EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն մտահոգված է վերջին ժամանակաշրջանում տրանսգենդեր անձանց նկատմամբ տեղի ունեցող բռնության դեպքերի կապակցությամբ. մեկ ամսվա ընթացքում վեց և ավելի դեպք։ Դեպքերից չորսի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում, մնացած երկուսի դեպքում տրանսգենդեր անձինք չեն դիմել ոստիկանություն, քանի որ վախեցել են, որ իրենց անձնական տվյալները կհրապարակվեն։

 Ամփոփ դեպքերի նկարագրություն

2022 թվականի հուլիսի 31-ին Երևան քաղաքի Ռոսիա կինոթատրոնի տարածքում Վահե Եղիազարյանը ուղիղ եթերի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելով ծեծի է ենթարկել տրանսգենդեր կնոջը՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ և հոգեբանական ցավ։ Տեսանյութում հնչում են ատելություն հրահրող կոչեր, հայհոյանքներ, սպառնալիքներ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, այն մասին որ նմանատիպ դեպքերը շարունակվելու են իր կողմից։ Բռնությունը արդարացնելու և խրախուսելու նպատակով «Լույսի Բանակ» ՌԲՀԿ-ն շնորհակալագիր է հանձնել Վահե Եղիազարյանին։

2022 թվականի թվականի օգոստոսի 13-ին առավոտյան 06.30 մի խուբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել տրանսգենդեր կին, որը ստացել է մարմնական և հոգեբանական տարբեր վնասվածքներ։

2022 թվականի օգոստոսի 19-ին Քաջազնունի փողոցում Յանդեքս տաքսի ծառայության վարորդներից մեկի կողմից հարձակման և բռնության է ենթարկվել տրանսգենդեր կին՝ ստանալով մարմնական և հոգեբանական վնասվածքներ։

2022 թվականի հուլիսի 30-ին Յանդեքս տաքսի ծառայության վարորդը Երևան քաղաքի Աբովյան փողոցում բռնության և սպանության սպառնալիքներով մեքենայից իջեցրել է երկու տրանս անձանց, հայհոյել է բազմաթիվ անձանց ներկայությամբ և մեքենայում եղած և որպես սառը զենք օգտագործվող առարկայով հարձակվել է տրանս անձանց վրա՝ ասելով, որ նրանց նմաններին պետք է սպանել և վառել։

2022 թվականի օգոստոսի տասներեքին, մի խումբ անձինք Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում հարձակվել են և բռնության են ենթարկել տրանսգենդեր կնոջ՝ վնասելով դեմքը և մարմնի տարբեր հատվածներ, պատճառելով ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ։

2022 թվականի օգոստոսի 17-ին «Ակվատեկ» սպորտային համալիրի անվտանգության աշխատակիցը հրմշտելով դուրս է հանել տրանսգենդեր անձին՝ ասելով, որ սա իրենց տեղը չէ։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն տրանսգենդեր անձանցից բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում այն մասին, որ վերջին զարգացումների պատճառով ենթարկվում են բռնության, հետապնդումների և ստանում են սպանության բազմաթիվ սպառնալիքներ, որ այլևս չեն կարողանում ապրել վախի և տագնապի մթնոլորտում։

Այս ամենին նպաստում է Գոռ Վարդանյանի մասնակցությամբ Երկիր Մեդիա ՀԸ-ով հեռարձակվող «Կոռուպցիա 2, հատուցում» հեռուստասերիալը, որտեղ հայհոյախառն, նվաստացուցիչ կերպով խոսվում է տրանսգենդեր անձանց մասին, որտեղ համայինքի անդամներն անվանվում են «վիժվածքներ», նշվում է, որ տրանս անձինք բանտում պետք է պահվեն և ծեծվեն, օգտագործվում են վիրավորող և նվաստեցնող բառեր, որն էլ խաթարում է տրանս անձանց արժանապատիվ կյանքը, անվտանգությունը և բարօրությունը։

Հաջորդ մտահոգիչ փաստն այն է, որ տրանսգենդեր կնոջը բռնության ենթարկող Վահե Եղիազարյանը շարունակում է իր սոցիալական էջերի միջոցով հասարակության շրջանում տարածել բռնության կոչեր և հայտարարություններ՝ վտանգելով բազմաթիվ տրանսգենդեր անձանց կյանքը և անդորրը։ Սույն հայտարարություններին հաջորդում են տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունը խրախուսող մեկնաբանությունները և հրապարակումները։

Բռնարարները ազատության մեջ են, իսկ անպատժելիության մթնոլորտը խթանում է ծայրահեղական խմբավորումների ձևավուրումը։ Չնվազող ատելության մակարդակը առավելապես սրվում է, երբ տարատեսակ արմատական խմբավորումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ,  քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ ատելության կոչեր ու սպառնալիքներ են հնչեցնում տրանսգենդեր անձանց նկատմամբ և մնում են անպատիժ։

Ցավոք, Հայաստանում տրանսգենդեր անձինք շարունակում են մնալ ամենօրյա խարանի, խտրականության, բռնությունների,  նսեմացումների ու նվաստացումների թիրախ։

Կոչ ենք անում՝

  • ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։
  • Դիվանագիտական ներկայացուցիչներին, միջազգային ֆինանսավորողներին, որոնք իրենց ռեսուրսները և միջոցներն ուղղում են ՀՀ-ում արադարադատության բարելավմանը և հավասարության հաստատմանը, քայլեր ձեռնարկել կանխելու բռնությունը և խտրականությունը համայնքի անդամների նկատմամբ։

 

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն աչալրջորեն շարունակելու է հետևել դեպքերի զարգացումներին և օգտագործելու է ներպետական ու միջազգային իրավապաշտպան բոլոր մեխանիզմները տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց հավասարության լիարժեք հաստատման համար։

Օգոստոս 26, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին