EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի օգոստոսի 31-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր նոր գրասենյակը բացեց քաղաք Երևանում, որից հետո տարբեր լրատվականներ, ազգայնական խմբեր և ուժեր սկսեցին քննարկել կազմակերպության գործունեությունը առցանց հարթակում։

Կազմակերպության կայքում տեղադրված լրատվությունից օգտվել են Blognews.am, iravunk.com և մի շարք այլ կայքեր, որոնք ատելության խոսքի և կեղծիքի տարածման միջոցով փորձում են վարկաբեկել Լիլիթ Մարտիրոսյանին և իր կողմից հիմնադրած կազմակերպությանը։ Բացի այդ, ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից օգտագործվել են կայքում տեղադրված լուսանկարները, որոնք անպարկեշտ գրառումներով տարածվել են սոցցանցերում, որն էլ օգտատերերի մի զանգվածի մոտ գեներացրել է հասարակական տրամադրություններ, ատելության խոսք։

Սոցիալական մեդիայում տարբեր օգտատերերի կողմից սպանության կոչեր են հնչել տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ, մի շարք ուժեր, մատնանշելով Լիլիթին, ցանկանում են նրան ներքաշել քաղաքական տարբեր քննարկումների մեջ` տարածելով կեղծ և խտրական տեղեկատվություն, որը վտանգում է Լիլիթ Մարտիրոսյանի կյանքը, նրա ազատ տեղաշարժը և ակտիվիստական գործունեությունը, նսեմացնում է նրա բարի համբավը։

Բռնության կոչերը, ատելության հրահրումը, սպանության սպառնալիքները, որոնք հնչում են Լիլիթ Մարտիրոսյանի և այլ տրանս անձանց նկատմամբ, իրական վտանգ են ներկայացնում տրանս համայնքի և տրանս ակտիվիստների կյանքի ու առողջության համար, քանի որ նրանք դառնում են տարբեր ծայրահեղական մոտեցումներ ունեցող անձանց թիրախում, որի ապացույցն է օգոստոս ամսին այդպիսի մոտեցումներով հայտնի Վահե Եղիազարյանի կողմից տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելը, այն ուղիղ եթերով հեռարձակելը և այդ արարքի հրապարակային արդարացումը այլ անձանց ու խմբերի կողմից։

Մենք անթույլատրելի ենք համարում «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի և Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ ատելության սերմանումը, նրա մասին կեղծ և վարկաբեկող լուրերը, որոնք կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Մենք մշտապես առաջնորդվել ենք և առաջնորդվելու ենք մարդու իրավունքների պաշտպանության գերակայության համամարդկային սկզբունքներով։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն շարունակելու է պաշտպանել ԼԳԲՏԻՔ անձանց  իրավունքները, իսկ տարբեր լրատվամիջոցների, կազմակերպությունների և անձանց կողմից ԼԳԲՏԻՔ անձանց թիրախավորումը խախտում է վերջիններիս՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված իրավունքները։

Լիլիթ Մարտիրոսյանը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ ի շահ ԼԳԲՏԻՔ անձանց իրավուքների պաշտպանության, չնայած այն հանգամանքին, որ տարբեր խմբեր փորձում են կեղծ օրակարգերի միջոցով թիրախավորել նրան։

Հոկտեմբեր 02, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին