EN
>

Հանրային Հայտարարություն կապված Հոմոֆոբիայի, Բիֆոբիայի և Տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան

Մայիսի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիաի դեմ պայքարի միջազգային օր։ 
Ցավոք, Հայաստանում դեռ տրանսգենդեր անձիք ամեն օր բախվում են խտրականության, խարանի և բռնության կյանքի բոլոր ոլորտներում իրենց գենդերային ինքնության և ինքնաարտահայտման պատճառով: Հայաստանում տրանսգենդեր անձիք չունեն հավասար հնարավորություններ և միջոցներ կրթություն ստանալու, աշխատելու, առողջապահական ծառայություններից օգտվելու, ամուսնանալու և այլն։ Դեռ դպրոցական տարիքից, տրանսգենդեր անձիք ենթարկվում են ծաղրանքի, դառնում են ատելության կոչերի, բռնությունների խարանի և խտրականության զոհեր: Անցյալ երկու տարիների ընթացքում մենք փաստագրել ենք 100-ից ավել ատելության հողի վրա գենդերային հիմքով հանցագործությունների դեպք։ Միայն այս տարի «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գրանցել է երկու հարձակման դեպք տրանսգենդեր կանանց վրա, երկու դեպքում էլ տուժողները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Ցավալի փաստ է նաև, որ որոշ զանգվածային լրատվության միջոցներ, քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչներ, և շատ քաղաքական գործիչներ խրախուսում և տարածում են տրանսֆոբիա, ատելություն և բռնություն տրանս անձանց նկատմամբ:  
Ատելության հողի վրա գենդերային հիմքով հանցագործություններին, խտրականությունից պաշտպանված լինելուն, գենդերի իրավական ճանաչմանը, սեռափոխության վիրահատությանը և հորմոնաթերապիային առընչվող իրավական ակտերի բացակայության պատճառով՝ սահմանափակվում են տրանսգենդեր անձանց հիմնարար ազատություները, ինչպիսիք են ազատ տեղաշարժի իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը և այլն: Այս հիմնախնդիրները մեկուսացնում են տրանսգենդեր անձանց հասարակությունից, տրանսգենդեր անձիք շատ դեպքերում  վարում են փակ կյանք, ենթարկվում ծաղրանքի և ատելության:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կոչ է անում պետական մարմիներին, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և այլ շահագրգիռ անձանց դրսևորել քաղաքական և քաղաքացիական կամք՝ ձեռնարկելու համար համապատասխան օրենսդրական, կրթական, առողջապահական և հասարակական փոփոխություններ ի բարօրություն և հավասարություն տրանսգենդեր անձանց։ Տրանսգենդեր անձիք համահավասար ՀՀ քաղաքացիներ են և ունեն այն բոլոր իրավունքները և ազատությունները ինչպես մնացած քաղաքացիները և պետք է ապրեն սիրո և համերաշխության մթնոլորտում։ Մենք հավատացած ենք, որ 21-րդ դարի՝ հեղափոխված և ժողովրդավարության ուղին ընտրած պետությունում տեղ չի կարող ունենալ բռնությունը, խարանն ու խտրականությունը։ 
Մայիսի 17 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին