EN
>

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2022թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր հանդիպում-քննարկումների շարք՝ «ՀՀ-ում բնակվող սեքս աշխատողների խնդիրները, սեքս աշխատանքը և սեռական բռնութունը» թեմայով:

Հանդիպումներից առաջինը նպատակ ուներ օգնել ներկա գտնվող 14 սեքս աշխատող ակտիվիստներին ձեռք բերել սեքս աշխատանքի, ներառյալ՝ սեքս աշխատանքի տարբեր ոլորտների ու ուղիների, առասպելների ու նախապաշարմունքների, խոչընդոտների, ինչպես նաև լավագույն պրակտիկայի վերաբերյալ համապարփակ պատկերացում: Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց հիմնական խնդիրների մասին, խոսեցին տրավմաներից, խարանից, բռնության դեպքերից, հարկադրված գործողություններից, փոխհարաբերություններից, կիսվեցին իրենց ակտիվիստական գործունեությամբ և այլ սեք աշխատող կանանց հզորացնելու գաղափարներով:

Երկրորդ հանդիպում-քննարկմանը մասնակցում էին իրենց կին նույնականացնող թվով 12 սեքս աշխատողներ, ովքեր իրենց կյանքի այս կամ այն փուլում ենթարկվել են սեռական բռնության: Հանդիպման նպատակն էր հոգեբանորեն աջակցել բռնություն վերապրածներին՝ գնահատելով նրանց կարիքներն ու ռիսկերը և խթանել նրանց սոցիալական ներգրավվածությունը: Հանդիպման մասնակիցները տեղեկացան սեռական բռնություն վերապրածների և նրանց ընտանիքի անդամների հոգեբանական տրավմաների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքներ ձեռք բերեցին նմանատիպ դեպքերում այլոց աջակցելու համար: Եվ քանի որ մեր աշխատանքը հիմնված է ապացույցների բազայի վրա, հանդիպման ընթացքում մասնակիցների համաձայնությամբ փաստագրեցինք նկրագրված բոլոր դեպքերը, որպեսզի մեր կողմից մատուցվող ծառայությունները մշակվեն և հնարավորինս համապատասխանեցվեն սեքս աշխատողների կարիքներին:

Երրորդ և չորրորդ հանդիպումները «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բուժման առանձնահատկությունները» թեմայով էին։  Քննարկումներին մասնակցող թվով 21 սեքս աշխատողներ տեղեկացան սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և դրանց բուժման այն նոր մեթոդների մասին, որոնք անցել են հետազոտություն և հիմնված են ապացուցողական բժշկության հիմունքների վրա։ Հանդիպման ընթացքում խոսել ենք հակաբիոտիկների ռեզիստենտականության մասին, ինչը կարող է առողջապահության լուրջ խնդիրներ առաջացնել։ Հանդիպումների ընթացքում հատկապես ուշադրության արժանացան անախտանիշ ընթացող սեռավարակները, որոնք չեն անհանգստացնում պացիենտին, բայց կարող են մի շարք անցանկալի հետևանքների բերել, հավելյալ դժվարություններ հարուցել այդ վարակների վարման հարցում: Մասնակիցները կարևորել են սեռական և վերարտադրողական առողջության շուրջ ծավալվող քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունքում ստացած գիտելիքների անհրաժեշտությունը առողջության պահպանման հարցում։

Նշենք, որ հանդիպում-քննարկումների շարքն իրականացվել է «Կարմիր հովանոց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Հուլիս 16, 2022 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին