EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ք․ Երևան, ՀՀ 20 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 20-ը բռնություններին զոհ դարձած տրանսգենդեր անձանց հիշատակի միջազգային օրն է և մենք՝ որպես տրասնգենդեր անձանց համայնքահեն կազմակերպություն հարգում և հիշում ենք այն տրանսգենդեր անձանց հիշատակը, ովքեր դարձել են ծաղրանքի, խտրականության և բռնության զոհ իրենց գենդերային ինքնության/ինքնարտահայտման պատճառով։
2016-2018 թթ. մենք հավաքագրել ենք տրանսգենդեր անձանց հանդեպ կատարված ատելության հիմքով հանցագործությունների 223 դեպք, ներառյալ ֆիզիկական բռնության, բռնաբարության և առևանգման դեպքերը, որոնք կատարվել են տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների, ազգայնական խմբերի և նույնիսկ հանրային պաշտոնյաների կողմից: Չնայած «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը ներկայացված դեպքերի թվին, ցավոք սրտի, մենք համոզված ենք, որ Հայաստանում տրանգենդեր անձանց իրավիճակը անհանգստացնող է։ Տրանսգենդեր անձինք ենթարկվում են բռնության, խտրականության և ծաղրանքի հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական մարմինները, ոստիկանության բաժանմունքները, ուսումնական հաստատությունները, սպորտային եւ ժամանցային վայրերը, հանրային ծառայություններից օգտվելիս, բնակարաններ վարձելիս, նույնիսկ այսպես կոչված իրավապաշտպան ՀԿ-ներում և այլն։
Չնայած որոշ պետական մարմինների հետ բարեհաջող համագործակցությանը՝ գործող ՀՀ օրենսդրությունը նվաստացնող է ՀՀ տրանսգենդեր քաղաքացիների հանդեպ և խախտում է անձնական կյանքի և ֆիզիկական ու հոգևոր անձեռնմխելիության իրավունքը։ Տրանսգենդեր անձինք գենդերի իրավական ճանաչման համար ստիպված են լինում ենթարկվել տարբեր բժշկական միջամտությունների, որոնք խտրական են, ստորացուցիչ և անհարգալից:
Տրանսգենդեր համայնքի և հայրիշխանական հասարակության միջև առկա սոցիալական կոնֆիլկտն առավել սրվեց հատկապես ՀՀ վարչապետի, ԱԺ փոխնախագահի և այլ պատգամավորների, այդ թվում Ոստիկանապետի և կրոնական առաջնորդների ելույթներից հետո, որոնք նպաստեցին ազգայանականների ակտիվացմանը և Երեւանում մի շարք հակա-ԼԳԲՏ ցույցերի իրականացմանը։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն գտնում է, որ գալիք ընտրություններին ընտրական հաջողությունների՝ սեռական ու գենդերային փոքրամասնություններին քաղաքական թիրախ դարձնելու ռազմավարությունը չի համապատասխանում Թավշյա հեղափոխության «Սիրո և հանդուրժողականության» արժեքներին: Վերջին 2 ամսվա ընթացքում «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն աշխատել է արտակարգ իրավիճակում տրանսգենդեեր անձանց հանդեպ բռնության, ծաղրանքի, խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կտրուկ աճին արձագանքելու համար՝ ջանք չխնայելով համայնքի անվտանգությունը և հոգեբանական բարեկեցությունն ապահովելու համար:
Հիմք ընդունելով Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ տիրող ներկա իրավիճակը, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում՝
Քաղաքացիական հասարակությանը՝
-լինել սոլիդար տրանսգենդեր համայնքի հետ և ընդգրկել տրանսգենդերների խնդիրները իրենց օրակարգում:
-բարձրացնել տրանսգենդեր անձանց հանդեպ համակարգային խնդիրներն ու իրավախախտումները։
-շարունակել ջատագովել հանուն տրանսգենդեր անձանց իրավունքների, գենդերային հավասարության և սոցիալական արդարության։
-նախագծե լև իրականացնել միայն այնպիսի ծրագրեր, որոնք համապատասխանում են մարդու իրավունքների սկզբունքներին:
ԶԼՄ-ներին՝
-խուսափել սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր մարդկանց հանդեպ:
-տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:
-դադարել սնել թյուր նախապաշարմունքները և կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:
-հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը և համագործակցել տրանսգենդեր անձանց հետ ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։
Պետական մարմիններին՝
-իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։
-թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։
-օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։
-ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:
-իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։
-դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով:

Կրոնական առաջնորդներին՝
-խրախուսել սիրո, հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի հաստատմանը` առանց որևէ գենդերային խտրականության:
-ընդունել տրանսգենդեր հավատացյալներին եկեղեցիներում և վերացնել բոլոր տեսակի խոչընդոտները հավատացյալների համայնքի լիարժեք անդամ լինելու համար:
-դադարեցնելու ատելության խոսքերը և կոչերը տրանսգենդեր անձանց հանդեպ, ինչը, անկասկած, հակասում է ցանկացած կրոնական արժեքներին:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հիշեցնում է, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ ապրել բռնությունից, հալածանքներից, խտրականությունից և խարանից զերծ: Մարդկանց իրավունքները պաշտպանելու և գենդերային հավասարության ապահովման ձախողումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեծ խոչընդոտ է և վնասում է Հայաստանի հեղինակությանը որպես մի երկրի, որը փաստացի վերջերս ընտրել էր սերն ու համերաշխությունը:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ը վերահաստատում է հանուն հավասարության իր որդեգրած արժեքներն ու ռազմավարությունը և շարունակելու է ջանք չխնայել Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավահավասարության հաստատման համար:

Դեկտեմբերի 5, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին