EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամեն տարի դեկտեմբերի 17-ը նշվում է  որպես սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրվա նպատակն է ողջ աշխարհում բարձրաձայնել սեքս աշխատող անձանց նկատմամբ ատելության կոչերի, ատելության հիմքով հանցագործությունների մասին, հասարակական խարանի ու խտրականության մասին, կանխել դրանք և նպաստել սեքս աշխատանքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր գործունեության հինգ տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել է սեքս աշխատող անձանց, հատկապես Տրանսգենդեր սեքս աշխատող անձանց նկատմամբ խարանի ու խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների մասին, տրամադրել է իրավաբանական աջակցություն սեքս աշխատողներին, քանի որ նրանք ենթարկվել և ենթարկվում են բռնության բոլոր ձևերի և նրանց իրավունքները խախտվում են ամեն օր։

Սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպում է հանրային արշավներ սեքս աշխատողների իրավունքների պաշտապնության ու նրանց մասին հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման համար՝ կոտրելու սեքս աշխատողների մասին արմատացած կարծրատիպերն ու վերացնելու նրանց նկատմամբ ձևավորված բացասական կարծիքը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում սեքս աշխատողների նկատմամաբ բռնությունները և տիրող իրավիճակը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում․

Քաղաքացիական հասարակությանը ընդգրկել սեքս աշխատողների խնդիրներն իրենց օրակարգում և շարունակել իրականացնել ջատագովություն՝ խտրականության ու խարանի վերացման համար։

ԶԼՄ-ներին օգտագործել «սեքս աշխատող» և «սեքս աշխատանք» եզրույթները և զերծ մնալ  
ատելության ու խտրականության քարոզից սեքս աշխատողների նկատմամբ, լինել անաչառ և անկողմնակալ, պահպանել լրագրողական էթիկան և մատուցել լուրերն առանց խեղաթյուրելու և աղավաղելու։

Պետական մարմիններին  իրականացնել համապատասխան իրավական քայլեր՝ ապահովելու սեքս աշխատողների նկատմամբ խտրականության, վարչական տուգանքների բացառումը, օրենքով ապահովել
սեքս աշխատողների պաշտպանվածությունը և անվտանգությունը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հիշեցնում է, որ բոլորը իրավահավասար են և իրավունք ունեն ապրելու առանց բռնությունների, խարանի ու խտրականության։
Կազմակերպությունը վերահաստատում է հանուն հավասարության իր որդեգրած արժեքներն ու ռազմավարությունը և շարունակելու է ջանքեր չխնայել Հայաստանի Հանրապետությունում սեքս աշխատող անձանց իրավունքների լիարժեք կիրարկման համար

Դեկտեմբերի 17, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին