EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ, ԲԻՖՈԲԻԱՅԻ և ՏՐԱՆՍՖՈԲԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամբողջ աշխարհում մայիսի 17-ը նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր (IDAHOBIT): Այս օրվա նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց տեսանելիությունը և հասարակության իրազեկվածությունը ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրների և նրանց նկատմամբ ատելության հիմքով խտրականությունների ու հանցագործությունների, ինչպես նաև նախապաշարմունքների մասին, որոնք պայմանավորված են սեռական կողմնորոշվածությամբ, գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ: Հոմոֆոբիան, բիֆոբիան և տրանսֆոբիան արտահայտվում են ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ տագնապի, ատելության, զայրույթի, անհարմարհանքի և վախի զգացումով։

Որպես Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին և առաջատար Տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն՝ Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն 2016թ․-ից ի վեր աշխատանքներ է իրականացնում՝ պաշտպանելով տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց իրավունքները։ Մեզ համար այսօր առաջնային է նաև մարտահրավեր նետել  խտրականությունն ու նախապաշարմունքները հավերժացնող սոցիալական նորմերին, քանի որ այդ պատկերացումների պատճառով է, որ  հոմոֆոբիան, բիֆոբիան, ինտերֆոբիան և տրանսֆոբիան այդքան խորապես արմատացած են մեր հասարակությունում:

Ըստ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով (հոդված 1) և յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն փաստաթղթում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից (հոդված 2)։ Անկախ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային օրենքով սահմանված այս իրավահավասարությանը՝  Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձինք դեռևս շարունակում են բախվել խտրականության, ճնշման և բռնության իրենց կյանքի տարբեր ոլորտներում, ինչի վկայությունն էին ֆիզիկական բռնության և ատելության կոչերի բազմաթիվ դեպքերը վերջին տարիներին: Հասարակության կողմից չընդունվածությունը և պետական համակարգի, մասնավորապես ոստիկանության կողմից անգործությունը հաճախ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց անպաշտպան, անօթևան է դարձնում և որոշ դեպքերում անգամ ստիպում փախչել երկրից: 

Ցավոք, ՀՀ կառավարությունը անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում այս հրատապ խնդիրների լուծմանը, խտրականության դեմ պայքարի քաղաքականությունը անարդյունավետ է, իսկ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մարտահրավերները մարգինալացված, ինչը հանգեցնում է համայնքի ներկայացուցիչների կողմից պետության նկատմամբ վստահության բացակայության։ 

Զանգվածային լրատվության միջոցներով ևս Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը և բռնությունը չի լուսաբանվում, իսկ թեմային անդրադարձ կատարվում է միայն ներքաղաքական շահարկումների, խտրականության ամրապնդման և ատելության խոսքի տարածման շրջանակներում։ 

Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ատելության հողի վրա գենդերային հիմքով հանցագործություններին, խտրականությունից պաշտպանված լինելուն, գենդերի իրավական ճանաչմանը, սեռափոխության վիրահատությանը և հորմոնաթերապիային առընչվող իրավական ակտերի բացակայության պատճառով՝ սահմանափակվում են տրանսգենդեր անձանց հիմնարար ազատություները, ինչպիսիք են ազատ տեղաշարժի իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը և այլն: Այս հիմնախնդիրները մեկուսացնում են տրանսգենդեր անձանց հասարակությունից, տրանսգենդեր անձիք շատ դեպքերում  վարում են փակ կյանք, ենթարկվում ծաղրանքի և ատելության: 

Իրավունքի Կողմ ՀԿ-ի առաջնահերթություններից է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց տեսանելիության բարձրացումը,ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեպքերը արձանագրումը և այդ խնդիրները ներպետական և միջազգային հարթակներում ներկայացնելը։ Հիմնադրումից ի վեր՝ Իրավունքի Կողմ ՀԿ-ի կողմից ՀՀ պետական մարմինների հետ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղված աշխատանքների հիման վրա վերջին տարիներին գրանցել ենք հետևյալ առաջխաղացումները՝

  1. Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ) հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը, ինչը այժմ հնարավոր է կատարել առանց նախկինում պարտադիր համարվող անվանափոխվող անձի տրանսգենդեր լինելը փաստող 3  անձանց վկայության և  պարտադիր հոգեբանական եզրակացության։
  2. 2018 թ․-ին Իրավունքի Կողմ ՀԿ-ի իրավաբանական թիմի ջանքերով առաջին անգամ Դատարանի կողմից ճանաչվել է սեռական կողմնորոշման և (կամ) գենդերային ինքնությամբ  պայմանավորված խտրականության հիմքով իրավունքների խախտումը։ 
  3. 2022 թ․-ին Իրավունքի Կողմ ՀԿ-ն հիմնել է Տրանս ԼԳԲԻՔ համայնքային ապահով կենտրոն, որտեղ արդեն հարյուրավոր ԼԳԲՏԻՔ անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները ստացել են իրավական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն, մասնակցել տարատեսակ կրթական, ժամանցային հանդիպումների և քննարկումների, օգտվել համակարգչային և օտար լեզվի դասընթացներին մասնակցելու հնարավորությունից։

Այս տարի, ի նշան IDAHOBIT-ի, Իրավունքի Կողմ ՀԿ-ն, ի թիվս այլ միջոցառումների, իրականացրել է նաև սոցիալական հարցում Երևանում, որի նպատակն էր բացահայտել հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ և ստացած պատասխանները  փաստում են, որ Հայաստանը դեռևս մեծ է խտրականությունը ԼԳԲՏՔԻ անձանց նկատմամբ։ Այս վիճակագրությունը մտահոգիչ է և ամրապնդում է իրազեկվածության ու իրավունքների պաշտպանության ուղությամբ աշխատանքների հրատապությունը։ Իրավունքի Կողմ ՀԿ-ն հավատարիմ է մնում խտրականությանը վերջ դնելու և բարեփոխումներին աջակցելու իր քաղաքականությանը՝ հանուն խտրականությունից և բռնությունից զերծ աշխարհի, որտեղ յուրաքանչյուր անհատի կստանա արժանապատիվ և հարգալից վերաբերմունք` անկախ գենդերային ինքնությունից, սեռական կողմնորոշվածությունից և գենդերային ինքնաարտահայտումից։ 

Նշելով հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում՝ կոչ ենք անում՝

 

Պետական մարմիններին՝

– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։

– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։

– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։

– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:

– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։

– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով:

ՀՀ ոստիականությանը՝

ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։

ԶԼՄ-ներին՝

– խուսափել սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր մարդկանց հանդեպ:

– տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:

– դադարել սնել թյուր նախապաշարմունքները և կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:

– հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը և համագործակցել տրանսգենդեր անձանց հետ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։

Մայիսի 17,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին