EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂՈՒՄ 9 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ամենայն խստությամբ դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ատելության և բռնության միջադեպը 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ, որն արտահայտվել է նրանց հանդեպ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:Սույն թվականի օգոստոսի 3-ին տեղացիները շրջափակել են տունը, որտեղ գտնվում էին 9 երիտասարդներ, այդ թվում նաև ԼԳԲՏ անձիք, ատելության կոչեր ու սպառնալիքներ են հնչեցրել նրանց հասցեին, փորձել նրանց տնից հանել՝ արտաքին տեսքի պատճառով ենթադրելով, որ նրանք պատկանում են ԼԳԲՏ խմբին: Մոտ 30 տեղացիները հարձակվել են 9 երիտասարդների վրա` քարերով հարվածելով նրանց։ Մինչ այդ, տուժող անձիք ոստիկանություն են կանչել, որն եկել է 1,5 ժամ ուշացումով՝ անկախ տուժածների նկատմամբ հնչած սպառնալիքներին:
Նրանցից մեկի խոսքերով. «Զուտ սարսափելի էր։ Երբ քեզ շրջափակում են, քարեր են շպրտում, վիրավորում են ու դու արդեն համակերպվել ես, որ մեռնում ես ու հետո կարդում ես մեկնաբանությունները, որ դա քեզ քիչ էր, քեզ դեռ պիտի վառեյին, քառատեին, սպանեին․ ապշում ես։ Հավատացե՛ք, ամենամոլեռանդ հոմոֆոբին չեմ ցանկանա տենց 1,5 ժամ ունենա»:
Սոցիալական ցանցերում Շուռնուխի դեպքը բուռն արձագանք է գտել: Շատերն արտահայտում են ԼԳԲՏ-ֆոբ վերաբերմունք տուժողների հանդեպ՝ արդարացնելով բռնությունը, սպառնալով եւ ատելության կոչեր հնչեցնելով։ Սույն միջադեպի վերաբերյալ արտահայտվել են անգամ քաղաքական գործիչները։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը մեկնաբանել է.  «…մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»:  Մենք անընդունելի ենք համարում քաղաքական գործչի կողմից նմանատիպ մեկնաբանությունը եւ դատապարտում ենք կամայական տեսակի սպառնալիք, ատելության կոչ կամ խտրականության դրսեւորում ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Նման կոչերը քարոզում են խտրականություն եւ ատելություն՝ նպաստելով անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը եւ սերմանում սեգրեգացիա:  «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնում է իր զորակցությունը Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց։
Պահանջում ենք ՀՀ պետական մարմիններից գործի անաչառ, արդար, անկողմնակալ քննություն և մեղավորների օրինաչափ ու խստագույնս պատիժ: Միաժամանակ, հերթական անգամ կոչ ենք անում ՀՀ պետական մարմիններին անհապաղ դրսևորել քաղաքական կամք՝ բարելավելով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը եւ հրատապորեն դադարեցնել քաղաքական գործիչների կողմից հնչող սպառնալիքները ԼԳԲՏ անձանց հասցեին։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին