EN
>

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՎՐԱ

Տրանսգենդեր համայնքը հայաստանյան իրականությունում մշտապես եղել է ամենախտրականացված խմբերից մեկը։ Այս օրհասական պահին անգամ տրանսֆոբ մարդիկ առիթը բաց չեն թողնում հերթական անգամ ապացուցելու իրենց խտրական վերաբերմունքը և ատելությունից կուրացած լինելը։

2020թ. ապրիլի 4-ին, տրանսգենդեր Հ-ն իր բնակարանում ենթարկվել է բռնության, ազատությունից ապօրինի զրկվել է երեք անձանց կողմից: 

Մասնավորապես, ոմն Ա., ով հանդիսանում է Հ.-ի ծանոթը, կեղծ պատրվակով իր ընկերների հետ միասին այցելել են Հ.-ին և նրանից պահանջել նախկինում իրենց բնակարանում վարձով բնակվելու գումարները, որոնք իրականում Հ-ն վճարել է: Ստանալով մերժում, Հ.-ն իր բնակարանում ենթարկվել է ազատությունից ապօրինի զրկման, արգելվել է նրա տեղաշարժը, նրանից վերցրել են իր բջջային հեռախոսները և ենթարկել են ծաղրուծանակի, ինչպես նաև Ա. անունով անձը իր հեռախոսով նկարահանել է Հ.-ին և սպառնացել վերջինիս մասին անձնական բնույթի տեղեկություններ տեղադրել համացանցում: 

Հ.-ի կողմից այդ ընթացքում ժամը 17:32-ին ոստիկանություն ահազանգ կատարվելուց հետո Ա.-ն և իր ընկերները, ինչպես նաև Հ.-ն գնացել են ոստիկանություն, որտեղ ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է Հ.-ին բերման ենթարկելու արձանագրություն 17:45-ին, չնայած այն հանգամանքին, որ Հ.-ն իր կամքով է գնացել այնտեղ: Ինչպես պարզվել է հետագայում, Ա.-ն և իր ընկերները նույնպես զանգահարել են ոստիկանություն ժամը 17:45-ին և հայտնել, թե իբր Հ.-ն խարդախություն է կատարել և վարձակալության դիմաց իր գումարները խուսափում է վճարելուց:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն:

Այսինքն, պետք է արձանագրել, որ անձը կարող է բերման ենթարկվել միայն հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի դեպքում: Այնինչ, տվյալ պարագայում, Հ-ն չէր կարող բերման ենթարկվել, քանի որ առկա չի եղել հանցագործություն կատարելու բավարար հիմքեր, այն էլ այն դեպքում, երբ Ա.-ն և իր ընկերները ոստիկանություն զանգահարել են 17:45-ին և օբյեկտիվորեն հնարավոր չէր հենց նույն րոպեին բերման ենթարկել Հ.-ին: 

Ակնհայտ է, որ բերման արձանագրությունը Հ.-ի նկատմամբ կազմվել է սոսկ նրա ազատությունը ժամանակավորապես սահմանափակելու ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը քողարկելու նպատակով, ինչը դատապարտելի է: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62,Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98): Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով (Շաբելնիկն ընդդեմ Ուկրաինայի (Shabelnik v. Ukraine) գործով վճիռ, 2009թ. փետրվարի 19, գանգատ թիվ 16404/03, կետ 52):

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ բնակարանի վարձը չվճարելու հանգամանքը, եթե նույնիսկ այն առկա է, չի վկայում խարդախություն կատարելու հանցակազմի մասին, այն կարգավորվում է քաղաքացիաիրավական հարաբերություններով և որևէ կերպ չի կարող վկայել հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության մասին: 

Ուստի, ելնելով վերոգրյալից, դատապարտում ենք տրանսգենդեր Հ.-ի նկատմամբ քաղաքացի Ա.-ի և իր ընկերների կողմից իր բնակարանում հարձակման ենթարկվելը, ինչպես նաև ոստիկանության գործողությունները, որոնք, առանց բավարար հիմքերի Հ.-ի նկատմամբ կազմել են բերման ենթարկելու արձանագրություն և ժամանակավորապես սահմանափակել նրա ազատությունը: 

Սույն հայտարարությունը կուղարկվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ումից ակնկալում ենք պատշաճ քննություն ոստիկանության գործողությունների իրավաչափության նկատմամբ: 

Ինչպես տեսնում եք, նույնսիկ համավարակը ատելությամբ լցված մարդկանց ետ չի պահում իրենց խտրական և հանցավոր գործողություններն իրագործելուց։ Դեռ հակառակը, այս օրերին ԻԿՀԿ իրավաբանի զբաղվածությունն էլ ավելի է շատացել, վերջինս ստանում է բռնության ենթարկված և խտրականացված տրանսգենդեր անձանց բազմաթիվ զանգեր և բողոքներ:

Ապրիլի 8, 2020 Հայաստան,  Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին