EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք, ս.թ. փետրվար ամսին երեք տրանսգենդեր կանայք հանգստի նպատակով ձեռք էին բերել տուրիստական տասնչորսօրյա փաթեթներ դեպի Եգիպտոս՝ Շարմ էլ Շեյխ։ Փետրվարի 19-ին ժամանելով Շարմ էլ Շեյխի օդանավակայան՝ անցակետում վեց ժամ սպասելուց հետո տեղեկացվել են, որ երեքն էլ չեն կարող երկիր մտնել, քանի որ անձնագրում նշված է, որ տղամարդ են, կարող են մուտք գործել երկիր միայն անձնագրում սեռի մասին նշումն իգական դարձնելուց հետո։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն դիմել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն դեպքի առթիվ պարզաբանումներ ստանալու համար։

Ս.թ. ապրիլ ամսին «Իրավունքի կողմ» ՀԿ-ն ստանում է պաշտոնական պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետևյալի վերաբերյալ, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն Դ. Ղ.-ի, Հ. Դ.-ի և Է. Ա.-ի մուտքը Եգիտոս արգելելու պատճառը եղել է հիշյալ անձանց անձնագրում նշված սեռի և իրենց արտաքինի անհամապատասխանությունը։

Նման դեպքերը, երբ խախտվում են տրանսգնեդեր անձանց իրավունքները թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս բազմաթիվ են, և դրանք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն բազմիցս է այս խնդրի մասին բարձրաձայնել ՀՀ առողջապահության նախարարությունում, արդարադատության նախարարությունում և այլ գերատեսչություններում՝ լուծումներ ստանալու նպատակով, սակայն մինչև օրս ոչ մի դրական պատասխան չի ստացել կամ նամակները մնացել են անպատասխան։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում անհապաղ կատարել օրենսդրական բարեփոխումներ՝ վերացնելու առկա խնդիրը, որին տարիներ շարունակ բախվում են տրանսգենդեր անձինք՝ ստանալով բազում հոգեբանական տրավմաներ, որոնք էլ ազդում են նրանց կյանքի որակի վրա։

ՀՀ ակտերի գրանցման Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է մասնավորապես հետևյալ դեպքերում, երբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթ: Այսինքն, եթե անձը ցանկանում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ (սեռի մասին գրառման փոփոխություն), նա պետք է՝

  1. Իրականացնի սեռափոխություն:
  2. Ներկայացնի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից տրված սեռի փոփոխության մասին փաստաթուղթ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Գարսոնը և Նիկոտը ընդդեմ Ֆրանսիայի (ECHR 21 (2017) 06.04.2017) գործով կայացրած վճռով անդրադարձ է կատարել նշված հիմնախնդիրներին, մասնավորապես, նշելով, որ․ տրանսգենդերների սեռական ինքնության ճանաչումը բժշկական միջամտությունների ենթարկվելուց հետո, որը նրանք չեն ցանկացել իրականացնել, նշանակում է անձնական կյանքի հարգելու իրավունքի լիակատար ապահովման մերժում: Դատարանը համարեց, որ անձի տեսքի փոփոխությունը, սեռափոխության վիրահատության, ստերջացման կամ այլ բժշկական միջամտությունների միջոցով, հանգեցնում է անդառնալի հետևանքների և խախտում է անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը: Դատարանը համարեց, որ պատասխանող պետությունը ձախողվել է իր պոզիտիվ պարտավորության իրականացման հարցում` ապահովելու անձնական կյանքը հարգելու իրավունքը: Դատարանը գտնում է, որ այս առնչությամբ 8-րդ հոդվածի խախտում է եղել։ Բացի այդ, պարտադիր ստերջացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննադատել է Y.Y.- ն ըդդեմ Թուրքիայի և Soares de Melo-ն ընդդեմ Պորտուգալիայի գործերում:

Այսինքն՝ պետք է արձանագրել, որ պետությունը չի կարող անձին հարկադրել կատարել սեռափոխության վիրահատություն, քանի որ այն ամբողջովին խաթարում է պետության պարտավորությունը հարգելու յուրաքանչյուրի անձնական կյանքի և ազատության անձեռնմխելիությունը։ Գենդերային ինքնությունը կամ սեռական կողմորոշվածությունը մարդու մասնավոր կյանքի մասն է կազմում և անձը չպետք է իր ֆիզիկական և հոգևոր անձեռնմխելիության և սեռական կողմորոշվածության կամ գենդերային ինքնության միջև կատարի ընտրություն։ Բացի այդ, գենդերային ինքնության ապացույց պահանջելը նվաստացուցիչ է, ոտնահարում է անձի արժանապատվությունը:

ՀՀ սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

Այսպիսով, վերոգրյալ փաստական և իրավական հանգամանքների ուսումնասիրությունը հանգում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում առկա կարգավորումները հարկադրում են անձին ենթարկվելու սեռափոխության վիրահատության (ստերջացման)՝ քաղաքացիական կացության գրանցման ակտերում փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար, ինչն ինչպես արդեն փաստվեց և հիմնավորվեց, հանդիսանում է մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն, եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ազգային օրենսդրության խախտում։ Ուստի, պետք է արձանագրել, որ պետությունը ստիպում է անձին դիմելու անդառնալի վիրաբուժական միջամտության՝ քաղաքացիական կացության գրանցման ակտում ուղղում կատարելու համար, ինչն անթույլատրելի է և հակասում է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Հայաստանում նաև բացակայում են իրավական կարգավորումները, ըստ որոնց կսահմանվեր սեռափոխության մասին բժշկական կազմակերպության կողմից տեղեկանք տրամադրելու նորմերը և կարգավորումները, առողջապահության նախարարությունը մինչ այժմ չի հստակեցնում՝ որն է համարվում սեռափոխություն։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացված  ուսումնասիրության արդյունքում հավաքագրվել են մի շարք ԱՊՀ երկրներ, որտեղ միայն հոգեբանի կամ հոգեբույժների խմբի եզրակացության փաստաթուղթը բավարար է, որ անձը փոխի իր անձնագրային սեռը՝ առանց պարտադիր բժշկական միջամտության։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն քայլեր է ձեռնարկում խնդրի արմատական լուծման ուղղությամբ: Հետագա ընթացքի վերաբերյալ կարող եք տեղեկատվություն ստանալ մեր պաշտոնական կայքեջից:

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հորդորում է տրանս անձանց  չեղարկել պլանավորած այցերը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Ապրիլի 28,2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին