EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

2019 թ․-ի ապրիլի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ տրանսգենդեր անձանց իրավունքներին ուղղված ելույթից հետո ատելության խոսքի ու սպառնալիքների նոր տարափ սկսվեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ  տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի, նրա կոլեգաների և ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ։ Լիլիթ Մարտիրոսյանը 06.04.2019թ.-ին  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել առ այն, որ իր` ՀՀ Ազգային Ժողովում ելույթից հետո «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի առաքիչը համացանցում իր ֆեյսբուքյան էջի միջոցով անօրինական կերպով հրապարակել է իր անձնական տվյալները՝ բնակության հասցեն: Միաժամանակ նույն օրը Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրեց, որ «Արծիվ 30 Արարատ մահապարտ» խումբ անվանումով անձնակազմի անդամի կողմից ստացել է սպանության և բռնության սպառնալիքներ, որը հրապարակվել է տեսանյութի կենդանի հեռարձակման միջոցով:

Հաշվի չառնելով իրական սպառնալիքների բոլոր ակներև ապացույցները՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի կողմից 16.04.2019թ.-ին կայացվել է որոշում  տրամադրված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն վերոնշյալ որոշումը կայացվել է քրեադատավարական օրենքի խախտումներով  և Լիլիթ Մարտիրոսյանի իրավունքների խախտումները իրականում ենթակա են վերացման։

Մասնավորապես՝ հետաքննության մարմինը նշել է, որ «ՍԱՍ» սուպերմարկետի առաքիչը՝ Կարապետ Կարապետյանը, հայտնել է, որ ֆեյսբուքյան այն էջը, որից տարածվել է Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալները, չի պատկանում իրեն և ինքը որևէ կապ չունի դրա հետ, այնինչ, Լիլիթ Մարտիրոսյանը, հաղորդման հետ միաժամանակ ոստիկանության ծառայողներին վայբեր հավելվածով իր հեռախոսով ուղարկել է տվյալ անձի ֆեյսբուքյան էջի գրառումները, որոնք հստակորեն թույլ են տալիս եզրակացնել, որ Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալները, առանց վերջինիս համաձայնության, ինտերնետում տարածել է հենց վերոնշյալ անձը: Ավելին՝ այդ էջում առկա են հենց տվյալ անձի նկարները, ինչպես  հաղորդագրություն այն մասին, որ ինքը հենց այդ օրը առաքում է իրականցրել Լիլիթ Մարտիրոսյանին և  որ կարող է տրամադրել ցանկացած մարդու Լիլիթի բնակության հասցեն։ Տվյալ դեպքում, հետաքննության մարմինը պարտավոր էր հարուցել քրեական գործ և նախաքննության իրականացման ընթացքում արդեն օբյեկտիվորեն հիմնավոր որոշում կայացներ, որն էլ չի իրականացվել և մերժվել է ՀՀ Ոստիկանության կողմից։ Սակայն ակնհայտ է այն փաստը, որ Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալները առանց վերջինիս համաձայնության տարածվել են համացանցում, այսինքն, առնվազն առկա է հանցագործության դեպքը, իսկ թե արդյո՞ք հենց այդ անձն է տարածողը, թե՞ այլ անձ, կարող էր պարզվել միայն նախաքննության ընթացքում:

Ինչ վերաբերում է տեսանյութին և սպանության սպառնալիքներին, ապա հետաքննության մարմինը նշել է, որ դրանք իրական չեն եղել և նույնպես հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Հայկական իրականության մեջ սպառնալիքների իրական և ոչ իրական  բնորոշումները պարզապես կարելի է  դիտարկել ոստիկանության կողմից անլուրջ մոտեցում ՀՀ քաղաքացու կյանքի  իրավունքի  հանդեպ, քանի որ որևէ անձի խոշտանգմամբ սպառնալը կարող է համարվել որպես առնվազն անմարդկային վերաբերմունք միջազգային լավագույն փորձի դեպքում (տե՛ս Քեմփբելը և Քոզանսն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 26) և «մասնավորապես, ֆիզիկական խոշտանգումից վախն ինքնին կարող է համարվել որպես հոգեկան խոշտանգում։

Տեսանյութով և համացանցում առկա ատելության, սպառնալիքի և հաշվեհարդարի բազմաթիվ այլ կոչերը Լիլիթ Մարտիրոսյանի մոտ առաջացրել են տագնապի զգացողություն, վախ սեփական կյանքի և առողջության նկատմամբ, ուստի հետաքննության մարմնի կողմից բավարար ջանքեր չեն գործադրվել, պարզելու, արդյոք տվյալ հանգամանքների ամբողջության մեջ առկա փաստերը վկայում են այդ սպառնալիքների իրական լինելու և դրանք Լիլիթ Մարտիրոսյանի կողմից այդպիսին ընկալելու մասին:

Պետք է ևս մեկ անգամ նշել, որ սահմանափակված լինելով քրեական գործ հարուցելու 10 օրյա ժամանակահատվածով, հետաքննության մարմինը չէր կարող օբյեկտիվորեն դրան գնահատական տալ, ավելին՝ ներկայացված փաստական տվյալները առավել քան բավարար էին, որպեսզի հարուցվեր քրեական գործ և արդեն նախաքննության ընթացքում իրականացվեր պատշաճ քննություն:

Տվյալ դեպքում, ամփոփելով, պետք է նշել, որ հետաքննության մարմնի կողմից Լիլիթ Մարտիրոսյանի հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու պարագայում էական վնաս են պատճառվում վերջինիս օրինական շահերին:

      Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն պահանջում է ՀՀ շարքային քաղաքացու կյանքի իրավունքի անխտիր պաշտպանության պետական պարտավորությունների կատարում:«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դեպքերի կասեցումը բողոքարկել է դատախազություն, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել` դատախազության եւ ոստիկանության արդարացի հետաքննությունն ու պատշաճ աշխատանքը ապահովելու մասով։

Մայիսի 15, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին