EN
>

Հանդիպում-քննարկում սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչների հետ

Սույն թվականի մարտի 2-ին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ապահով տարածքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպումը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․

  • Խտրականությունը սեքս աշխատողների նկատմամբ։
  • Աշխատանքի հետ կապված խնդիրները։
  • Կրթության ոլորտի բացերը։
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ՍՃՓՎ:
  • Covid-19 հետևանքները։
  • Օրենքի բացերը։

Լիլիթը շնորհակալություն հայտնեց սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներին ներկա գտնվելու համար, ապա խնդրեց մասնակիցներին պատմել, թե ինչ խնդիրների են բախվում։

Սեքս աշխատող անձինք բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են ընտանեկան բռությունը, հասարակության կողմից խտրականությունն ու ծաղրը, որոնց բախվել են տարիներ շարունակ։ Ներկա գտնվողներից մի քանիսը պատմեցին, որ լքված են հարազատների կողմից իրենց աշխատանքի ընտրության պատճառով, նշեցին, որ շատ հաճախ անգամ ստիպված են լինում բռնության զոհ դառնալ իրենց իսկ ընտանիքներում։ Լ. Մարտիրոսյանը սեքս աշխատող անձանց հետ կատարեց կարիքների քարտեզագրում, որպեսզի հետագայում տարբեր ծրագրերի միջոցով աջակցություն տրամադրվի նրանց։

Փաստագրելով մի շարք խախտումներ՝ Լ․ Մարտիրոսյանը խնդրեց, որ մասնակիցները ոչ մի խտրականության դեպք չթողնեն անպատասխան և դրա մասին տեղեկացնեն կազմակերպությանը, ինչպես նաև հավելեց, որ ցանկացած պարագայում ՀԿ-ն նրանց համար կապահովի փաստաբանական ներկայացուցչություն ոստիկանությունում և դատարաններում։

Հանդիպմանը ներկա սեքս աշխատող անձինք խնդրեցին ապահովել վերջիններիս ներգրավվածությունը կազմակերպության կողմից իրականացվող կրթական միջոցառումներին, սեմինարներին և այլ ծրագրերին։

Լիլիթ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՎ-ների փոխանցման ուղիների, դրանց կանխարգելման և բուժման եղանակների մասին։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ՀԿ-ի ապագա ծրագրերը, որոնք ուղղված են լինելու սեքս աշխատողների առողջության պահպանմանը և սեռական առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Հանդիպմանը ներկա սեքս աշխատող անձինք խնդրեցին ՀԿ-ին շարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտությունները։

Սեքս աշխատող անձինք պատմեցին, որ համաճարակի ընթացքում եղել են ֆինանսական ծանր վիճակում, քանի որ ստիպված են եղել ինքնամեկուսանալ և անկարող են եղել սեքս աշխատանքով զբաղվել, շատերի համար սեքս աշխատանքը եկամտի միակ աղբյուրն է։ Պետք է նշենք, որ սեքս աշխատող անձանց համար մինչև այժմ գործում են վարչական տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ եթե նույն գործողությունները կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, մասնակիցները ներկայացրին բոլոր այն դեպքերը, որոնց բախվում են, կիսվեցին անհատական պատմություններով, թե ինչպես են օրեցօր ավելանում նրանց նկատմամբ բռնության ու խտրականության դեպքերը։ Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար և ավելացրին, որ միասին պայքարելու են նվազեցնելու խարանն ու խտրականությունը սեքս աշխատող անձանց նկատմամբ՝ ստեղծելով ապահով և ներդաշնակ միջավայր համայնքի բոլոր ներկայացուցիչների համար։     

Մարտի 14, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին