EN
>

ՀՀ ԿԵՆՏՐՈՆ և ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶ Ա․ԱՖԱՆԴՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՄԵՐԺԵԼ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ

2019թ.-ի մայիսի 20-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանի Հանրապետութան դատախազությունից ստացավ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական պրն․Ա․ Աֆանդյանի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ա․Ոսկանյանի 16.04.2019 թ-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից ներկայացված բողոքի մերժման մասին որոշումը դրա անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ինչպես որ մեջ է բերվում ՀՀ Դատախազության մերժման մեջ․ «Ինչ վերաբերվում է՝ ըստ բողոքաբերի Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին հնչեցված ատելության , սպառնալիքի և հաշվեհարդարի բազմաթիվ կոչերին, որոնք ըստ վերջինիս Լիլիթ Մարտիրոսյանի մոտ առաջացրել են տագնապի զգացողություն, վախ սեփական կյանքի և առողջության նկատմամբ, ապա հարկ է փաստել, որ Լիլիթ Մարտիրոսյանի սուբյեկտիվ ընկալումը չի արտացոլում օբյեկտիվ իրադրությունը, տվյալ դեպքում օբյեկտիվ իրականությունը հիմք չի տալիս Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին հնչեցված սպառնալիքներն իրական գնահատելու համար, քանզի կոնկրետ դեպքում Լիլիթ Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտությունները առաջ են բերել որոշակի անձանց անհամաձայնությունն ու զայրույթը, ովքեր իրացնելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ոչ թե Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին հնչեցրել են սպանության իրական սպառնալիքներ, այլ այդ կերպ իրենց անհամաձայնություն են արտահայտել, ինչը նույնպես դուրս է քրեաիրավական պաշտպանության տիրույթից»։
Հիշեցնենք, որ 2019 թ․-ի ապրիլի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ տրանսգենդեր անձանց իրավունքներին ուղղված ելույթից հետո ատելության խոսքի ու սպառնալիքների նոր տարափ սկսվեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի, նրա կոլեգաների և ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ, որից հետո Լիլիթ Մարտիրոսյանը 06.04.2019թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին հաղորդում էր ներկայացրել առ այն, որ իր` ՀՀ Ազգային Ժողովում ելույթից հետո «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի առաքիչը համացանցում իր ֆեյսբուքյան էջի միջոցով անօրինական կերպով հրապարակել է իր անձնական տվյալները՝ բնակության հասցեն: Միաժամանակ նույն օրը, Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրեց, որ «Արծիվ 30 Արարատ մահապարտ» խումբ անվանումով անձնակազմի անդամի կողմից ստացել է սպանության և բռնության սպառնալիքներ, որը հրապարակվել է տեսանյութի կենդանի հեռարձակման միջոցով:
Հաշվի չառնելով իրական սպառնալիքների բոլոր ակներև ապացույցները՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի կողմից 16.04.2019թ.-ին կայացվել էր որոշում տրամադրված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որն էլ հաստատվել է ՀՀ դատախազության կողմից։ Այնինչ վերոնշյալ որոշումը կայացվել է քրեադատավարական օրենքի խախտումներով և Լիլիթ Մարտիրոսյանի իրավունքների խախտումները իրականում ենթակա են վերացման։
Այնինչ ինչ վերաբերում է տեսանյութին և սպանության սպառնալիքներին, ապա հետաքննության մարմինը նշել է, որ դրանք իրական չեն եղել և նույնպես հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Որևէ անձի խոշտանգմամբ սպառնալը կարող է համարվել որպես առնվազն անմարդկային վերաբերմունք (տե՛ս Քեմփբելը և Քոզանսն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 26) և «մասնավորապես, ֆիզիկական խոշտանգումից վախն ինքնին կարող է համարվել որպես հոգեկան խոշտանգում։
Այն որակումը, թե արդյոք տվյալ ֆիզիկական խոշտանգման սպառնալիքը համարվում է հոգեկան խոշտանգում, կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կախված է տվյալ գործի հանգամանքներից, այդ թվում, մասնավորապես՝ գործադրված ճնշման ծանրությունից և պատճառած հոգեկան տառապանքի ուժգնությունից» (Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի ([ՄՊ], թիվ 22978/05, ՄԻԵԴ 2010)):
Տեսանյութով և համացանցում առկա ատելության, սպառնալիքի և հաշվեհարդարի բազմաթիվ կոչերը Լիլիթ Մարտիրոսյանի մոտ առաջացրել են տագնապի զգացողություն, վախ սեփական կյանքի և առողջության նկատմամբ, ուստի հետաքննության մարմնի կողմից բավարար ջանքեր չեն գործադրվել, պարզելու, արդյոք տվյալ հանգամանքների ամբողջության մեջ առկա փաստերը վկայում են այդ սպառնալիքների իրական լինելու և դրանք Լիլիթ Մարտիրոսյանի կողմից այդպիսին ընկալելու մասին:
Ինչ վերաբերվում է Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալների տարածման վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշմանը, ըստ որի՝ Լիլիթ Մարտիրոսյանի բնակության հասցեն տեղադրված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում, ապա պետք է փաստել, որ ՀՀ դատախազությունը խեղաթյուրում է փաստերը, քանի որ համացանցում տարածվել է ոչ թե Լիլիթ Մարտիրոսյանի հաշվառման հասցեն, այլ փաստացի բնակության վայրի հասցեն, որը տեղադրված չէ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Պետք է ևս մեկ անգամ նշել, որ սահմանափակված լինելով քրեական գործ հարուցելու 10 օրյա ժամանակահատվածով, հետաքննության մարմինը չէր կարող օբյեկտիվորեն դրան գնահատական տալ, ավելին, ներկայացված փաստական տվյալները առավել քան բավարար էին, որպեսզի հարուցվեր քրեական գործ և արդեն նախաքննության ընթացքում իրականացվեր պատշաճ քննություն:
Տվյալ դեպքում, ամփոփելով, պետք է նշել, որ հետաքննության մարմնի կողմից Լիլիթ Մարտիրոսյանի հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու պարագայում էական վնաս են պատճառվում վերջինիս օրինական շահերին:
Ուստի «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում
1.ՀՀ իրավապահ մարմիններին քննել ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները ՀՀ օրենքների համապատասխան և առանց գենդերային հիմքով խտրական մոտեցման՝ այդպիսով բարելավելով ՀՀ իրավապահ համակարգի արդար և անշահախնդիր աշխատանքը։
2. ՀՀ օրենսդիր մարմնին ընդունելու խտրականությունն ու ատելության կոչերն արգելող օրենսդրություն՝ հինվելով ՀՀ բոլոր քաղաքացիների իրավահավասարության սկզբունքի վրա։
Մայ 29, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին