EN
>

ՀԱՐՑԱԶՐՈՒՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, աշխատելով Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց հետ և նրանց նկատմամբ ՍԿԳԻ հիմքով բռնությունների կանխարգելման ոլորտում, հերթական անգամ արձանագրում է, որ վերոնշյալ խոցելի խմբի նկատմամբ բռնությունները չեն դադարել և մինչ օրս պարբերական բնույթ են կրում։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն Տրանգենդեր անձանց հիշատակի միջազգային օրվան ընդառաջ շարունակում է հարցազրույցների շարքը Տրանսգենդեր անձանց հետ։

Այս անգամ զրուցեցինք երևանաբնակ մի նույնասեռական ուսանողի հետ, ով, իր կյանքի ու առողջության անվտանգությունից ելնելով, չցանկացավ ներկայանալ։ Տասնիննամյա տղան չի հերքում, որ իր նկատմամբ բռնություններ շատ են եղել։ Միշտ հնարավորինս փորձել է կոծկել իր ինքնությունը՝ հաշվի առնելով, որ մինչ Երևանում ապրելը, բնակվել է մարզում։

-Մարզում բնակվելիս դատապարտված էի թաքուն ապրելու, որովհետև եթե փորձեի նույնիսկ ճղած կամ քիպ շալվար հագնել, «քյառթերը» առիթը բաց չէին թողնի կոնֆլիկտ ստեղծելու, հատկապես այն դեպքում, երբ ես հիմնականում չէի շփվում իրենց հետ, – պատմում է երիտասարդը – չնայած իմ նկատմամբ այդքան էլ վատ չէին տրամադրված, որովհետև եղբայրներս ու քեռիս, ոնց ասում են, ինձ մեջք էին կանգնում։ Բոլորը գիտեին, որ ես էսինչ մարդու քրոջ տղան եմ։ Այդ կերպ ես ապահովագրված էի։ Սակայն հետագայում, մինչ կտեղափոխվեի քաղաք, իմ նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները դրսևորվեցին։

Նշեցիք, որ Ձեր նկատմամաբ բոլոր տեսակի բռնությունները շատ են եղել, ու՞մ կողմից էին այդ բռնությունները։

-Ես տանից փախա, որովհետև հարազատներիցս մեկը մյուսներին ասել էր իմ ՍԿԳԻ-ի մասին։ Հիշում եմ, Երևանում էի, մի քանի գործեր ունեի, երբ վերադարձա տուն, առանց որևէ խոսքի, թևիցս բռնեցին ու սկսեցին ծեծել։ Ծեծում էր քեռիս, նրա տղան, մյուս եղբայրներս, մայրս, մի խոսքով, հավաքվել էին մոտ 20 հարազատներով ու բոլորը ստորացման ու ծեծի էին ենթարկում ինձ, այնքան ժամանակ մինչև ուշագնաց եղա։ Այդ ամենը տևեց մի քանի ժամ, մեր տան սենյակներից մեկում, որտեղ ինձ փակի տակ էին պահել։ Մայր ինձ ուշքի բերեց, ես այլևս չէի կարողանում խոսել, նույնիսկ ոտքի վրա կանգնել։ Երբ ինձ հետ փորձում էին խոսել, չէի կարողանում ադեկվատ պատասխան տալ, արդյունքում տղաներից մի քանիսը, դե իհարկե իմ հարազատներից, թքեցին ինձ վրա, կրկին հարվածեցին այն ողջ ընթացքում, երբ ես ընկած էի հատակին։ Նրանց ուզածն այն էր, որ ես ասեի, թե կփոխվեմ ու «տղա կդառնամ, ինձ տղու նման կպահեմ», այնուամենայնիվ չէի կարողանում նույնիսկ խոսալ։ Վերջապես կարողացա ջուր խնդրել ու երբ դուրս եկան ինձ ջուր բերելու, պատուհանից ինձ դուրս նետեցի ու վազեցի, որքան ուժ մնացել էր ոտքերիս մեջ։ Ամբողջ գյուղով ինձ էին փնտրում։ Մղձավանջային օր էր դա ինձ համար։

Միայն ընտանիքի՞ կողմից եք ենթարկվել բռնությունների։

-Ոչ։ Բռնություններ եղել են ոստիկանների ու այլ տղաների կողմից ևս։ Օրինակ, ոստիկանությունում տևական ժամանակ ծաղրում էին շարժուձևս, արտաքին տեսքս։ Բայց սրանք ոչինչ էին ընտանեկան բռնության համեմատ, – շարունակում է մեր զրուցակիցը՝ պատասխանելով իր վրա ունեցած բռնության ազդեցությունների վերաբերյալ մեր հարցին։  – Ընտանիքիս կողմից բռնությունը շատ ազդեց ինձ վրա։ Օրեր շարունակ չէի վերականգնվում։ Ընկերներիցս մեկի տանն էի ապաստարան գտել, որն էլ ինձ աջակցում էր ամեն ինչով։ Մինչև հիմա անհանգստություններ ունեմ ու տագնապներ, որոնք չեմ կարողանում հաղթահարել։ Ինձ աջակցեցին իմ ընկերներն ու նրանցից մի քանիսի ընտանիքի անդամները։ Դիմեցի համայնքահեն կազմակերպություններից մեկին, որի սոցիալական աշխատողը երկար աշխատանք տարավ մայրիկիս հետ, ստացա նաև ֆինանսական աջակցություն, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություններ, որովհետև ի սկզբանե մտադրված էի հաղորդում ներկայացնել ընտանեկան բռնության վերաբերյալ։ Հիմա ամեն ինչ նորմալ է, ես ինձ լավ եմ զգում, ունեմ աշխատանք, ապրում միայնակ։ Ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ։ Հետագայում տեղեկացա նաև «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ու նրանց գործունեության մասին։ Նրանք ևս իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն հարցով աջակցելու ինձ։

Հարցազրույցը խմբագրված է։

Նոյեմբերի 19, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին