EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է հոմոֆոբիայի, բիֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Աշխարհի մի շարք երկրներում կազմակերպվում են տարատեսակ հանրային միջոցառումներ` տոնելու համար գենդերային եւ սեռական բազմազանությունը։ Հաշվի առնելով հայ հասարակության պահպանողական լինելը և քաղաքական կամքի բացակայությունը ապահովելու համար սեռական եւ գենդերային փոքրամասնությունների հավասարությունը՝ ցավոք, Հայաստանում տրանսգենդեր անձինք շարունակում են մնալ ամենօրյա խարանի, խտրականության, բռնությունների,  նսեմացումների ու նվաստացումների թիրախ։
Չնվազող ատելության մակարդակը առավելապես սրվում է, երբ տարատեսակ ռադիկալ խմբավորումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ,  քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ սպառնալիքներ են հնչեցնում տրանսգենդեր անձանց հասցեին եւ շարունակում մնալ չպատժված պատկան մարմինների կողմից։
Միևնույն ժամանակ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտնում է, որ Ազգային ժողովում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո Հայաստանում տրանսգենդեր իրավապաշտպանները շարունակում են ենթարկվել հալածանքների, քանի որ առ այսօր մահվան սպառնալիքների տեղատարափը չի դադարել, բոլոր սպառնացողները գտնվում են ազատության մեջ, իսկ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը մերժվել է Ոստիկանության կողմից։
Հաշվի առնելով ՀՀ-ում հակախտրականության, ատելության խոսքի, գենդերային հիմքով ատելության հողի վրա բռնությունների վերաբերյալ օրենսդրության բացակայությունը, տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունների թիվը, տրանսգենդեր իրավապաշտպանների չպաշտպանված լինելը, ստեղծված վախի ու անպատժելիության մթնոլորտը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում.
Քաղաքական գործիչներին, Կառավարությանը և ԱԺ պատգամավորներին՝
օր առաջ սկսել տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրության և քաղաքականնությունների մշակումը, ներառյալ՝
  • գենդերային ինքնության և ինքնաարտահայտման հիմքով խտրականությունն արգելող օրենդրության մշակում,
  • գենդերային ինքնության և ինքնաարտահայտման հիմքով ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների քրեականացում,
  • ատելության խոսքի սահմանափակումն արգելող օրենսդրության ընդունում,
  • սեռափոխության և հորմոնաթերապերիայի ոլորտում բժշկական ուղեցույցերի մշակում և ընդունում,
  • սեռի իրավական փոփոխության հետ կապված օրենսդրության բարելավում՝առանց պարտադիր բժշկական միջամտությունների՝ հենվելով անձի գենդերային ինքնության վրա,
  • տրանսգենդեր իրավապաշատպանների ապահավությունն ու անվտանգությունն երաշխավորող օրենսդրության ընդունում։
ՀՀ Ոստիկանությանը՝
իրականացնել բռնությունների թիրախ հանդիսացած տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտապանության ուղղված քաղաքականություններ, ներառյալ՝
  • արձանագրել տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունները որպես գենդերային հիմքով ատելության հողի վրա կատարվող բռնություններ,
  • արձանագրել հնչեցված սպառնալիքները որպես ատելության խոսք,
  • իրականցնել հաղորդումների արդար, թափանցիկ եւ անկողմնակալ քննություն,
  • դադարել տրանսգենդեր անձանց նկատմամբ օգտագործել սխալ, վիրավորական և խտրական տերմինաբանություն գրությունների մեջ և հաղրդակցվելիս։
Կրոնական կառույցներին և առաջնորդներին՝
իրականանցել միայն սեր և հարգանք ոգեկոչող քարոզ, ներառյալ՝
  • ընդունել հավատացյալ տրանսգենդեր անձանց իրենց եկեղեցիներում,
  • իրենց հետեւորդների շրջանում տարածել սեռական եւ գենդերային հավասարության գաղափարախոսությունը,
  • զերծ մնալ քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործադրելուց՝ չմոռանալով որ ՀՀ-ն աշխարհիկ երկիր է, որտեղ եկեղեցին գործում է զատ քաղաքականությունից։
Մեդիա կառույցներին և լրագրողներին՝
Ծավալել որակյալ և անկողմնակալ մասնագիտական գործունեություն՝ չմոռանալով հանրային կյանքի վրա մեդիայի ազդեցության մասին, ներառյալ՝
  • զերծ մնալ իրավիճակը սրող, տրանսգենդեր անձանց վիրավորող և նսեմացնող  մեդիա նյութերի տարածումից,
  • դադարել տրանսգենդեր անձանց արժանապատվությունը վիրավորող նյութեր հրապարակելը,
  • տրանսգենդեր անձանց խնդիրները լուսաբանելիս՝ համապատասխան գիտելիքների և տեղեկատվության պակաս զգալու դեպքում համագործակցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև հիշեցնում է, որ տրանսգենդեր անձինք միշտ և բոլոր ժամանակներում գոյություն են ունեցել մեր հասարակության մեջ, իսկ ներկայիս ժամանակաշրջանի ոգուն համապատասխան ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր համաքաղաքացիներին ցուցաբերել սոլիդարություն և հարգանք սեռական եւ գենդերային փոքրամասնությունների նկատմամբ՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և իրավահավասարության հաստատմանը։
 
Մայիսի 17, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին