, «Պատվի Շարժում» ՀԿ նախագահ Աշոտ Գևորգյանը, «Ֆիրլես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նոռա Աղազարյանը, «Ֆեմ Գրադարան» ՀԿ համահիմնադիր Արփի Բալյանը, «Հավասարության Հնարավորություն» ՀԿ նախագահ Սեմ Ղուկասյանը, տվյալ ՀԿ-ներից այլ անդամներ ու կամավորներ։

Շարունակելով հանդիպումը՝ տրանս ակտիվիստները և ՀԿ ներկայացուցիչները բաժանվեցին աշխատանքային խմբերի, կատարեցին ակտիվիստերի կարիքների քարտեզագրում՝ օգնելու տրանս ակտիվիստներին իրենց աշխատանքներում։

Խմբային աշխատանքի ավարտից հետո բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց խնդիրները և ՀԿ ներկայացուցիչների կողմից ստացան առաջարկներ՝ հետագայում իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու և տրանս անձանց հզորացնելու համար՝ նրանց ներգրավվելով տարբեր ծրագրերում։

Հանդիպման ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ՀԿ ներկայացուցիչներին՝ կարևորելով համագործակցությունը ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ և ԼԳԲԻՔ անձանց կյանքի որակի բարելավման, անվտանգության և իրավունքների ամրապնդման ու պաշտպանվածության համար։

Հանդիպման ավարտին բոլոր մասնաիկցները շնորհակալություն հայտնեցին հարթակի համար, որը ավելի է մտերմացնում և ուժեղացնում կապը ՀԿ-ների և համայնքի միջև հանուն ընդհանուր արժեքների, առաջարկվեց որպեսզի նմանատիպ հանդիպումները հաճախակի կազմակերպվեն՝ ներգրավվելով այլ ՀԿ-ների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Հանդիպումն իրականացվեց «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Հանդիպման ընթացքում հնչեցրած տեսակետները չեն արտահայտում որևէ կողմի պաշտոնական կարծիքը:

Հունիսի 22, 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին